Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ճանաչում եմ դատարանի իրավասությունը

Հունիս 22,2017 10:00

Վերջին դատավարությունները, որտեղ ամբաստանյալների աթոռներին նստած են հեղափոխականները, ապստամբները կամ՝ երկրի ներսում «ազգային-ազատագրական պայքար» մղողները, կամ պարզապես «լավ տղերքը», «հերոսները» եւ «նվիրյալները», որոնց ամեն ինչ կարելի է (կարելի է տարբեր ձեւով անվանել նրանց), այդ դատավարություններն առայժմ, ըստ էության, տապալվում են: Պատճառները մի քանիսն են՝

1) դրանք դատական դեպարտամենտի կողմից վատ են կազմակերպվում,

2) հեղափոխականների համակիրները «շուխուռ են անում»,

3) իրենք` հեղափոխականները, ամեն ինչ անում են, որպեսզի այդ դատավարությունները տապալվեն:

Առաջին երկու պատճառները, հուսով եմ, վաղ թե ուշ կվերանան: Մասնավորապես, դատավարությունների կազմակերպիչները կհասկանան, որ փաստաբաններին խուզարկելն օրենքով արգելված է, եւ «տղայավարի» չեն պնդի հակառակը:

Ի դեպ, լրագրողներին ապակու հետեւում պահելը նույնպես լավ գաղափար չէ, որովհետեւ այնտեղից համարյա ոչինչ չի լսվում, եւ գործընկերներս ընդմիջումներին ստիպված են վազել դատավարության մասնակիցների հետեւից եւ ճշտել, թե ով ինչ ասաց:

Երկրպագուները նույնպես, հավանաբար, վաղ թե ուշ կհասկանան, որ դատավարությունը ռոք-համերգ կամ հանրահավաք չէ:

Երրորդ հարցն ավելի սկզբունքային է: Ես կա՛մ ճանաչում եմ ՀՀ դատարանի՝ ՈՐՊԵՍ ԻՆՍՏԻՏՈՒՏ, իրավասությունները, կա՛մ չեմ ճանաչում: Եթե չեմ ճանաչում, ապա դատավարությանը որեւէ ձեւով մասնակցելն անիմաստ է: Դա նշանակում է չընդունել նաեւ պետության իրավասությունը, ապրել «լավ տղու պանյատներով», որի համար Քրեական օրենսգիրքը եւ մնացած օրենքները «զրո» են: Բայց դա հենց այն դիրքորոշումն է, որը որդեգրել է իշխանության ներկայացուցիչների մեծ մասը վերջին 26 տարվա ընթացքում: Հեղափոխական եւ իշխանական ծայրահեղությունները, ինչպես բոլոր մնացած ծայրահեղությունները, մոտենում են իրար. «Ես էս ազգի հմար էնքան բան եմ արել, որ կարամ մի 2-3 հոգու էլ գյուլլեմ»: Կամ՝ «մի 2-3 բան էլ գողանամ»:

Եթե ես ճանաչում եմ ՀՀ  դատարանի իրավասությունները, ապա պետք է ոտքի կանգնեմ, պատասխանեմ դատավորի եւ դատախազների հարցերին, ի դեպ, սաստեմ հեղափոխական էքստազի մեջ գտնվող իմ երկրպագուներին (հատկապես՝ տիկնանց), լինեմ զուսպ եւ կոռեկտ եւ՝ այդ ոճի մեջ մնալով, ապացուցեմ, որ ՏՎՅԱԼ դատարանն անկախ չէ, պրոֆեսիոնալ չէ, կատարում է Բաղրամյան 26-ի պատվերը, որ ես ոչ մի հանցագործություն չեմ կատարել կամ՝ կատարել եմ, լավ եմ արել, ազգիս համար եմ արել, դա ապստամբություն էր եւ այլն: Միայն ինստիտուտի իրավասությունները ճանաչելու դեպքում իմաստ ունի փաստաբաններ վարձել, միջնորդություններ անել, ելույթներ ունենալ եւ այլն:

Եվ հակառակը՝ եթե ես ապստամբ եմ եւ հեղափոխական, ապա պիտի հավատամ միայն հեղափոխական արդարադատությանը, որն իրականացնում է հրապարակում հավաքված զանգվածը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. joradzadza says:

    Շփոթում եք Գորկու “Մայրը” վեպի հետ և “Речь Павла на суде” անգիր կարտասանեք երևի: Երկրում դատական համակարգը չի կարող փոխվել միայն “ոտանավոր” ասելով:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930