Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդա 2-ի գործով» վերաքննիչ դատարան հրավիրված վկան «անթույլատրելի» է. ո՞վ էր նա

Հունիս 23,2017 15:00

«Բանդա 2» անունով հայտնի քրեական գործից, որը կազմում էր տասներկու հատոր, մաս էր անջատվել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը քննում էր «Հայբիզնես» բանկի նկատմամբ կատարված հանցագործությունները, մի մասով էլ՝ այս նույն գործով մեղադրյալների մասնակցությամբ մայրաքաղաքի տարադրամների փոխանակման կետերի վրա հարձակումները եւ աշխատակիցներից մեկի սպանությունը:

Տարադրամի կենտրոնների վրա հարձակումների մասով պաշտպանական կողմը բողոք էր բերել եւ վերաքննիչ քրեական դատարանում երկու դատական նիստ է տեղի ունեցել՝ դատավորներ Ռ. Մխիթարյան, Ս. Չիչոյան, Մ. Արղամանյան կազմով:

Հիշեցնենք, որ Ռաֆայել Հարոյանը դատապարտվել է տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով կազմակերպված զինված խումբ՝ բանդա ստեղծելու համար: Բանդայի կազմում 2012 թվականի սեպտեմբերին նա ընդգրկել էր Տիգրան Հովհաննիսյանին, Հայկ Կոջոյանին ու Կարեն Վարդանյանին։ Վիճարկվող դատավճռի համաձայն՝ Ռաֆայել Հարոյանի ղեկավարմամբ գործած բանդայի անդամները՝ «կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբախշմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում», Երևանում գործող տարադրամի փոխանակման կետերի ու աշխատակիցների նկատմամբ իրենց նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք էին բերել որսորդական հրացան՝ համապատասխան փամփուշտներով, ատրճանակ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակումներ կատարելու համար նպաստավոր վայրեր։

Ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանը դատապարտվել էր 6 տարի ժամկետով ազատազրկման: Նրա պատժի կրման սկիզբը 2013թ. հունիսի 25-ից էր: Նրա կնոջ՝ ամբաստանյալ Էդիտա Ալիխանյանի նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակվել 2 տարի 2 ամիս 13 օր ժամկետով ազատազրկումը, ինչը պայմանականորեն չի կիրառվել եւ Էդիտայի նկատմամբ որոշվել է փորձաշրջան 3 տարի ժամկետով։ Նա առաջին ատյանի դատարանի նիստերի դահլիճից անհապաղ ազատ է արձակվել: Գոհար Գաբրիելյանի նկատմամբ կիրառվել էր «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշումը եւ նա ազատվել էր պատժից։ Մնացական Սարգսյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ էր նշանակվել 5 տարի ժամկետով ազատազրկումը՝ առանց գույքի բռնագրավման, Մառլեն Մուրադյանի նկատմամբ նույնպես կիրառվել է ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի Համաներման մասին որոշումը: Այս գործով Վահե Ստեփանյանն ազատազրկվել է 4 տարով, եւ նրա չհեռանալու վերաբերյալ ստորագրությունը թողնվել է անփոփոխ՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Վերաքննիչ քրեական դատարանը, ի տարբերություն առաջին ատյանի դատարանի, բավարարել էր ամբաստանյալ Հայկ Կոջոյանի պաշտպան Արմեն Ֆերոյանի միջնորդությունը, դատարան էր կանչել Վահան Քյարամի Գալստյանին: Սակայն ամբաստանյալ Կարեն Վարդանյանը ոչ միայն չճանաչեց «ականատես» վկային, այլ պաշտպանական կողմը կասկածի տակ դրեց այն գրությունը, որը Կենտրոն եւ Նորք-Մարաշի դատարան էր ներկայացրել մեղադրանքի կողմը «դատապարտյալ» Գալստյանից: Վերջինս վերաքննիչ դատարանում հայտնեց, թե ինքը «բերդից գրություն չի ուղարկել»: Այդպես էլ պարզ չդարձավ, թե ով էր այս վկան:

Ամբաստանյալ Հայկ Կոջոյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը ժամանակ խնդրեց դատահետքաբանական փորձաքննություն անցկացնելու պահանջով միջնորդություն ներկայացնելու համար: Եթե հիշում եք, առաջին ատյանի դատարանում խոսք էր գնացել մեղադրական եզրակացության մեջ տեղ գտած այն դրվագի հետ կապված, երբ ավազակային հարձակման ժամանակ Հայկ Կոջոյանը ևս գտնվել է տարադրամի փոխանակման կետում և Կարեն Վարդանյանի կողմից կատարված կրակոցը միջանցիկ ձևով անցել է նրա բազկի միջով և կպել տուժողին: Այսինքն, բացի չենջի աշխատակցից, որին սպանել էր Կարենը, վնասվածք էր ստացել նաեւ նրա խմբի անդամը՝ Հայկը:

Փաստաբանն ասել էր. «Գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունից ակնհայտ դարձավ, որ Հայկ Կոջոյանի արյան գեթ մի կաթիլ առկա չի եղել ինչպես դեպքի վայրում, այնպես էլ տուժողի մարմնի և հագուստների վրա: Այս չափազանց կարևոր հանգամանքն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ Հայկ Կոջոյանը չի գտնվել դեպքի վայրում և այնտեղ հրազենային վնասվածք չի ստացել»: Նա դատարանի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ տուժողի մարմնից հանված գնդակի վրա ևս Հայկ Կոջոյանի արյան հետքեր չեն հայտնաբերվել, ինչն ապացուցում է, որ Հայկ Կոջոյանը դեպքի վայրում չի գտնվել և այնտեղ հրազենային վնասվածք չի ստացել:

Մինչդեռ, ըստ գործի նյութերի, Կարեն Վարդանյանը տարադրամի փոխանակման կետի աշխատակից, տուժող Հակոբ Մկրտչյանից հափշտակությունը մինչև վերջ հասցնելու դիտավորությամբ, ապօրինաբար իր մոտ պահած «ՏՏ» տեսակի ատրճանակից երկու կրակոց է արձակել Հակոբ Մկրտչյանի ոտքին, ինչպես նաև նրա կենսական կարևորագույն օրգանների ուղղությամբ՝ որովայնի աջ հատվածին՝ պատճառելով կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող հրազենային մարմնական վնասվածքներ, որի հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված Հ. Մկրտչյանը 8 օր հետո` 2013թ. հունվարի 21-ին մահացել է հրազենային վիրավորումներով պայմանավորված թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայից, սեպսիսից և հարաճուն պոլիօրգանային անբավարարությունից։

Խմբի անդամները փոխանակման կետից հափշտակել էին այնտեղ առկա ընդհանուր 34.051.872 ՀՀ դրամին համարժեք 2.500.000 ՌԴ ռուբլի, 800 ԱՄՆ դոլար և 4.100.000 ՀՀ դրամ գումարը, ապա Ռ.Հարոյանի վարած ավտոմեքենայով դիմել փախուստի։

Պաշտպանն այս կապակցությամբ «Առավոտին» հայտնել էր. «Բոլոր ապացույցներն ի սկզբանե հարմարեցված են եղել այն անձնավորության հետ, ով վաղուց արդեն մեղադրյալ չի համարվում և կալանքից ազատվել է արդարացման հիմքով: Այդ անձնավորության վերաբերյալ ապացույցները այնպես պրոֆեսիոնալ կերպով էին հարմարեցվել, որ դրանց ուսումնասիրությամբ կասկած անգամ չէր կարող առաջանալ, որ հանցագործը նա չի եղել: Նույն դատապարտելի պրոֆեսիոնալիզմով հարմարեցվել են նաև ապացույցները ներկայիս մեղադրյալների մասով և դրա հետևանք է այն, որ նաև վկաներից մեկը փոխել է իր ցուցմունքները ինչպես ենթադրյալ հանցագործի դիմագծերի մանրակրկիտ նկարագրության մասով, այնպես էլ նրանց հագին եղած հագուստների գույների մասով»:
Միջնորդության հարցադրումները հավանաբար կլինեն հետեւյալ բովանդակությամբ, ինչ հնչեցվել էր առաջին ատյանի դատարանում, մասնավորապես, ի՞նչ մարմնական վնասվածքներ է ունեցել Հայկ Կոջոյանը, ինչո՞ւ է արվել ռենտգեն, երբ անզեն աչքով հնարավոր էր տարբերել հրազենային վնասվածքը, ի՞նչ սպիներ են եղել Հայկի վրա, ի՞նչ է նկատվել ռենտգեն հետազոտությունից հետո: Նշեմ, որ երբ առաջին ատյանի դատարան էր հրավիրվել փորձագետը, պաշտպանը հարցրեց նրան, թե «բացառո՞ւմ եք, որ հրազենային կարող էր չլինել վնասվածքը», փորձագետը պատասխանեց՝ «Ենթադրյալ հարցերին չեմ պատասխանի»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ օրաթերթ»

22.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930