Լրահոս
Օրվա լրահոսը

Դրական եւ բացասական յուրահատկություններ

Հունիս 23,2017 10:00

Որքան ես հիշում եմ՝ կառավարության ծրագրի քննարկումը խորհրդարանում ընթանում է հետեւյալ սխեմայով: Կառավարություն. «Նպատակները համեստ են, բայց սրանք են մեր հնարավորությունները»: Ընդդիմություն. «Մի գողացեք, եւ հնարավորություններն ավելի շատ կլինեն»: Կառավարություն. «Ապացուցեք, որ մենք գողանում ենք»: Ընդդիմություն. «Բա ինչո՞ւ է ժողովուրդը չքավոր, եթե չեք գողանում»: Կառավարություն. «Օբյեկտիվ պատճառներով»: Եվ այսպես՝ 25 տարի շարունակ:

Քննարկումները մշտապես անցնում են երկկողմ պոպուլիզմի պայմաններում: Կառավարությունը գրում է քիչ թվեր, բայց ճոռոմ բառեր, ընդդիմությունը սահմանափակվում է «չե՛մ հավատում» բացականչությամբ եւ հրաժարվում է բովանդակային քննարկումից: Այս կրկնվող իրավիճակներով հանդերձ՝ արժե, թերեւս, նշել մեկ բացասական եւ մեկ դրական յուրահատկություն:

Բացասականն, իմ կարծիքով, այն է, որ ծրագիրը նախատեսված է 2017-2022 թվականների համար: Հինգ տարում կարող է հինգ կառավարություն փոխվել, եւ հաշվի առնելով, որ ամեն հաջորդ կառավարություն պատասխան չի տալիս նախորդի արած-չարածների համար, չես իմանա՝ ումից ինչ պահանջես:

Օրինակ՝ նախորդ կառավարությունը խոստացել է 2017թ. նվազագույն աշխատավարձը դարձնել 65 հազար դրամ, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Ներկայիս կառավարությունը խոստանում է մոտավորապես նույնն անել մինչեւ 2022 թվականը: Վաղը կգա մի նոր կառավարություն, որը մեկ այլ թիվ կասի կամ ոչ մի թիվ չի ասի, եւ այդ ամենը, մեղմ ասած, չի նպաստում վստահության մթնոլորտի ձեւավորմանը: Հետևաբար` Հայաստանի պայմաններում ծրագիրը պետք է գրել մեկ տարով:

Բայց եթե ընտրված է «հնգամյա պլանի» տարբերակը, ապա, ինձ թվում է, պետք է լինեն միջանկյալ թվեր՝ 2018 թվականին այս կոնկրետ ցուցանիշը կլինի այսպիսին, իսկ 2019-ին՝ այնպիսին, որպեսզի հնարավոր լինի ստուգել՝ կատարվո՞ւմ են խոստումները, թե՞ ոչ: Թե չէ մինչեւ 2022 թվականը, ինչպես ասում են, ով սաղ, ով մեռած՝ աշխարհում, տարածաշրջանում եւ Հայաստանում շատ բան կարող է փոխվել:

Հիմա դրականի մասին: Մեծ տեղ է հատկացվում թվայնացմանը՝ սկսած կառավարման համակարգից եւ վերջացրած հարկայինով, մաքսայինով, ինչպես նաեւ քաղաքացիների դիմումների ու բողոքների ընթացքով: Եթե հասարակությանը մատչելի լինեն մեր պետությանն առնչվող բոլոր տվյալները՝ ներառյալ բոլոր քաղաքացիների եկամուտներն ու ծախսերը (այո, բոլոր քաղաքացիների, որպեսզի հնարավորություն չլինի «ինչ-որ բան ինչ-որ մեկի վրա գրել»), ապա թափանցիկության այս աստիճանը էապես կնվազեցնի այն, ինչ բյուրոկրատական լեզվով կոչվում է «կոռուպցիոն ռիսկեր», իսկ դա հասարակության վստահության կարեւոր հիմքերից մեկն է:

Մնում է, որ մենք այնքան գրագետ լինենք, որ կարողանանք օգտվել համացանցում արդեն իսկ տեղադրված եւ տեղադրվելիք բաց տվյալներից: Ասելով «մենք»՝ նկատի ունեմ ոչ միայն լրագրողներիս:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Կառավարության անդամները, պատգամավորները, նախագահը եւ նրա թիմակիցները չեն, վստահում եւ չեն հավատում իրար, իրենց ստորադասներին եւ հակառակը՝ ստորադասները իրար եւ իրենց վերադասներին:
    Ունեւորները չարակամ են, գոռոզ, չքվորները՝ չկամ, նավսոտ:
    Եւ բոլորն էլ (-0,005%) փողի մեռած, նյութապաշտ, անհոգի, անհավատ, շահամոլ արարածներ:

  2. Լավատես says:

    Քանի որ ազգի անվտանգությունը բոլոր երկրներում առաջին տեղում է, դրա համար ուժային կառույցները բոլոր երկրներում առավել արդյունավետ գործող համակարգն է: Դրա համար, որպեսզի մյուս՝ օրենսդրական, տնտեսական, դրամական բնագավառներում նույն արդյունավետությունը ապահովել ու լուծել ամենաբարդ հարցերը, անհրաժեշտ է ուժային համակարգի կառուցվածքն օգտագործել՝ Ա միայն ամենաբարձր մակարդակի մասնագետներից բաղկացած գլխավոր սպայակույտ, Բ ռազմաքաղաքական կապող օղակ՝ ռազմական նախարարություն եւ Գ զուտ քաղաքական սպայակույտ՝ վարչապետ, նախագահ կամ թագավոր՝ թագավորը պետք կգա, երբ որոշենք միավորել հայ կրոնը հայ պետության հետ ու հայ թագավորը կլինի եւ հայ կրոնի եւ հայ պետության ղեկավարը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930