Լրահոս
Օրվա լրահոսը

19-ամյա կինը համաձայն էր «նստել» մեկուկես տարի, սակայն դատապարտվել է 6 ամիս ազատազրկման

Հունիս 20,2017 22:55

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացել է սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակչուհի,1998թ. ծնված Անուշ Ադամյանի դատավարությունը: Ութամյա կրթությամբ, նախկինում չդատված, ամուսնալուծված, խնամքին մեկ անչափահաս երեխա ` մեկ տարեկան աղջիկ ունեցող Ա. Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, անձանց մեղադրելով տեղի չունեցած ծանր հանցագործության մեջ, կատարել է սուտ մատնություն:

Նա ոստիկանությանը հայտնել է, որ 2016թ. հոկտեմբեր ամսին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչներ Արթուր Ամիրյանը, Արմեն Առուստամյանն ու ինքնությունը չպարզված մի անձ իր ներկայությամբ թմրամիջոց են հյուրասիրել միմյանց, նրանցից Ա. Առուստամյանն իրեն առաջարկել է թմրամիջոց օգտագործել, սակայն ինքը հրաժարվել է:

Ա. Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ա. Ադամյանը բազմիցս պատշաճ կերպով ծանուցված լինելով դատական նիստերի օրվա եւ վայրի մասին, դատարան չի ներկայացել: 2017թ. մայիսի 23-ի նիստում դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Անուշ Ադամյանի «Ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը փոխել «Կալանավորման«, նրա նկատմամբ հայտարարել հետախուզում: Ա. Ադամյանը կալանավորվել է եւ մայիսի 26-ից պահվում է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Ա. Ադամյանի շահերը պաշտպանել է հանրային պաշտպան Աննա Մեժլումյանը: Հունիսի 14-ի նիստում, մինչ դատաքննությունը սկսվելը, Ա. Ադամյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով. հայտարարելով, որ միջնորդությունը կայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է դրա հետ: Այդ միջնորդությունը դատարանը բավարարել է:

Պատիժ նշանակելիս դատարանը Ա. Ադամյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա ընդունում է իր մեղքը, անկեղծորեն զղջում կատարածի համար, նախկինում դատապարտված չի եղել: Միաժամանակ դատարանը հաշվի է առել այն, որ թեեւ ամբաստանյալն ունի անչափահաս մեկ երեխա, սակայն, ըստ նրա հայտարարության, մինչեւ հանցագործությունը կատարելը եւ ներկայումս երեխային խնամում է Ա. Ադամյանի Երեւանում բնակվող քույրը:

Քրեական գործով մեղադրող Հայկանուշ Բաղդասարյանը դատարանին խնդրել է Ա. Ադամյանին դատապարտել մեկուկես տարվա ազատազրկման: Ա. Ադամյանը հայտարարել է, որ համաձայն է այդ պատժաչափի հետ: Դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Անուշ Ադամյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել ազատազրկման 6 ամիս ժամկետով, նրա նկատմամբ ընտրված «Կալանավորում» խափանման միջոցը թողնել անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930