Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական հարց. Փախստականները՝ Ադրբեջանում և Հայաստանում»

Հունիս 19,2017 17:30

<<Թերևս պատերազմները միայն այն պատճառով են նորից ու նորից սկսվում, որ մի կողմը մինչև վերջ չի կարողանում զգալ, թե ինչպես է տառապում մյուսը:>>

Էրիխ Մարիա Ռեմարկ.

Աշխարհում փախստականների խնդիրը ներկայումս ամենահրատապներից է: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալների համաձայն՝ աշխարհում փախստական անձանց թիվը կազմում է 65 միլիոն, մինչդեռ 2000 թվականին փախստականների թիվը չէր գերազանցում 20 միլիոնը։ Այսինքն 16 արվա մեջ փախստականների թիվը եռապատկվել է, իսկ շարունակվող հակամարտությունների պատճառով վերջիններիս թիվը շարունակում է աճել։

Հակամարտությունների պակաս չի եղել նաև մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, որտեղ երեք հանրապետությունների բնակչության ընդհանուր թվի ( շուրջ 16.290.000) մոտ 9%-ը փախստականներն են կազմում: Վրաստանում փախստակնների թիվը հասնում է 267 հազարի, Ադրբեջանում 600 հազարից  800 հազարի(պետության ներկայացրած թվերը հասնում են մինչև 1.2 միլիոնի և ընդհանրապես չեն համապատասխանում միջազգային կառույցների ցուցանիշներին), Հայաստանում 360 հազարի(որոշ կառույցներ նշում են 400 հազար), այսինքն իր չափսերով փոքր համարվող Հարավային Կովկաս տարածաշրջանում փախստականների ընդհանուր թիվը հասնում է 1 միլիոն 230 հազարից մինչեվ 1 միլիոն 470 հազարի:

Դեռեվս 1988 թվականից Հայաստանում և հարևան Ադրբեջանում հրատապ դարձավ փախստականների հարցը: Քաղաքական շարժառիթներ ունեցող միջէթնիկ լարվածությունը բերեց նարան, որ հետագա 7 տարիների ընթացքում հարյուր հազարավոր հայեր և ադրբեջանցիներ ստիպված եղան լքել իրենց տները, հեռանալ մշտական բնակության վայրերից: 1994 թվականի մայիսի 12-ին հրադադարի հաստատումից հետո չվերացավ պատերազմի վտանգը, և փախստականները չկարողացան վերադառնալ  նախկին բնակավայրեր: Հակամարտութայն ավարտից անցել է շուրջ 23 տարի, սակայն քաղաքական հակասությունների և միջէթնիկ շփումների բացակայության պատճառով ժողովուրդների միջև լարվածությունը պահպանվում է:

Փաստացի փախստականների հարցը շահարկումների և քաղաքական նպատակների իրագործման համար է օգտագործում, նույնիս արհեստական ճանապարհով հարցը հրատապ է պահվում։ Չնայած հայտարարված պետական քաղաքականությանը, հարավկովկասյան երկրներում և հատկապես Ադրբեջանում փախստականների կյանքը չի թեթևանում: Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրեջանում  փախստականները համարվում են առավել խոցելի խմբեր։

Հոդվածի հիմանական նպատակն է բարձրաձայնել փոխստականների դեռեվս կենսունանկ խնդիրների, վերջիններիս ապրելու դժվարին պայմանների եվ քաղաքական հարցերին զոհ գնալու մասին: Հոդվածի մեջ ներկայացված է հայակական եվ ադրբեջանական կողմերի տեսակետները, ներկայացվում են նաեվ պետական կառունցների թվերը փախստականների թվերի վերաբերյալ, որոշ եզրահանգումներ էլ պատկանում են հեղինակին:

Ադրբեջան

Ադրբեջանում փախստականների վերաբերյալ որևէ հստակ թիվ նշելը գրեթե անհնարին է, դա հիմնականում կապված է հարցի չափազանց քաղաքականացված լինելուց։ Փախստականների թվի վերաբերյալ կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք միմյանցից շատ են տարբերվում։ Պետական կառույցները ամեն տարի փոփոխված ցուցանիշներ են ներկայացնում, որտեղ  շարունակաբար մեծացվում են թվերը: Ադրբեջանի համար փախստականների հարցը հիմանականում քաղաքականության եվ միջազգային ասպարեզում օգտագործվող գործիք է և մեծապես օգտագործվում է Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ժամանակ:

Հակամարտությունից շուրջ երկու տասնամայակից ավել ժամանակ է անցել, եվ հիմա միջազգային կառույցները նախկինի պես չեն շտապում միջոցներ տրամադրել Ադրբեջանին. հետևում կա դառը փորձ, ըստ որի, չնայած բարձրաձայնվող ծախսված միջոցներին,Ադրբեջանում փախստականների ծանր վիճակը չի բարելավվում։

Ադրբեջանի փախստականների եվ բռնի տեղահանվածների աշխատանքներով զբաղվող պետական կոմիտեն Հայաստանից եվ Լեռնային Ղարաբաղի տարածքից Ադրբեջան տեղափոխված  ադրբեջանական էթնոսի ներկայացուցիչներին բաժանում է երկու մասի` փախստականներ և բռնի տեղահանվածներ, իսկ Ադրբեջան տեղափոխվելու փուլերը ՝ 3-ի:

1988-1989  թ․ –  200.000 ադրբեջանցիներ լքեցին Հայաստանը եվ տեղափոխվեցին Ադրբեջան;

1992-1993 թ․  – լայնածավալ պատերազմի մեկնարկի ընթացքում 100.000 ադրբեջանցիներ լքեցին Շուշին եվ Լաչինի շրջանը:

1993-1994 թ․  – ըստ ադրբեջանական կողմի հենց այս շրջանում է, որ գրանցվել է փախստականների ամենամեծ թիվը:  Լեռնային Ղարաբաղի հարակից 6 շրջաններից 500.000 ադրբաջանցի, այդ թվի մեջ են մտնում նաև մուսուլման քուրդերը, որպես փախստականներ տեղափոխվեցին Ադրբեջան: Հակամարտության ամբողջ ընթացքում փախստականների թիվը Ադրբեջանը նշում է շուրջ 1 միլիոն;

Սակայն անգամ պետական կոմիտեների ներկայացրած թվերը մի քանի տարի անց սկսում են հակասել նախկին թվերին: 2013 թվականի հունիս ամսին Ադրբեջանի փախստականների եվ բռնի տեղահանվածների գծով պետական կոմիտեի ղեկավար Ալի Հեսենովը հայտարարեց, թե «Ադրբեջանում մշտապես ասվում է, որ փախստականների թիվը 1.000.000-ի է հասնում, բայց հիմա վերջիններիս թիվը 1.200.000-ի է հասել»: Փախստականների թվի այս շարունակական աճը Ադրբեջանում հետևյալ կերպ է բացատրվում, թե փախստական ընտանիքում երեխաներ են ծնվում կամ փախստականը ընտանիք է կազմում եվ այդպես փախստականների թիվը ավելանում է: Այս պատճառաբանությունը այդքան էլ իրավական եվ անվիճելի չէ, քանի որ, փաստորեն, Ադրբեջանում փախստականի կարգավիճակ են ստանում փախստականների Ադրբեջանի տարածքում ծնված երեխաները եվ փախստականի հետ ընտանիք կազմողները, եվ այպես շարունակաբար մեծացվում է փախստականի կարգավիճակ ունեցող մարդկանց թիվը։

Ակնհայտ լուրջ հակասություններ կան Ադրբեջանի պաշտոնական կառույցների եվ միջազգային մարդասիրական կառույցների ներկայացրած թվերի միջև, որոնցում առկա տարբերությունը մի քանի հարյուր հազարի է հասնում:  Համաշխարհային բանկի համաձայն Ադրբեջանանում ներկայումս 595.000 փախստական կա, Բրուքինգս համալսարանի եվ Լոնդոնի տնտեսագիտական համալսարանի միասնական զեկույցում փախստականների թիվը նույնպես 590-ից 600.000-ի է հասնում: Dünya Bankının № AAA64-Az saylı hesabatı, Azərbaycan: Mülkiyyətin Qurulması və İqtisadi Müstəqilliyin Dəstəklənməsi: Məcburi Köçkünlərin Həyat Şəraiti, oktyabr, 2011. 

 

Բաքվի աղքատ թաղամասերից մեկում ապրող փախստականներ:

Թվերի հսկայական տարբերությունը  լուրջ հարցեր է առաջացնում, թե ինչու են միմյանցից այսքան տարբերվում  պետական կառույցների եվ միջազգային կառույցների տվյալները, և ով է արտացոլում իրականությունը:

Ադրբեջանական կողմը Հայաստանի համար արգելափակում է Փախստականների եվ բռնի տեղահանվածների աշխատանքներով զբաղվող պետական կոմիտեի կայք, այդտեղ ներկայացրած զեկույցները հանարավոր է տեսնել միայն հատուկ ծրագրերի միջոցով, որոնք շրջանցում են ադրբեջանական պաշտպանությունը: Պետական ծառայությունների, նախարարությունների, անգամ մամուլի հրապարակումները փախստականների վերաբերյալ նույնպես արգելափակված են: Փախստականների կյանքի պայմանների և վերջիններիս վերաբերյալ տեղեկություններ կարող ենք ստանալ միայն փաքրաթիվ՝ 3-ից 4 կայքերի միջոցով, որոնք չեն գտնվում պետական հովանավորության ներքո և քիչ թե շատ ադեկվատ են: Փախստականների խնդիրները բարձրաձայնող բոլոր կայքերը 2017 թ․ մայիսի 12-ին արգելափակվեցին Ադրբեջանմում։

Ադրբեջանը մինչև 2013 թվականը փախստականների խնդիրը լուծելու համար հսկայական գումարներ է ստացել պետություններից և միջազգային կառույցներից, սակայն փախստականների վիճակը գրեթե չի բարելավվել։ Փախստականների հարցերով զբողվող կոմիտեն նշում է, որ 1993թ-ից մինչև 2013 թվականը Ադրբեջանը փախստականների վրա ծախսել է 5.4 միլիարդ դոլար։ 2013 թվականից մինչեվ 2017 թվականը փախստականների վրա ծախսված գումարը գրեթե չի փոխվել և այն կազմում է 6.2 միլիարդ մանաթ (մոտ 5.5 միլիարդ դոլար), որից 2.8 միլիարդը պետբյուտջեից, 2 միլիարդը պետական նավթային ֆոնդից եվ 1.4 միլիարդը միջազգային կառույցների կողմից: Նավթային ճգնաժամից հետո պետությունը դադարեց գումարներ ծախսել փախստականների խնդրի վրա, ֆինանսական օգնությունից հրաժարվեցին նաև միջազգային կառույցները։

Չնայած հայտարարվող ծախսված հսկայական գումարներին, փախստականների մեծամասնությունը անգամ տարրական կենցաղային պայմաններով չի ապահովվել: Ծախսվող միջոցների վերաբերյալ որևէ հաշվետվություն չի ներկայացվում։ 2001-ից 2007 թվականների ընթացքում 100.000 փախստական բնակարաններ է ստացել, սակայն շուրջ 300 հազար փախստական այնուամենայնիվ շարունակում է ապրել ծանր կենցաղային պայամաններում։  Ծանր վիճակում են շարունակում մնալ փախստականների մոտ 55 %-ը, 35 %-ը նոր բանակարաններ է ստացել, 10 %-ը բնակվում է սեփական միջոցներ գնված բնակարաններում։  dünya Bankının №52801-Az saylı hesabatı, Azərbaycanda Həyat Şəraitinin Qiymətləndirilməsi üzrə Hesabat, səh. 33, şəkil 3.12

Պետբյուջեից, Նավթային ֆոնդից, միջազգային կառույցներից հատկացված գումարների միջոցով փախստականների որոշ մասը բնակարաններ է ստացել, սակայն կառուցված բնակարանները աչքի չեն ընկնում իրենց հարմարավետությամբ եվ ամրությամբ։ Նման բնակարանների կառուցումը միայն ժամանակավոր կարող է հոգալ փախստականների կեցության հարցը, քանի որ 15-ից 20 տարվա ընթացքում սկսում է փլուզվել։

Ադրբեջանի իշխանությունները նպատակահարմար չեն գտնում փախստականների հարցի վերջնական լուծումը և այն շարունակում են լայնորեն օգտագործել Ղարաբաղյան բանակցություններում։ Իրենց ծանր կենցաղային վիճակը հաշվի առնելով, Ադրբեջանի տարածքում գտնվող փախստականները պատրաստ են վերադառնալ  նախկին բնակավայրեր, դա անընդհատ բարձրաձայնվում է Ադրբեջանի կողմից, սակայն հայերի Ադրբեջան վերադարձի մասին հարևան երկրում անգամ չեն ցանկանում խոսել;

 

Հայաստան

Հակամարտությանը հաջորդած 23 տարիները Հայաստանի համար նույնպես բավարար չեղան փախստականների խնդիրները լուծելու համար: Ղարաբաղյան հակամարտության հետևանոքով Ադրբեջանից  Հայաստան բռնագաղթված ու փախստականի կարգավիճակ ստացած մարդկանց վերաբերյալ միջազգային և պետական կառույցների ներկայացրած թվերը հիմնականում համապատասխանում են միմյանց, դրանք տատանվում են 350-ից 400 հազարի շրջանակներում : Պետական մարմինների կողմից նշվող թիվը 350.000-ից 360 000 է կազմում, իսկ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով վերջիններիս թիվը կազմում է ավելի քան 360.000 մարդ, էթնիկ հայեր, որոնք հակամարտութայն պատճառով տեղափոխվել են Հայաստան:

Ադրբեջանի 4 խոշոր քաղաքներիեց եվ 20 այլ շրջաններից հեռացած հայերը տեղափոխվեցին Հայաստան եվ նրանց մեծամասնությունը ներկայումս ապրում է Հայաստանում, որոշ մասը, կապված աշխատանքի բացակայությանուից կամ այլ պատճառներից, հեռացել են Հայաստանի տարածքից, որոշնրն էլ տեղափոխվել են Արցախ: Ադրբեջանից Հայաստան տեղափոխված փախստականները, որոնք գերազանցապես Ադրբեջանի ԽՍՀԻ քաղաքացիներ էին, ժամանակի ընթացքում ստացան Հայաստանի քաղաքացիություն, և սկսած 1996 թվականից այդ օգործընթացը թափ առավ։ 2000 թվականից լուրջ աճ գրանցեց փախստականներին քաղաքացիություն տրամադրելու գործընթացը:

Բաքվում և 3 այլ խոշոր քաղաքներում հայ բնակչության թիվը մինչև հակամարտության սկիզբը հասնում էր 275 հազարի: Հակամարտության հետևանքով Ադրբեջանի տարածքից հայ բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվեց Հայաստան եվ այլ երկրներ, սակայն Ադրբեջանում ներակյումս պնդում են, որ շուրջ 30 հազար հայեր չեն հեռացել և շարունակվում են բնակվել երկրի տարածքում, իսկ նրանց համար Բաքվում անգամ հայկական եկեղեցի է վերանորոգվում: Իրականում հնարավոր է, որ ազգությամբ որոշ հայեր ներկայումս բնակվեն Ադրբեջանի տարածքում, սակայն հարևան երկրում բնակվող փոքրաթիվ հայերը փոխել են իրենց հայկական անունները եվ ազգանունները, երբեք չեն խոսում իրենց ազգությունից եվ ծպտյալ կյանք են վարում;

 

 Քաղաքներ Հայ բնակչության թիվը (մարդ)
      Բաքու                                          215 807
      Գյանջա                                            40 741
      Սումգայիթ                                            13 522
      Մինգեչաուր                                              5 741
      Շրջաններ                                            85.642
      Ընդամենը                                          361 453

Հայ բնակչության թիվը Ադրբեջանի ԽՍՀ խոշոր քաղաքներում և շրջաններում

 

Հակամարտության հետևանքով Ադրբեջանից Հայաստան տեղափոխված փախստականները նյութական առումով գրեթե ամեն բան կորցրել են, տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց  տներից եվ ստիպած են եղել հաստատվել ժամանակավոր կեցութայն վայրերում, սպասելով պետության կողմից հատկացվող բանակարաններին: Հայ բնակչությանը հասցված ֆինսնսական վնասները հսկայական գումարի են կազմում: Փախստականները իրենց հետ կարողացել են տեղափոխել միայն այնքան իր, որոնք կարող էին իրենց  ճամպրուկներում տեղավորել: Նույնը կարելի է ասել նաև ադրբեջանցի փախստակնների մասին, որոք նույնպես հակամարտության հետևանքով կորցրեցին գրեթե ամբողջ ունեցվածքը։

Ռուբլիով /1$=0,6 ռուբլու/ Ադրբեջանից բռնի տեղահանված անձանց Ադրբեջանում թղած ունեցվածքի արժեքը

                ընդամենը

 

   շարժական գույքի արժեքը   տան արժեքը
10195627934 3121426141 7074201793

 

 

 

Դրամով /1$=14,5 դրամԱդրբեջանից բռնի տեղահանված Շահումյանի շրջանի հայ բնակչության Ադրբեջանում թողած ունեցվածքի արժեքը

Շրջանի/քաղաքի անվանումը Ընդամենը Այդ թվում՝
 

 

շարժական գույքի արժեքը տան արժեքը
Շահումյանի շրջ. 42680246367 17517313795 25162932572

 

Փախստականները Հայաստանում համարվում են խոցելի խումբ, երկրում աղքատների և գործազուրկների ռիսկային խմբում փախստականները կազմում են ընդհանուր թվի մոտ 35 %-ը : Չնայած ապաստան տրամադրելու ազգային ծրագրին, դեռևս կան անապահով ընտանիքներ, որոնք մնացել են առանց իրենց բնակարանի խնդրի լուծման: Ըստ օրենքի՝ բոլոր փախստականները և ապաստան հայցողները կարող են պահանջել, որպեսզի իրենց ապաստանային օժանդակություն տրամադրվի, սակայն կառավարությունը չի կարող իրականացնել օրենքի սույն դրույթը իր սահմանափակ ռեսուրսների պատճառով: Ակնհայտ են խնդիրները նաև փախստականների զբաղվածության ապահովման առումով: Հայաստանի աշխատաշուկան հագեցած է և փախստականների համար սեփական կարիքներն ինքնուրույն հոգալու հնարավորությունները խիստ սահմանափակ են: Փախստական ընտանիքներից երեխաների կրթությունից դուրս մնալու ցուցանիշը 23 անգամ ավելի բարձր է, փախստական ընտանիքները ի վիճակի չեն հոգալ նվազագույն ծախսերը, ինչպես օրինակ՝ վճարել դասագրքերի ու հագուստի համար, որն էլ հանգեցնում է կրթական հաստատությունը ավարտելու ցածր ցուցանիշների:

Ադրբեջանից բռնագաղթված երկու փախստական Վանաձորին մոտ գտնվող գյուղում: Լուսանկարը` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կայք էջից:

Հայաստանի բնակչությունը բարեկամական է տրամադրված փախստականների նկատմամբ, իսկ կառավարությունը ակտիվորեն նպաստում է նրանց ինտեգրմանը: Այնուամենայնիվ, սոցիալ տնտեսական ինտեգրումը դեռևս փախստականների համար մնում է լուրջ խնդիր։

PS

Ներկայումս փախստականները ոչ միայն պատերազմների հիմնական տուժողներն են , այլև  պատերազմներից հետո քաղաքականության զոհ են դառնում։ Դեռևս հարավկովկասյան երկրները պատրաստ չեն միմյանց  հետ խաղաղ դրացիական հարաբերություններ ունենալ, իսկ միջէթնիկ լարվածության պայմաններում փախստականները չեն կարող հայրենի տներ վերադառնալ։ Տարածաշրջանում պատերազմի վտանգը չի վերացել և նոր լայմասշտաբ պատերազմի դեպքում անհնարին կլինի խուսափել փախստականների նոր ալիքից։ Թե Ադրբեջանում, թե Հայաստանում փախստականները նոր պատերազմ չեն ցանկանում, անգամ պատրաստ են իրար կողոք խաղաղ ապրել, սակայն քաղաքական հակասությունների պատճառով մոտ ապագայում երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության հնարավորությունը դժվար է պատկերացնել:

Արտյոմ Ենոքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    ? Ադրբեջանում փախստականների թվերի մասը ինչո՞ւ եք գցել առաջ՝ զբաղեցնելով հոդվածի մեծ մասը:

    Թուրքի պրոպագանդան քայքայել է հայաստանյան լրագրողների ուղեղները

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930