Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբում պատասխանենք սկզբունքային հարցին

Հունիս 21,2017 10:00

Երբ մենք Երեւանում քաղաքական եւ տնտեսական բնույթի դատողություններ ենք անում, պետք է հիշենք, որ մայրաքաղաքից ընդամենը 30-40 կիլոմետր հեռավորության վրա մեր գյուղմթերքների շտեմարանը համարվող Արարատյան դաշտավայրում մարդիկ մեկ դույլը 50 դրամով ջուր են գնում: Դա Սուդանում չի, որտեղ մարդիկ մարդասիրական օգնության կարիք ունեն, դա տեղի է ունենում մեր քթի տակ, իսկ մարդկանց խմելու ու ոռոգման ջուր տալը շատ բարդ եւ մեծ բյուջե պահանջող խնդիր չէ:

Մնացած խնդիրները նույնպես անլուծելի չեն: Մեր գյուղացուն պետք չեն ոչ բարեգործություն, ոչ էլ նույնիսկ ցածր տոկոսադրույքով վարկեր, որովհետեւ եթե վարկերը նույնիսկ զրո տոկոսով տրվեն, միեւնույն է՝ դա որեւէ օգուտ չի բերի՝ ներկայիս ենթակառուցվածքներով, ներկայիս շուկայի կառուցվածքով եւ հատկապես՝ ներկայիս մենաշնորհներով: 1970-ականների տեխնիկայով եւ նույն ժամանակաշրջանից եկող մարկետինգի մասին «կոլխոզային» պատկերացումներով գյուղմթերք արտադրողները մնալու են «վարկերի տակ», եթե նույնիսկ դրանց տոկոսները ցածր լինեն: Նրանք շարունակելու են աշխատել վնասով՝ չնայած դիզվառելիքի եւ սերմացուի «գծով» պետական օգնությանը: Գյուղատնտեսությունը կմնա ոչ շահութաբեր, անգամ այն դեպքում, երբ գյուղացիներին հակակարկտային ցանցեր նվիրեն, իսկ նույն գործառույթն իրականացնող կայաններն ամեն օր ամպերը ցրելու համազարկեր արձակեն:

Հարցն ավելի արմատական է եւ սկզբունքային. ցանկանո՞ւմ է արդյոք մեր իշխանությունը, որ մենք ունենանք որեւէ մեկի «բարեգործությանը» չսպասող միջին խավ, որի կորիզը Հայաստանում, վստահ եմ, պետք է կազմի իր քրտինքով հաց աշխատող եւ արժանապատիվ կյանքով ապրող ֆերմերը: Եթե ցանկանում է, ապա գյուղատնտեսության նախարարը չի ասի՝ «թող գյուղատնտեսությամբ չզբաղվեն»: Որովհետեւ չզբաղվելու այլընտրանքը գյուղացու համար Ռուսաստան խոպան գնալն է:

Կա նաեւ ուրիշ ճանապարհ՝ մեր «լատիֆունդիստների», գյուղատնտեսական օլիգարխների մոտ «բատրակ» աշխատելը, որը գուցեեւ ապահովի տանելի նյութական վիճակ՝ «ռուսաստաններից» ոչ վատը: Բայց այստեղ ի հայտ է գալիս մեր ազգային առանձնահատկությունը՝ մենք հայրենիքում չենք ցանկանում նման գործ անել, իսկ ահա Հայաստանից դուրս համաձայն ենք շատ ավելի նվաստացուցիչ աշխատանքի:

Երբ ցանկացած գյուղական տնտեսություն պետության կողմից դիտվի որպես բիզնեսի միավոր, որը պետք է փայփայել, ինչպես ասում են, ձեռքը բռնել եւ օգնել ոչ թե դիզվառելիքով կամ սերմնացուով (որն, ի դեպ, հաճախ անորակ է), այլ ենթակառուցվածքներով, մարկետինգի կազմակերպմամբ եւ, ամենակարեւորը՝ մենաշնորհները զսպելով, ահա այս պարագայում հնարավոր կլինի խոսել գյուղատնտեսության բարեփոխումների մասին: Թե չէ 25 տարի գալիս բարեփոխում են, իսկ մարդկանց վիճակը միայն վատթարանում է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vartan says:

    ահա պարզ հասկանալի եվ տրամաբանված մի հոդված.շնորհակալություն

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930