«Օրբելյանը ժյուրիի աշխատանքները ղեկավարել է անվախ ու քաջ»

«Օրբելյանը ժյուրիի աշխատանքները ղեկավարել է անվախ ու քաջ»

Անդրադարձ Խաչատրյանական մրցույթին

2013թ. մայիսի 9-12-ը Թել Ավիվում անցկացվող Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC, հիմնադրվել է 1957 թվականին) 57-րդ գլխավոր վեհաժողովում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը դարձավ այս հեղինակավոր երաժշտական ընտանիքի անդամ: WFIMC-ի անդամ են նաև այնպիսի աշխարհահռչակ մրցույթներ, ինչպիսիք են Չայկովսկու, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան, Մոնրեալի երաժշտական միջազգային մրցույթները։ Այսօր համաշխարհային այս ֆեդերացիային անդամակցում են աշխարհի առաջատար 120 երաժշտական մրցույթներ։ WFIMC-ի նպատակն է բացահայտել խոստումնալից և տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը դարձել է Հայաստանի այցեքարտը դասական երաժշտության աշխարհում։ Այն մեծ հեղինակություն է վայելում աշխահում և տարեցտարի ավելի լուրջ մրցակցություն է ունենում բավականին հայտնի միջազգային մրցույթների հետ:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 14-ին կայացավ Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի մրցանակաբաշխությունն ու դափնեկիրների գալա համերգը: Առաջին անգամ վոկալ անվանակարգում անցկացվող մրցույթը աչքի ընկավ ժյուրիի ներկայացուցչական կազմով՝ «Մետրոպոլիտեն» օպերայի երաժշտական ադմինիստրացիայի ղեկավար եւ գլխավոր տնօրենի տեղակալ, պրոդյուսեր Ջոն Ֆիշեր (Մեծ Բրիտանիա), Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի խորհրդի անդամ Ռիչարդ Ռոձինսկի (ԱՄՆ), Մեծ Բրիտանիայի «Ասկոնաս Հոլթ» արվեստի կառավարումն իրականացնող համաշխարհային առաջատար գործակալություններից մեկի կառավարման անդամ, ներկայումս աշխարհահռչակ երաժիշտների, այդ թվում՝ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի անձնական մենեջեր Մարկ Հիլդրյու, «Բալթյան երաժշտական համերգաշրջաններ» փառատոնի գեղարվեստական ղեկավար, Ռիգայի օպերային փառատոնի հիմնադիր Անդրեյս Ժագարս (Լատվիա), միջազգային ասպարեզում ճանաչված նյույորքաբնակ դիրիժոր Ջորջ Պարոդի, աշխարհահռչակ սոպրանո Իզաբել Բայրաքդարյան (Կանադա), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան: Ժյուրիի նախագահն էր հայտնի Opera News հանդեսի բնորոշմամբ՝ «ցանկացած երգչի երազանքների դիրիժոր», ՌԴ վաստակավոր արտիստ, Երեւանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանը: Ի դեպ, հենց նրա հրավերով են ժյուրիի աշխատանքներին մասնակցել թվարկված ճանաչված արվեստագետները:

Ժյուրիի կազմը

Խաչատրյանական մրցույթի առիթով կարող էինք հարցազրույց խնդրել մաեստրո Օրբելյանից, ինչին չդիմեցինք՝ տեղյակ լինելով արտերկրի կոլեգաների հետ նրա հանդիպումներից՝ կապված ոչ միայն մրցույթի, այլեւ օպերայի թատրոնի ստեղծագործական աշխատանքների հետ: Վերջին շրջանում Կոնստանտին Օրբելյանը մասնակցել է «Մետրոպոլիտեն» օպերայի 50-ամյակին նվիրված հանդիսությանը, հանդիպումներ է ունեցել Ստանիսլավսկի եւ Նեմիրովիչ Դանչենկոյի, Մեծ թատրոնի, Կոլոբովի անվան «Նոր օպերա» թատրոնների ղեկավարների հետ, բալետային նոր բեմադրության առիթով բանակցել անվանի խորեոգրաֆ Յուրի Գրիգորովիչի հետ …Ադմինիստրատիվ այս գործունեությունը զուգահեռել է հանրահայտ բաս Դմիտրի Խվորոստովսկու հետ Կրասնոյարսկում ունեցած համերգով, Վիլնյուսում իրականացրել է ձայնագրություններ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի հետ եւ այլն:

Ինչ վերաբերում է Խաչատրյանական մրցույթին, հայտնենք, որ առաջին մրցանակի արժանացավ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի ուսանող Ջուլիետա Ալեքսանյանը (պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարան), երկրորդ մրցանակի՝ ղազախ բարիտոն Ազամատ Ժելտիրգուզովը, երրորդին՝ Երեւանի կոնսերվատորիայի ուսանող, բարիտոն Գագիկ Վարդանյանը (դասախոս Նարինե Թովմասյան):

Ջուլիետա Ալեքսանյան

Ազամատ Ժելտիրգուզով

Գագիկ Վարդանյանը

Ի դեպ, ղազախ երգիչն անցյալ տարի ավարտել է Երեւանի կոնսերվատորիայի մագիստրատուրան՝ Սուսաննա Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Ազամատ Ժելտիրգուզովը հատկապես Կոմիտասի «Հայաստան» երգի կատարումից հետո թիվ 1 ֆավորիտն էր ոչ միայն մասնագետների, այլեւ հանդիսատեսի շրջանում ու պատահական չէր, որ սահմանված 9 հատուկ մրցանակներից արժանացավ 4-ին, այդ թվում՝ «Կոմիտասի երգի լավագույն մեկնաբանության համար»:
Իսկ ժյուրիի անդամներից Ռիչարդ Ռոձինսկին հավաստիացրեց, որ չնայած իրենց միջեւ եղած մասնագիտական տարաձայնություններին, Օրբելյանը ղեկավարել է ժյուրիի աշխատանքները «անվախ ու քաջ»: Մրցույթի պարտադիր ծրագրում տեղ են գտել հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի, հայ դասական պրոֆեսիոնալ կոմպոզիտորական դպրոցի սկզբնավորող Տիգրան Չուխաջյանի, ինչպես նաեւ Նարեկացու, Սայաթ-Նովայի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռոմանոս Մելիքյանի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Էդվարդ Աբրահամյանի, Անտոն Մայիլյանի ստեղծագործություններից:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

16.06.2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք