Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն լցոնումները՝ մարդկանց լցոնումները, որոնք տեղի են ունեցել, եղել են ՀՀԿ-ի հաշվին». Թրանսփարենսի ինթերնեյշընըլ

Հունիս 15,2017 19:45

 Այսօր «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը ԵԽ-ի կազմակերպած «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը եւ հետագա քայլերը»  թեմայով համաժողովի ժամանակ ներկայացրեց իրենց ուսումնասիրության արդյունքները՝ ՀՀ-ում կազմակերպված համապետական վերջին ընտրությունների մասին:

Նա նախ խոսեց ընտրացուցակների մասին՝ ասելով որ ոստիկանությունը պետք է համար մեկ հանձնարարականն ունենա, ցուցակները ստուգի, պատշաճ տեսքի բերի, որ հավելյալ կասկածներ չլինեն:

Բավականին շատ են կրթական եւ առողջապահական հիմնարկների աշխատողների ներգրավումը, ընտրակաշառքի դեպքերը, պաշտոնյաների ներգրավումը քարոզչությանը, շտաբերի աշխատանքներին: Եղել են դեպքեր, երբ քարոզչություն է իրականացվել կրթական հաստատություններում աշխատանքային ժամերին, նաեւ եղել են ճնշումների դեպքեր: Այն հանգամանքը, որ վարչական ռեսուրսի օգտագործումը պատշաճ կարգավորված չէ, անշուշտ, նպաստում է, որ չարաշահումները շարունակվեն: Պատշաճ պատասխանատվություն նախատեսված չի, արձակուրդ գնալը, դժվար է այդ եզրը գտնել, որտեղ են իրենց լիազորությունները իրականացնում, որտեղ՝ քարոզչություն. «Դպրոցների մոնիտորիգնգը շատ լավ ցույց տվեց, որ իրենք աշխատանքային ժամերին նստած՝ ինչ-որ ցուցակներ են կազմում, բայց որքանով են իրենք համարում դա  իրենց իրավասություւններից դուրս՝ հստակեցնելու խնդիր ունի»:

Սոնա Այվազյանը նաեւ նշեց, որ կուսակցությունների ծախսերը ոչ բոլոր դեպքերում են գրանցվում, թափանցիկ չէ եւ վարչական ռեսուրսի չարաշահման համար պարարտ հող կա:

Ինչ վերաբերում է ընտրախախտումներին, Սոնա Այվազյանն ասաց, որ մարդիկ երեւի չեն վստահում իրավապահ մարմիններին ու վստահ չեն, որ այդ ահազանգերն ի վերջո իրենց դեմ շուռ չեն գա. «Որոշ տեղամասերում տեղի է ունեցել բավականին արագ քվեարկություն: Երբ նայում ենք 3 ժամը մեկ ԿԸՀ-ի կողմից հրապարակված պաշտոնական տվյալները, որոշ տեղամասերում բավականին արագ են անցել քվեարկությունները, տեւել են մոտ 50 վայրկյան, իսկ տեղամասում թողունակությունը չի կարող թույլ տալ այդքան արագ քվեարկություն: Մասնավորապես, 438 տեղամասում վերջնական տվյալները, որ հրապարակվել են եւ  արձանագրության տվյալները, որ հրապարակվել են, դրանք տարբերվում են, որոշակի փոփոխություններ են դիտարկվել՝ հայտարարված եւ արձանագրված տվյալների միջեւ: Տեսահեռարձակումը, որը կոչված էր ապահովելու գործընթացի թափանցիկությունը, նաեւ որոշ չափով կանխարգելելու եւ ստուգման հնարավորություն տալու, ըստ էության, բազմաթիվ տեղամասերում պատշաճ չի գործել այդ հեռարձակումը: Դժվար է հետեւել, թե որքանով է դա իրականացվում պատշաճ եւ ընտրախախտումներն ինչպես են տեղի ունենում: Նաեւ հետագա հասանելիությունն էր շատ կարեւոր, որ որոշակի ընտրախախտումներ ուսումնասիրվեին եւ ընթացք տրվեր, սակայն այն հանգամանքը, որ դա իրականացվում էր ոչ պետության պատասխանատվությամբ եւ դրա ձեռքբերումը բավականին մեծ արժեք ունի, դրանք անհասանելի են քաղաքացիների համար: Տեսանկարահանվող նյութերը, ըստ էության, ոչ մի արդյունք չեն տալիս»:

Սոնա Այվազյանն ասաց, որ կան ուղղորդման, բաց քվեարկության դեպքեր, հանձնաժողովի աշխատանքը բավականին ցածր որակ է ունեցել. «Քաղաքացի դիտորդի շրջանակներում ներգրաված 45 դիտորդի նկատմամբ տեղի են ունեցել իրավունքի խախտումներ՝ հանձնաժողովի մասնակցությամբ: Մոտ 1400 արձանագրություններից կեսը լիարժեք լրացված չի եղել, տարրական մաթեմատիկա, երբ մի թիվ պետք է գումարեին մյուսին, ստանային մեկ այլ թիվ՝ չեն կարողացել անել հանձնաժողովում: Կա լուրջ կարողությունների պակաս»:

Սոնա Այվազյանն անդրադարձավ նաեւ կեղծ դիտորդների խնդրին. «Արդյունքների վրա ազդեցություն ունեցել է գործընթացի այդպիսի որակ ունենալը: Մասնավորապես, ՀՀԿ-ն 60 տոկոսի մասնակցության պարագայում ունեցել է 7 տոկոսով ավելի արդյունք: ՀՅԴ-ի տվյալները չեն փոխվել՝ մասնակցության աճին զուգահեռ, իսկ «Ծառուկյան» դաշինքի տվյալները նվազել են: Այսինքն, այն լցոնումները՝ մարդկանց լցոնումները, որոնք տեղի են ունեցել, եղել են ՀՀԿ-ի հաշվին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. araqel says:

    Ինչքան պարապ-սարապ մարդ կա Հայաստանում, որ օդի մեջ քամի անելով լավ էլ ապրում է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930