Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղը 90 տոկոսով համալսարանում չեմ լինի». Ասել է սպանված կուրսանտը՝ դեպքից մի օր առաջ

Հունիս 19,2017 20:15

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր դատարանում հարցաքննվեց վկա Արշակ Մարտիրոսյանը: Նա նույն համալսարանի կուրսանտ է եղել ու սովորել Հայկազ Բարսեղյանի հետ:

Ըստ վկայի՝ դեպքի նախորդ օրը՝ 2015թ. հունվարի 28-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում ՀՀ ԶՈւ կազմավորման տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական համերգից համալսարան վերադարձի ճանապարհին  ավտոբուսում ինքը  վիճաբանել է Հայկազ Բարսեղյանի հետ, փոխադարձ հայհոյանքներ են հնչել,բայց չեն կռվել, որոշել են հետո առանձին զրուցել:

Նույն օրը՝ երեկոյան Հայկազը գնացել է Արշակ Մարտիրոսյանի ննջարան, բայց  վերջինս խնդրել է մեկ այլ օր հարցը պարզաբանել, ինչին ի պատասխան՝ Հայկազ Բարսեղյանն ասել է՝ վաղը 90 տոկոսով համալսարանում չի լինի ու չի պարզաբանել՝ ինչու:

Արշակ Մարտիրոսյանի պատմելով, իրենց վիճաբանության հաջորդ օրը՝ առավոտյան լարված իրավիճակ է եղել համալսարանում․ «Ամսի 29-ի առավոտը վերկաց տվեցին, խառնաշփոթ էր, ասացին, որ Հայկազը չկա, գնացինք իրանց սենյակ, տեսանք, որ սաղ տեղերը արյուն է, ասեցին իջեք ներքև, իջանք ներքև, աղմուկ լսեցինք, տեսանք, որ կախված է, նրա ոտքի մատները կպնում էին գետնին»:

Մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ պնդելով, որ էական հակասություններ կան նրա դատաքննական ու նախաքննական ցուցմունքների մեջ, որը վերաբերում էր իր եւ Հայկազի միջեւ տեղի ունեցած վիճաբանությանը եւ ամբաստանյալների պահվածքին, նախաքննության ժամանակ նա պատմել էր, որ չորս ամբաստանյալները գերիշխող դիրք են ունեցել:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց  հունիսի 26-ին:

Հիշեցնենք՝ 2015թ. հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930