Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստրուկների» բողոքի հետքերով․ ի՞նչ է կատարվում Գյումրու «Գոհար» մանկապարտեզում

Հունիս 16,2017 23:30

Aravot.am-ն անստորագիր նամակ էր ստացել Գյումրու Կայարան թաղամասում գտնվող «Գոհար» մանկապարտեզի կոլեկտիվի անունից, որոնք դժգոհում էին վարիչի՝ Սյուզաննա Հարությունյանի աշխատաոճից ու նրա ստեղծած մթնոլորտից։ Հետաքրքիրն այն է, որ նամակագիրներն իրենց ստրուկներ էին անվանել՝ խնդրելով օգնել ազատվելու ստրկությունից։

Նամակում, մասնավորապես գրված էր․«Աշխատում ենք ստրկորեն առավոտյան 8․30-ից մինչև 17․00-ն։ Չենք կարողանում հինգ րոպե հանգիստ ունենալ, հաց ուտել, նույնիսկ մեկ բաժակ սուրճն արգելված է, եթե սուրճն էլ կարողանանք խմել, խմում ենք ահ ու դողով, որովհետև, եթե տեսնի ձերդ գերազանցություն›› տիկին տնօրենը, մեր հացը ցամաք կուտենք: Սպառնալով մեզ՝ բղավում է աշխատանքից ազատել, վիրավորում է մեզ ամենավերջին բառերով»:

Մթնոլորտի նման նկարագրությունից հետո բողոքավորները նաև նշել էին աշխատուժի շահագործման մասին։ «Դաստիարակների օգնականները կատարում են մի քանի հաստիքի պարտականություն՝ սկսած միջանցքի հավաքարարի գործից, բայց այդ հաստիքի տակ գրանցված է մեկ ուրիշը»,-գրված էր նամակում։ Այնտեղ անդրադարձ կա վարիչի որդուն ու ամուսնուն:

«Ստորագրելով ամենօրյա հաճախման գիրքը (табель)՝ այնտեղ տեսնում ենք նրա որդու անունը՝ Հարություն Պողոսյանի: Մանկապարտեզում կա նաև երկրորդ տնօրեն՝ ամենակարող Անդրանիկ Պողոսյանը, որը մտնելով մանկապարտեզ, հրահանգներ է տալիս բոլոր կանանց՝ կարծելով թե մտնում է կանանց գաղութ: Բղավելով միջանցքներում՝ սպառնում է, որ կնոջս (Սյուզանին) կասեմ ձեզ բոլորիդ կկրճատի, նոր գեղեցիկ կադրեր կընդունի, որոնք լավ կկատարեն հրահանգները: Իսկ տիկինը սպառնում է, որ հոկտեմբեր ամսին մեզ հետ պայմանագիր չի կնքի: Նույնիսկ, եթե ուզում ենք վարկ վերցնել բանկից, մեր պայմանագրի ժամկետը թույլ չի տալիս, որովհետև մեկ տարով ենք կնքում մեր պայմանագիրը, իսկ օրենսգրքի մեջ գրված է, որ եթե աշխատակիցն ունի 5-ից ավելի տարվա աշխատանքային փորձ, ուրեմն անժամկետ պիտի լինի պայմանագիրը»-գրված է նամակում։ Նամակագիրները նաև դժգոհել էին, որ բազմիցս դիմել են Գյումրու քաղաքապետարան, սակայն ոչ մի արդյունքի չեն հասել, ընդհակառակը իրենց վիճակը գնալով ավելի է ծանրացել։ «Դրանից հետո տիկինը բղավում է, որ քաղաքապետարանն էլ եմ ես, գլխավոր դատախազն էլ եմ ես, քննիչն էլ եմ ես… Ոչ ոք չի կարող ինձ բան ասել, նույնիսկ ծաղրելով վիրավորում է լրատվությանը: Նույնիսկ օրենք չխախտելու դեպքում ստանում ենք նկատողություն, և այդ նկարագրությունը փակցվում է ի ցույց ծնողների՝ խայտառակելով մեր երկար տարիների աշխատանքային փորձը» :

Նրանք նաև դժգոհում էին, որ վարիչը նսեմացնում է իրենց երեխաների ծնողների մոտ, վիրավորում ամենավերջին բառերով։ «Նա չի սիրում, որ մեր կոլեկտիվում տիրի համերաշխություն: Եթե իմանա, որ մենք մի քանի հոգով իրար հետ համերաշխ ենք, հրահրում է միմյանց դեմ: Նա նույնիսկ վիճաբանում է ծնողների հետ, ծնողին վիրավորում է վերջին ստորացուցիչ բառերով, երեխային դուրս գրում մանկապարտեզից, հետո ընդունում և ծնողին հրահրում աշխատողների դեմ: Եթե տեսնեք նրա համակարգչի պայուսակը, ապա կտեսնեք երեխաներին պատկանող սնունդը: Նա պատրաստ է ընդառաջելու միայն այն աշխատողներին, ովքեր նրա աչքերն ու ականջներն են մանկապարտեզում, ովքեր սուտ ու սխալ տեղեկատվություններ են տալիս իրեն, որպեսզի իրենց զերծ պահեն ստորացումից: Նրա համար կան երկու դասի մարդիկ՝ ճորտեր և ստրուկներ: Խնդրում ենք օգնել «ստրուկներին»,-եզրափակել էին նամակագիրները։

Երեկ մենք եղանք «Գոհար» ՀՈԱԿ-ում՝ այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալով վարիչ Սյուզաննա Հարությունյանից։ Նշենք, որ մեր զրույցը բավական երկար է ստացվել, մի հատվածը ներկայացնում ենք ստորև։

-Տիկին Հարությունյան, ձեր կոլեկտիվի անունից մեր խմբագրությանը հասցեագրված անանուն նամակում նշվում է, որ աշխատակիցներին բաժանում եք ճորտերի և ստրուկների, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

-Նախ ուրախ եմ, որ փորձում եք պարզաբանել, միակողմանի չեք լուսաբանում։ Ընդհանրապես միակողմանի որոշում կայացնելը ճիշտ չէ այս կյանքում։ Կոլեկտիվում էլ, եթե հարցեր են լինում, կոլեկտիվը մի ընտանիք է, հատկապես մանկապարտեզն, իրոք, ընտանիք է։ Մեր համակարգում ընդունված է ասել՝ մանկապարտեզի տնօրենն՝ անկախ տարիքից, կոլեկտիվի մայրը պետք է լինի, մայրական վերաբերմունք պետք է ունենա, քանի որ մեր աշխատանքի հիմնական խնդիրը երեխաների կյանքի, առողջության և հետո նոր դաստիարակության ու կրթելու գործն է։ Ելնելով այս ամենից՝ մանկապարտեզում պետք է լինի այնպիսի մթնոլորտ, ինչպես եկեղեցում է՝ լռություն, համերաշխություն, որովհետև երեխաները սպունգի նման կլանում են ամեն բան։ Անգամ խոհարարները գիտեն և ինձ մոտ ընդունված թեզ է, կարգ է, որ ճաշը եփելիս պետք չէ նյարդային ապրումներով պատրաստել, հեղուկն ընկալում է վատ էներգիան, որը տալիս է երեխաներին։ Պետք է պատրաստել սիրով, եթե զրուցեք մեր աշխատակիցների, խոհարարների հետ, իրենց կես կատակ-կես լուրջ ասում եմ ՝ էսօր ջղայնացած ես, ճաշը դու մի պատրաստի, որովհետեւ դա կանցնի երեխաներին։ Որպեսզի երեխաները մեծանան առողջ, լավ մթնոլորտում, դրա պատասխանատվությունն առաջինը իմ վրա է դրված և հետո բոլոր աշխատակիցների՝ սկսած տնօրենից մինչև հավաքարարը։ Մեծ պատասխանատվություն է, յուրաքանչյուրն իր երեխային, իր սրբությունը, իր գանձը բերում է մանկապարտեզ և պիտի վստահ լինի, որ երեխան մանկապարտեզից կտանի դրականը։ Բացի կրթվելուց, պիտի լինի ֆիզիկապես առողջ, կրթվի լավ, սնվի լավ՝ վարձավճարին համապատասխան։

-Դուք խոսում եք համերաշխ մթնոլորտից, սակայն նամակագիրներն այլ բան են փաստում, ո՞րն է պատճառը, որ մարդն իրեն ստրուկ է զգում ու նման բովանդակությամբ նամակ է հղում, միգուցե չափազանց խի՞ստ եք կամ գուցե այլ պատճառ կա՞ ․․․

– Մանկապարտեզում ընդհանրապես, երբ տնօրեն է փոխվում, իսկ ես արդեն 5-րդ տարին է՝ աշխատում եմ, անցումային շրջանում միշտ համեմատականներ են տարվում նախորդ և եկող տնօրենների վերաբերյալ։ Ես շատ բարդ ժառանգություն ստացա, դուք գիտեք, որ այս մանկապարտեզում աշխատակիցներն իրենց աշխատավարձը չէին ստանում (հիշեցնենք, որ քրեական գործ հարուցվեց նախկին տնօրեն Գոհար Չիլինգարյանի նկատմամբ՝ գումարի հափշտակություն կատարելու մեղադրանքով Ա․Ն․)։ Իհարկե, օրենքի կետով և այլն բոլորը հարցերը պարզվեցին, Փառք Աստծո, և ես փորձեցի չկրկնել նախորդի սխալները, աշխատեցի կոլեկտիվի հետ այնպես, որ մարդիկ կարողանան իրենց աշխատանքից հաճույք զգալ և ճիշտ կատարել, որովհետև շատ բարդ գործ է երեխայի դաստիարակությունը։ Այս ամենից ելնելով՝ պիտի աշխատես կանոնադրության համաձայն, չի թույլատրվում և չի կարելի էմոցիաներով, անձական ամբիցիաներով աշխատել, դա շատ արագ է նկատվում կոլեկտիվում։ Ես արել եմ այն, ինչն իմ ֆունկցիոնալ պարտականությունների մեջ է, շարունակելու եմ այդպես անել՝ անկախ որևէ անանուն նամակից։ Դուր գա, թե չգա՝ ես պիտի պահանջեմ, որ երեխային չծեծեն, պիտի պահանջեմ, որ երեխային օգնեն սնվելու, եթե տարիքային առանձնահատկությունն էդպես է պահանջում՝ կրտսեր առաջին, երկրորդ խմբի։ Տարիներ առաջ ես նկատողություն եմ տվել դայակին, դաստիարակին այն բանի համար, որ 11 բուտերբրոդները տեսել եմ սեղանի վրա՝ երեխային չկերակրած։ Եթե դա խստապահանջություն, խստաբարո վարքագիծ է դիտվում, ո՛չ, դա երեխայի շահերի պաշտպանություն է։

– Դուք ասում եք, չի կարելի աշխատել էմոցիաներով, ձեր բառերն են կրկնում, բայց ինչպե՞ս է, որ նամակագիր-աշխատակիցները բողոքում են իրենց հանդեպ ձեր զգացմունքային վերաբերմունքից նամակում նշված է, որ վիրավորում եք իրենց։

– Բնույթով ես այնպիսի մարդ եմ, որ սիրում եմ, երբ ինձ հարգում են, ես նմանապես եմ վերաբերում յուրաքանչյուր անձի։ Չունեմ մեծամտություն, չունեմ կայացման խնդիր, ինչ-որ մեկի վրա գոռալով, ինչ-որ մեկին նվաստացնելով, ո՛չ տարիքս, ո՛չ դաստիարակությունս, կրթությունս կամ աշխատածս վայրերը ինձ նման խնդրի առաջ չեն կանգնեցնում։ Սովորաբար նման բաներով զբաղվում են ինքնակայացման խնդիր ունեցող մարդիկ։ Ես համարում եմ, որ այդպիսի մարդ չեմ և, բնականաբար, նամակը վերից վայր սուտ եմ համարում, հերյուրանք եմ համարում։ Ես ունեմ չկամ, անկամորդ մարդիկ, նրանց մոտ իմ աշխատանքը նախանձի տեղիք է տալիս։ Շատ մանկապարտեզներ խնդիր ունեն երեխաների, ես ձեզ կարող եմ ցույց տալ այն դիմումները, այն հերթագրումները, որ իմ մոտ կան։ Բնականաբար, իմ գեղեցիկ դեմքի ու աչքերի համար չէ այս բոլորը։

Ընդամենը 25 մետր հեռավորության վրա գտնվող մանկապարտեզներ չեն տանում երեխաներին, գերադասում են հերթագրվել մեզ մոտ։ Եթե իմ խստապահանջությունը չլիներ, եթե չհետևեմ երեխաների լավ դաստիարակությանը, նման ցուցանիշ չէր լինի։ Ես այդ նամակը, կներեք արտահայտությանս, ստորություն եմ գնահատում, որովհետև սա չեմ ընդունում ուղղված իմ անձի դեմ, այլ ամբողջ կոլեկտիվի աշխատանքի դեմ։ Կան վիրավորած մարդիկ, որոնք չեն աշխատում՝ ելնելով տարիքից և այլ պայմաններից, որոնք իրենց դիմումի համաձայն գնացել են, բայց շատ վիրավորված են գնում՝ չգիտես ինչու։ Լինում է, աշխատանք է, ամեն բան պատահում է։ Ես ենթադրում են, որ նման մարդիկ, որոնք չարակամ եմ իմ աշխատանքի, իմ հաջողությունների նկատմամբ, փորձում են այս ձևով մանկապարտեզին անընդհատ պահել վատ առումով ուշադրության կենտրոնում։

-Նամակում նշվում էր, որ դայակի օգնականներին հարկադրում եք զբաղվել հավաքարարի աշխատանքով, ինչո՞ւ, մի՞թե չկան հավաքարարներ։

– Յուրաքանչյուր մարդու անձնական գործի, թղթապանակի մեջ գրված, դրված է ֆունկցիոնալ պարտականությունները, որոնք դուրս են գրված կրթության մասին օրենքից, տնօրենի ուղեցույցում հստակ գրված է՝ ով ինչ պարտականություն ունի։ Ես ունեմ հաստիքացուցակ, որը փակցված է տեսանելի վայրում, հաստիքացուցակի մեջ նշված են բոլոր աշխատակիցների պաշտոնները՝ դրույքաչափերով, հեռախոսահամարներն են նշված բոլորի։ Ցանկացած կազմակերպություն կամ լրատվամիջոց, որոնք հետաքրքրվում են, թե ինչ հաստիքներ կան մանկապարտեզում, ովքեր են աշխատում, համապատասխանո՞ւմ է արդյոք իրենց աշխատանքն իրենց կրթական ցենզին, կամ ի՞նչ ֆունկցիոնալ պարտականություն են կատարում, ելնելով իրավիճակներից՝ ես դուրս եմ գրել, տպել եմ այդ գրքից, օրինակ՝ դաստիարակի օգնականի ֆունկցիոնալ պարտականությունները։ Իրենք ծանոթացել են երկու օրինակին, ստորագրել են տակը, ծանոթ են, որ իրենք կատարելու են այդ ծավալի աշխատանքը, և ամեն մարդ կատարում է իր աշխատանքը։ Ունենք կես դրույքաչափով հավաքարարի մի հաստիք, բակի հավաքարարի հաստիք։

Քանի որ կան ֆինանսական խնդիրներ, օրենքով թույլատրելի կարգով, օրենքով արգելանք չկա, արդեն 4 տարի ֆիզարձակուրդում գտնվողի փոխարեն աշխատում է իմ քեռակինը։ Օրենքով դա արգելված չէ, հակառակ դեպքում ես դա չէի անի, ընդունել եմ մարդուն աշխատանքի, գալիս է, իր աշխատանքը կատարում է՝ ի ցույց բոլորի։ Բոլորը տեսնում են, որ ինքը հագնում է իր խալաթը, մաքրում է բակը։ Վերջերս օժանդակ բանվորն ազատվել է աշխատանքից արտագնա աշխատանքի գնալու պատճառով, իմ ուսանող որդին է աշխատում։ Գիտեմ, որ նամակում նաև այս մասին կա։ Օրենքով թույլատրվում է, գիտեք, որ ուսանողներն այսօր շատ խնդիրներ ունեն․ մեկը մատուցող է աշխատում, մյուսը՝ ինչ-որ կարողանում է աշխատել, նորից 0,5 դրույքաչափով ժամերը հարմարեցված են, որ Շիրակի համալսարանում սովորող տղաս աշխատում է, որպեսզի օգնություն լինի տղայիս, քանի որ ինքը միշտ կատարել է այստեղ աշխատանքեր, միշտ օգնել և էդ բանվորի տեղն էլ է աշխատել, ծառերն էլ է էտել՝ օգնելով իր ծնողին։ Քանի որ տղամարդ չկա կոլեկտիվում, միայն պահակն է, որ մյուս ամիս ազատվելու է, քանի որ անվտանգության սարքեր ենք տեղադրելու, և այդ հաստիքը կրճատվելու է, բնականաբար, պետք է լինի մի տղամարդ, որը 27 հոգանոց կոլեկտիվի մեջ աշխատանքը կատարի և օգնի։

Տղաս միշտ օգնել է, դիմել է, խնդրել է՝ մամա, կլինի՞, որ ես աշխատեմ բանվոր, ճշտել եմ աշխատանքային տեսչության, վերադասի հետ, ասել են՝ թույլ է տրվում, որպես ուսանողի ընդունենք, չընդունենք որպես իմ որդի, ցանկացածի որդին էլ, եթե լիներ․․․Նախապես կոլեկտիվի անդամներին ասել եմ՝ ձեր ամուսինները կամ որդիները, ո՞վ կգա կես դրույքաչափով աշխատելու մեզ մոտ օժանդակ բանվոր։ Օժանդակ բանվորն էլ ապրանք է ստանում, տեղադրում է պահեստում, պետք է լինում պահարան տեղափոխել, տեղափոխում է, աղբն է դուրս բերում։ Երիտասարդ տղա, չի զլանում բակը մաքրած հավաքարարի հավաքած աղբը տանի, հեռու տեղ թափի։

-Ձեր որդին գրանցված աշխատող է , իսկ ձեր ամուսնու պահով ինչ կասե՞ք, նա ի՞նչ գործ ունի մանկապարտեզում, ինչո՞ւ է հրահանգներ տալիս, ինչպես որ նշվում է նամակում։

– Ամուսնուս պահով ինչ-որ շեշտադրումներ են կատարվում, ինչ-որ մեկին շատ հուզում է, թե ես ում կինն եմ։ Ինչ-որ մեկի կինը պիտի՞ լինեի, ում կինն էլ լինեի, ով էլ լիներ իմ ամուսինը, զինվորական լիներ, գեներալ լիներ կամ շարքային մեկը լիներ, բոլոր մանկապարտեզներում էլ բոլոր տնօրենների ամուսինները, եթե հարց է լինում օգնելու, օգնում են, միայն ինձ չեն օգնում։ Նա աշխատում է, չունի ազատ ժամ, որ գա, մտնի մանկապարտեզ, որևէ մեկի կնոջը թույլ տա հրահանգ տալ։ Նամակում նույնիսկ վատ ակնարկներ կարդացիք, որ գեղեցիկ կանայք ընդունելու ակնարկ է արել ամուսինս։ Միայն այլասերված ուղեղ ունեցող մարդիկ կարող են նման մեկնաբանություն տալ, այդտեղ անանուն նամակ գրողի էությունը նկատեցի, որ մարդիկ կարող են ամեն բան իրենց ուղեղով անցկացնել և անհարմար է, դա վերագրում են մանկապարտեզին։

Անհարմար է, որ վերագրում են հերոս մարդուն, որը վիրավորվելուց հետո ձեռնափայտով անգամ կռիվ է գնացել, որ այսօր խաղաղ արարեն մարդիկ, աշխատեն, որ թուրքի հարճեր չդառնան։ Բայց երևում է շատերին ավելի ցանկալի կլիներ թուրք հարճ լինեին, տեսքերի համար նկարագրողներին ի նկատի ունեմ, չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց ես հպարտ եմ, որ Պողոսյան Անդրանիկի (խոսքը ուժային կառույցներում տարբեր պաշտոններ զբաղեցրած, Արցախյան պատերազմին մասնակցած Անդրանիկ Պողոսյանի մասին է) կինն եմ, հերոս մարդու կին եմ, որը դաստիարակում է լավ երեխաներ։ Եվ իր հայրենասիրությունն անցել է ինձ, միջոցառումներում էլ է դա արտացոլվում։

Անանուն նամակ գրող մարդը կեղծ մարդ է, ուրեմն նախանձ է զգում կայացած լավ ընտանիքի համար, իմ դաստիարակած որդու համար, որը մտնում է կոլեկտիվ, բոլորը սիրում են իրենց երեխայի նման։ Թե ինչքան համեստ, շնորհքով, ամեն երիտասարդ տղա չէ, որ ծնողին օգնելու համար, աղբը մեծ պարկով կտանի, կթափի։ Դա իր գործն է, վարձատրվում է, բայց նա եկավ, աշխատեց այդ աշխատանքին, որպեսզի ծնողին նեցուկ լինի։ Մենք չունենք բիզնեսներ, չունենք ֆինանսներ, ապրում ենք աշխատավարձով, այն էլ ոչ շատ բարձր։

Մենք մանկապարտեզի տնօրենի հետ զրուցեցինք նաև աշխատակիցներին նկատողություն տալու և ի ցույց ծնողների՝ պատին փակցնելու, մեկ գավաթ սուրճ խմելու հնարավորություն չտալու, ինչպես նաև մեկ տարվա աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։ Վերջինս հավաստիացրեց, որ նկատողություններ հաճախակի չի տալիս, սակայն եղել են դեպքեր, երբ խփել են երեխային, ինքը տվյալ աշխատակցից բացատրություն է պահանջել՝ գրավոր տեսքով ու կարգապահական տույժի ենթարկել։ Նրա մեկնաբանմամբ, նկատողություն տալու իմաստն այն չէ, որ այն գրվի ու դրվի փաստաթղթերում, մարդը տույժի ենթարկվելով՝ պիտի հասկանա, որ սխալ է արել ու պիտի սխալը ուղղի, հետևաբար և այն երեք օր փակցնում են տեսանելի վայրում։ Ըստ տիկնոջ, թեև մարդիկ նեղվում են դրանից, սակայն տույժ ստանալուց առաջ պիտի մտածեին՝ իրավունք ունե՞ն խփելու երեխային, բայցի այդ, Սյուզաննա Հարությունյանի պնդմամբ, նկատողությունը փակցնելը նախատեսված է օրենքով։ Սյուզաննա Հարությունյանի ասելով, եթե աշխատողը խփել է երեխային ու ծնողն ականատես է դարձել, տնօրինության տված նկատողությունը տեսնելով՝ նա ավելի վստահությամբ է լցվում, մտածում է՝ կա մարդ, որը պաշտպանում է իր երեխայի շահերը։

Սուրճ խմելու հետ կապված տնօրենը պարզաբանեց, որ երեխաները կայտառ են, աշխույժ, կարող են շարժման ընթացքում մեկը մյուսին ակամա ցավ պատճառել, հետևաբար և պետք է միշտ ուշադիր ու զգաստ լինել։ Տնօրենի մեկնաբանմամբ, քնած երեխային էլ, ըստ ֆունկցիոնալ պարտականության, դաստիարակը պիտի հսկի, հետևաբար և ինքը չի կարող զբաղվել սուրճ խմելով կամ մանկապարտեզում առևտուր անելով։ Մանկապարտեզում «աչք ու ականջ» ունենալու հետ կապված ասաց, որ ինքն այնքան լավ տեսողություն ու լսողություն ունի, որ նման ստոր մեթոդների երբեք չի դիմի։

Համակարգչի պայուսակով երեխաներին հասանելիք սնունդը տուն տանելու մեղադրանքին ի պատասխան՝ տնօրենը նշում է, որ մանկապարտեզում շատ երեխաներ ունենալու գրավականը լավ սնունդ տալն է։ Իսկ գողանալու դեպքում, ըստ տնօրենի, հաստատ երեխաներին այդքան լավ չեն կերակրի։ Նա այս ամենը զրպարտանք ու իրեն սևացնելու փորձ է որակում՝ նշելով, թե փոքրիկ նոթբուքի պայուսակում համակարգիչը հազիվ է տեղավորվում։ Տիկնոջ մեկնաբանմամբ, եթե աշխատակիցները համոզված լինեին, որ նման բան կա, այդ մասին ոչ թե լրագրողներին նամակ կգրեին, այլ միանգամից ոստիկանությանը, քննչականին ու դատախազությանը։

Պայմանագրերը մեկ տարի ժամկետով կնքելն էլ տնօրենը բացատրում է նրանով, որ ամեն տարի փոխվում է երեխանի թիվը ու դժվար է գուշակել, թե տարվա կտրվածքով երեխաների թիվը կավելանա, թե կնվազի։ Ըստ նրա, օրենքը չի արգելում բոլոր աշխատակիցների հետ կքնել մեկ տարվա պայմանագիր։ Սյուզաննա Հարությունյանի մեկնաբանմամբ, մեկ տարվա պայմանագիրը լարվածություն չի առաջացնում, վարկեր վերցնելու խնդիր ևս չի առաջացել, իրենք ՎՏԲ բանկի հաճախորդ են, իսկ կառավարիչը վարկեր տրամադրելիս մեկ տարվա պայմանագիրը հաշվի չի առնում։

Տիկինը նամակ գրողներին որակեց որպես բազմավաստակ փորձ ունեցողների, որոնք պարապությունից զրպարտելով են զբաղվում։

Հ․Գ․ Նշենք, որ թեև մենք շրջայց կատարեցինք մանկապարտեզում, սակայն դժվար է մեկանգամյա այցով բնութագրել այնտեղ տիրող մթնոլորտը․ արտաքուստ ամեն ինչ հանգիստ էր թվում, դեմերես բողոքավորներ չկային․․․ Այդուհանդերձ, կարծում ենք, որ նման բովանդակությամբ նամակը, թեկուզև անանուն, անհապաղ ուսումնասիրման թեմա պիտի դառնա Գյումրու քաղաքապետարանի կողմից, քանի որ խոսքն այնպիսի կառույցի մասին է, որտեղ ապագա սերունդ է դաստիարակվում։

Նունե ԱՐԵՎՇԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Սերո says:

    էս հիմա էլ սրանց ձեռքն է Գյումրին կրակն ընկել, անցյալը օրը սրանց տղան չէր կռվի հերոսը? Ժամանակին էլ դրա ամուսինը չէ?ր , որ լուսազուրկ տարիներին մտնում էր էլցանց ու ահ տալիս, աշխատողներին , թե որ թաղը պետք է լույս ունենա.Կրակն է ընկել սրանց ու սրանց նմանների ձեռքը Գյումրին?:

    • Anahit Demirchyan says:

      Հարգելիներս զարմանում եմ, թե այս ինչքան ենք չարացել, ծանր երկրաշարժից հետո կորցրել ենք մեր Լենինականցու հպարտ ու բայրացակամ հոգին, տիկին Սյուզաննան իր աշխատանքային ողջ կյանքում երբեք չի դադարել լինել բարեհամբույր և բացառիկ դաստիարակված կին և մանկավարժ: Զարմանալի է, որ այս մեր զինվոր բալիկների դարդով և ցավով ապրելու փոխարեն՝ ի դեպ նրա որդին էլ է զինվոր, ընկել ենք ճղճիմ բամբասանքների ու բանսարկուների կրակին փայտ դնելու գործը թեժացնելու հետևից: Բոլորն էլ գիտեն, թե ինչ ծանր ժառանգություն բաժին հասավ այդ մակապարտեզը տիկին Սյուզանին, թերթերն ու լրատվությունը լուսաբանում էին, հիմա էլ նույն բանսարկուները նրան են փորձում սևացնել, անհարմար է, Լենինականցուն վայել չէ, էժան ճանապարհ են ընտրել, քնզի արդեն հոգնել ենք նման զրպարտություններից, հավատացեք արդեն չեն էլ հավատում, համոզված եմ լրիվ բարբաջանք է: Իսկ ինչ վերաբերվում է աշխատանքի ժամանակ սուրճ խմելուն, ազատ ժամանակ ոչ աշխատանքային գործերով զբաղվելուն, հիմա բոլոր հինարկներում էլ խիստ ռեժիմ է սահմանված, քանզի կոնկրետ Գյումրիուն աշխատատեղը քիչ է գործազուրկները շատ, թող յուրաքանչյուրը ինքը պահպանի իր աշխատանքը բարեխիղճ գործով, որովհետև գործունեն մանուկների հետ, իսկ տիկին Սյուզաննային մենք վստահել ենք, վստահում ենք և շարունակելու ենք վստահել մեր երեխաների դաստիարակությունը: Մենք ՝ ծնողներս խնդրում ենք դադարեցնել նման հարգարճան մանկավարժներին վարկաբեկելու տհաջ երևույթը:

  2. Անահիտ says:

    Բարև Ձեզ հարգելի խմբագրություն
    Այդ երբվանից է, որ Ձեր խմբագրությունը ուշադրություն է դարձնում անստորագիր նամակներին… Գիտեք, ցավոք սրտի, ներկայումս ձևավորվում է հասարակության մի այնպիսի շերտ, որ ամեն ինչից դժգոհ է, աշխատում է իր շուրջն ամեն ինչի վրա ցեխ շպրտել, զրպարտել, չաշխատել … Մինչև երբ… ՞Անստորագիրները՞ գուցե մտածեն, որ անստորագիր նամակներ գրելու փոխարեն սկսեն նորմալ աշխատել: Առավոտյան ժամը 8:30-ից 17:00-ը աշխատելը ստրկություն է???
    Շատ ամոթ է.

  3. Zaruhi says:

    Ժողովուրդ վերջապես յուրաքանչյուրդ կարող եք զբաղվել ձեր գործորով, զերծ մնալ վատաբանելուց, որտեղ կա խստություն այնտեղ կարգ ու կանոն մի ուրացեք ձեր կերած հացը

  4. Արթուր says:

    Կասեմ կարճ ետե այդ սուդասան անձնավորությունը հիմկ ունենար արդեն վաղու ոստիկանու թյուն դիմաց կլիներ հիմքերն էլ կներկայացնեին

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930