«Լրագրողն ընդդեմ ոստիկանապետի» գործը մտավ քննական փուլ

«Լրագրողն ընդդեմ ոստիկանապետի» գործը մտավ քննական փուլ

Սեպտեմբերի 18-ին, ժամը 14.00-ին կմեկնարկի «Լրագրողն ընդդեմ ոստիկանապետի» անունը ստացած դատական գործընթացի հիմնական փուլը:

Այս գործով, հիշեցնենք, արդեն մեկ տարի է՝ նախնական քննություն է ընթանում: Նախանցյալ տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանել էր լրագրողների հարցերին: Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մասին հարցին ոստիկանապետի պատասխանը չէր գոհացրել լրագրողներին: 1in.am կայքի լրագրող Սիրանուշ Պապյանը ոստիկանապետի պատասխանին հակադարձել էր, որ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները տեսանելի չեն: Ոստիկանապետն էլ իր հերթին պատասխանել էր լրագրողին, ասելով. «Ես էլ ձեր մեջ կին չեմ տեսնում»:

Պատիվն ու արժանապատվությունը արատավորելու հայցով լրագրողը դիմել էր դատարան՝ ընդդեմ ոստիկանապետի, պահանջելով հրապարակային ներողություն:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց լրագրողի շահերը ներկայացնող Դավիթ Ասատրյանը, ինքն այսօր դատարանում ընդվզել է, ասելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում կայացած ութ դատական նիստերում դեռեւս նախնական քննություն է ընթանում եւ միջնորդել է, որպեսզի ի վերջո անցնեն հիմնական քննության: Հակառակ կողմը չի ընդդիմացել: Սեպտեմբերի 18-ին կկայանա այս գործով հիմնական քննության առաջին նիստը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք