Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալային ծերանոցի տնօրենն իր թանկարժեք մեքենայի ու պաշտոնի մասին.«Ես էլ եմ մարդ»

Հունիս 16,2017 14:27

Վերջերս մեծ աղմուկ հանած Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանն այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում վստահեցրեց՝ տարեցների տանն իր պաշտոնավարման երեք ամիսների ընթացքում բազմաթիվ բարեփոխումներ է արել: Զուրաբյանն ասաց, որ ինքն ընդամենը մոտ 3 ամիս է, ինչ տնօրենի պաշտոնակատարի շատ մեծ պարտականություններն է ստանձնել.«Կազմակերպել ենք գնումների գործընթացը` դեղորայքների, սանիտարական ապրանքների: Անկողնային մասնաշենքի համար Քուվեյթի պետության ֆինանսավորմամբ նոր մասնաշենք է կառուցվել, մնացել է գույքի ձեռքբերումը:  Պահեստամաս է կառուցվել, քանի որ տեղ չկար սնունդը պահպանելու, սնունդի որակն է բաձրացվել: Ներկա պահին 4 սենյակ է վերանորոգովում` դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ: Կարանտին սենյակ չունեինք, երկու սենյակ է վերանորոգվում այս պահին, Քուվեյթի պետությունը ֆինանսավորել է հարակից տարածքի բարեկարգման եւ լվացքատան վերանորոգման ծախսերը: Կարծում եմ, որ մինչեւ մյուս տարի շատ բաներ փոփոխված կլինեն, ես խոստանում եմ, որ մենք Հայաստանում լինելու ենք իսկապես թիվ 1 տուն-ինտերնատը»:

Հիշեցնենք, որ օրերս «Հայկական ժամանակը» սկանդալային տեսանյութ  հրապարակեց, որտեղ տարեցները դժգոհում էին ինտերնատի պայմաններից, սնունդից, նրանցից ոմանք վստահեցնում էին, որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվում: Բացի այս, տեսանյութում նաեւ ինտերնատի աշխատակիցը վստահեցնում էր, որ տարեցներից շատերը հոգեկան առողջության խնդիրներ ունեն, եւ նրանց տեղը հոգեբուժարանն է, ինտերնատում նրանց համար համապատասխան պայմաններ չկան:

Այս առնչությամբ Զուրաբյանն ասաց, որ տուն-ինտերնատում հոգեբույժ չկա, եւ նա արդեն դիմել է «Նուբարաշենի» հոգեբուժարան, որպեսզի տուն-ինտերնատ գործուղեն հոգեբույժների խումբ, որպեսզի տարեցներին հետազոտեն, եւ մինչեւ այս հետազոտությունը չլինի, իրենք որեւէ հիմք չունեն այդ տարեցներին հոգեբուժարան տեղափոխելու: Հոգեբույժները, սակայն, դեռեւս չեն այցելել տուն-ինտերնատ:  Զուրաբյանը նաեւ ասաց, որ ինքը չի կարող ասել` այդ մարդիկ ունե՞ն հոգեկան առողջության խնդիրներ, թե՝ ոչ, փաստաթղթերում, ինչպես տնօրենն ասաց, ամեն ինչ կարգին է, հոգեկան առողջության վերաբերյալ որեւէ նշում չկա:

Տարեցների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին էլ Զուրաբյանն ասաց՝ նկատել է նման վերաբերմունք աշխատակիցների կողմից, պատիժ է սահմանել, սահմանափակվել է նկատողություն անելով:

Ծեծի մասին տեսանյութում տարեցների հայտարարության վերաբերյալ էլ Զուրաբյանը հերքեց, ասաց.«Տեսանյութի հետ համաձայն չեմ, միակողմանի է, չեմ ուզում տեսանյութի մասին խոսել: Մենք ունենք խնդիրներ, լավ բաներ էլ ունենք: Մեծ մարդիկ են, չի բացառվում, որ կարողանան աշխատակցին հունից հանել, սակայն, դա չեմ ընդունում, պետք է կարողանան հանդուրժել»:

Դիտարկմանը՝ ինչո՞ւ է վստահ, որ ծեծ ու բռնություն չի եղել տուն-ինտերնատում, Զուրաբյանը պատասխանեց, որ իրեն ամեն ինչ զեկուցում են՝ ի՞նչ է եղել ցերեկը, գիշերը.«Դա մեծ ընտանիք է, չի կարող վեճ չլինի: Սովորական փոքր ընտանիքում էլ վեճեր են լինում: Ոնց եք պատկերացնում 250 խնամյալ, 138 աշխաըակից ու վեճ չլինի, ոչ մի միջադեպ չլինի»:

Aravot.am-ի հարցին՝ տարեցները բողոքում են, որ սնունդը շան լափ է, տեսանյութում էլ երեւում է, որ տարեցների համար սնունդը պատրաստվում է հակահիգենիկ պայմաններում, ժանգոտած դույլերում, այս մասո՞վ էլ տեսանյութի հետ համաձայն չէ, Զուրաբյանն այսպես պատասխանեց.«Էլի համաձայն չեմ տեսանյութի հետ, հիմա ձեր տանն էլ, եթե նստեք հաց ուտեք, վերջում եղածը գդալով ճզմեք բրդեք մի կողմ, դա նկարեք գցեք ֆեյսբուք, որ նայեն, կասեն՝ խոզի լափ է»:

Մանրամասն՝ շուտով տեսանյութում:

Իր թանկարժեք ավտոմեքենայի մասին Aravot.am-ի հարցին ի պատասխան էլ Զուրաբյանն ասաց, որ այն այնքան էլ թանկարժեք չէ, ընդամենը 8 հազար դոլարանոց «Կրայսլեր է», որը կարող էր ձեռք բերել երկար տարիներ աշխատելու ընթացքում:

Տեսանյութը` շուտով:

Իսկ թե ի՞նչ աշխատանք է ունեցել Զուրաբյանը մինչ տուն-ինտերնատի տնօրեն նշանակվելը, եւ երիտասարդ կադրի՝ Զուրաբյանի ինչի՞ն էր պետք մտնել նման հոգսի տակ՝ պաշտոնավարել մի դժվար հիմնարկում, ծերանոցում,  Aravot.am-ի այս հարցին ի պատասխան էլ վերջինս այսպես պատասխանեց.«Ես էլ եմ մարդ, ես էլ եմ ցանկանում, որ որեւիցե բան կարգավորած լինեմ: Իմ պատկերացումով, երբ մարդուն վստահում են նմանատիպ հիմնարկ, դա պաշտոն չի, դա պատասխանատվություն է: Դա հեշտ աշխատանք չէ: Ես սիրում եմ բարդություններ ու հաղթահարել այդ բարդությունները»:

Իսկ մինչեւ տուն-ինտերնատի տնօրեն նշանակվելը Զուրաբյանը եղել է «Հանգրվան» ՊՈԱԿ-ի տնօրեն, սրանից առաջ էլ 10 տարի աշխատել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում:

Նկատենք, որ «Հանգրվան» ՊՈԱԿ-ը բավականին լայն լիազորություններ ունի՝ իրականացնում է սոցիալական աջակցության ծրագրերով նախատեսված բնաիրային, վերականգնողական, տեխնիկական միջոցների եւ այլ օժանդակ սարքերի բաշխման ծառայությունների մատչելիության ապահովում, սոցիալական տան կացարաններում բնակվելու իրավունք ունեցող անձանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպում, բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, նրանց սոցիալական խնդիրների լուծմանն աջակցության կազմակերպում, ինչպես նաեւ թույլատրվում է զբաղվել պարենային մթերքների արտադրությամբ եւ վաճառքով, ագարակային տնտեսություն (անասնապահություն, խոզաբուծություն թռչնաբուծություն եւ այլն) եւ դրանից ստացված մթերքների վաճառքով:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. araqel says:

    Իսկ հետաքրքիր է, էտ “ռեպորտաժը” թխած ժուռնալիստի՞ն մեքենան որտեղից:
    Ու նույն հարցը- որտեղից մեքենան Արամ Աբրահամյանին, Նիկոլ Փաշինյանին /ում մեքենան կարծեմ մի անգամ վառել էին/
    Որտեղի՞ց ձեզ ձեր տները, շորերը, ուտելու փողը, տրանսպորտի փողը…

    Որտեղի՞ց

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930