Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը կիսվել է մանկության հուշերով

Հունիս 22,2017 22:03

Անգլիական «Մանչեսթեր Յունայթիդ» ֆուտբոլային ակումբի աստղ Հենրիխ Մխիթարյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում որոշ մանրամասներ է պատմել իր մանկությունից: Մասնավորապես, ֆուտբոլիստը պատմել է, որ մանուկ հասակում սովորելը գերադասում էր ֆուտբոլ խաղալուց:

«Դպրոցում ես միշտ կենտրոնացած էի: Կենտրոնացած էի ուսման վրա և ժամանակ չունեի ֆուտբոլ խաղալու: Իհարկե, դասերից հետո, ենթադրվում էր, որ պիտի գնայի պարապմունքների, բայց անկեղծ ասած ես մտածում էի դպրոցի մասին»,- ասել է ֆուտբոլիստը:

Նա նշել է, որ դպրոցում սիրել է բոլոր առարկաները և բոլոր ուսուցիչներին: «Ես լավ հարաբերություններ ունեի նրանց բոլորի հետ և փորձում էի ներկա լինել բոլոր դասերին: Ես սիրում էի բոլոր ուսուցիչներին և ոչ մի խնդիր չեմ ունեցել նրանց հետ: Ես պարզապես կենտրոնացած էի դասերի վրա»,- ասել է նա:
Խոսելով մանկության տարիներին ֆուտբոլ խաղալու մասին՝ Մխիթարյանը պատմել է, որ այն ժամանակ իրենց թիմում ավագ չունեին: «Ես խաղում էի իմ դասընկերների հետ, մենք թիմ էինք հավաքել և խաղում էինք մյուս աշակերտների հետ: Բայց ոչ մեկ չէր ցանկանում մեզ հետ խաղալ, որովհետև մենք շատ լավ դասարան ունեինք, և նրանք գիտեին, որ պարտվելու են»,- ասել է նա:

Ի պատասխան այն հարցին, թե դպրոցական տարիներին խփած որ գոլն է ամենահիշարժանը, Մխիթարյանն ասել է. «Իմ բոլոր գոլերն էլ հիանալի էին»:

Մխիթարյանը նաև պատմել է, որ բացի ֆուտբոլից այլ սպորտաձևերով էլ էր զբաղվում, մասնավորապես, բասկետբոլով, սեղանի թենիսով: Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ իր հիմնական սպորտը եղել է ֆուտբոլը, իսկ մյուս սպորտաձևերով զբաղվելն օգնել են նաև ֆուտբոլում:

«Միշտ կան բաներ, որ կարելի է վերցնել ուրիշ սպորտից և բերել ֆուտբոլ, դա շատ օգտակար է, որովհետև ֆուտբոլը միայն ոտքերի խաղ չէ, այլև ուղեղի: Այդ առումով դու միանշանակ կարող ես այլ սպորտից որոշ բաներ կիրառել ֆուտբոլում»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930