Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԷԿ-ի համար միջուկային վառելիքը ձեռք կբերենք ավելի էժան

Հունիս 20,2017 15:57

Այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սկսած, «Ռոսատոմ» կորպորացիայի դուստր ձեռնարկություն հանդիսացող «Տվել» ընկերությունը Հայաստանին կմատակարարի միջուկային վառելիք՝ 2018 եւ 2019 թվականների համար: Մատակարարման շուրջ բանակցությունները տեղի ունեցան այսօր՝ Մոսկվայում՝ «Ատոմէքսպո 2017» 9-րդ միջազգային համաժողովի ժամանակ:

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի՝ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն ասաց, որ անցյալ տարի միջուկային վառելիքի մատակարարում կրկին եղել է՝ երկու տարվա 2016 եւ 2017 թվականների համար: Ըստ պարոն Վարդանյանի, վառելիքի որակի, շահագործման փորձի հետ կապված հայկական կողմը երբեւէ որեւէ մտավախություն չի ունեցել. «Վերջին տարիներին շատ ստուգումներ են եղել, այդ թվում եւ միջազգային կարգի ստուգումներ, երբեւէ վառելիքի հետ խնդիր չեն հայտնաբերել»:
ՀԱԷԿ-ի տնօրենը վստահեցրեց, որ Հայաստանն ունի բավարար չափով միջուկային վառելիք՝ երկու տարի առանց խնդիրների ատոմակայանն աշխատեցնելու, եթե ֆորս մաժորների պատճառով հնարավոր չլինի միջուկային վառելիքի մատակարարումը:
Այն Հայաստան է բերվում օդային ճանապարհով եւ մինչեւ Երեւանի օդանավակայան տեղափոխումը կազմակերպում է մատակարար ընկերությունը: Օդանավակայանից վառելիքը ատոմակայան է հասնում հայկական կողմի միջոցներով:

Մովսես Վարդանյանի խոսքով, «Տվել» ընկերությունը ընդառաջ է գնացել եւ միջուկային վառելիքի գինը պակասեցրել է, ինչն, ըստ պարոն Վարդանյանի, պայմանավորված է նավթի եւ գազի գնի նվազմամբ:

Թե ի՞նչ գնով է «Տվելը» վառելիքը հայկական կողմին վաճառել, Մովսես Վարդանյանը թիվ չհրապարակեց, ասաց, որ կոմերցիոն գաղտնիք է: ՀԱԷԿ-ի տնօրենը նաեւ ասաց, որ «Տվել»-ը հուսալի գործընկեր է եւ մատակարարման հետ կապված երբեւէ խնդիրներ չի առաջացրել:

ՀԱԷԿ-ի տնօրենին հանդիպեցինք «Ատոմէքսպո 2017»-ի ժամանակ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930