Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության մեղրամիսն ավարտվել է. ԵՄ Առեւտրի հարցերով խորհրդական

Հունիս 23,2017 18:50

Եվրամիությունից առաջին անգամ Հայաստան է ժամանել փաստահավաք լիիրավ առաքելություն, որն ուսումնասիրել է, թե Հայաստանի կառավարությունն ինչպիսի առաջընթաց է գրանցել Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի (GSP+) ներքո 27 միջազգային հիմնական կոնվենցիաների իրականացման հարցում:

Այսօր Եվրամիության պատվիրակության գրասենյակում ԵՄ Առեւտրի հարցերով խորհրդական, Խուուս Հութուին երեք կարեւոր խնդիր առանձնացրեց, որոնք ԵՄ մասնագետներին մտահոգության տեղիք են տվել:

Առաջինն, ըստ Խուուս Հութուինի, աշխատուժի, աշխատանքի պաշտպանության արդյունավետ համակարգի բացակայությունն է: Երկրորդը ՄԱԿ-ի կիրառելի կոնվենցիաների պահանջների լիարժեք կատարումն ապահովելու համար անհրաժեշտ օրենք ընդունելու խնդիրն է, որը կնախատեսվի ընտանեկան բռնությունը կանխարգելելու եւ դրա դեմ պայքարելու համար: Երրորդ խնդիրն, ըստ նրա անկախ եւ արդյունավետ դատական համակարգի ունենալն է:

Պարոն Հութուին ասաց, որ առաջին հաշվետվությունը հրապարակվել է 2016 թվականի սկզբին եւ այդ ժամանակին հաջորդած շրջանն իրենք անվանել են մեղրամսի շրջան. «Հիմի ասում ենք, որ այդ մեղրամսի շրջանն արդեն ավարտված է եւ սկսվել է, պայմանականորեն ասած, ամուսնության շրջանը, շրջան, որի ընթացքում երկուստեք պետք է կողմերը ջանքեր ներդնեն եւ մենք ակնկալում ենք, որ կառավարության կողմից ներդրվող ջանքը կլինի ՄԱԿ-ի նշված 27 կոնվենցիաների կատարման ուղղությամբ լրացուցիչ քայլեր ապահովելը, իսկ մեր կողմից էլ 8,7 միլիոն եվրոյի արտոնությունները եւ երկուստեք լրացուցիչ ջանքեր այս ուղղությամբ»:

Aravot.am-ի հարցին, թե «ամուսնական պայմանագիրը» խախտելու, այսինքն` ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում, ինչպիսի հետեւանքներ կկրի Հայաստանի կառավարությունը, Խուուս Հութուին պատասխանեց` չեմ կարծում, որ մենք հասել ենք այն կետի, որպեսզի մտածենք պայմանագրի խախտման մասին. «Դա այն վերջին քայլն է, որի մասին Եվրամիությունը կմտածի, եւ, եթե մտածի, դա կլինի համակարգի գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու մասին: Եվ եթե նման իրավիճակ ծագի, Հայաստանի եւ մյուս իննը պետությունների դեպքում նման եզրակացություն լինի, Եվրամիությունը կքննարկի արտոնությունների ժամանակավոր կասեցման հնարավորությունը, բայց դա իրականում կախված է կառավարության գործողություններից: Մեր զեկույցը, որպես այդպիսին, ներկայացնելու է չեզոք եզրակացություններ, արժանահավատ եզրակացություններ բոլոր երկրների` այդ թվում Հայաստանի կատարողականի վերաբերյալ, ուստի այդ զեկույցն այս փուլում չի լինելու զեկույց, որը խորհուրդ կտար այս պահին քննություն նախաձեռնել: Մենք եկել ենք ուսումնասիրող, մշտադիտարկող առաքելության կարգավիճակով եւ ոչ քննող առաքելության: Քննող առաքելության իրավական աստառն արդեն այլ կլիներ, ինչպիսին մենք չենք: Նախ` խորհուրդ կտայի կարդայիք զեկույցը, 2018-ի դրությամբ այն պատրաստ կլինի եւ դրա հիման վրա միայն կլինեն հետագա գործողությունները, բայց ես հուսով եմ, որ կառավարությունն իր կողմից անհրաժեշտ քայլերը կկատարի եւ անհրաժեշտ ջանքերը կներդնի»:

Ըստ նրա. «Մեր մոտեցումներն այսպիսին է` երբ պետությունները բլուրն ի վեր են ընթանում, մեր մոտեցման համաձայն GSP+ շահառու պետություններին օգնում ենք, որպեսզի առանձնահատուկ եւ ծանր պարտավորությունները 27 կոնվենցիաների պահպանման առումով կատարեն: Այս պահին մենք ոչ թե փնտրում ենք վատթարագույն սցենարի զարգացումն, այլ ակնկալում ենք եւ հուսով ենք տեսնել առաջընթաց: Եվ կառավարության հետ միասին, հուսով ենք, որ կկարողանաք ֆիքսել առաջընթաց»:

Առեւտրի հարցերով խորհրդականն ասաց, որ կցանկանային Հայաստանի կառավարության կողմից տեսնել լրացուցիչ գործողություններ, ներառյալ վերոնշյալ երեք կետերով:
«Մենք ավելի շատ կուզեինք տեսնել, ոչ թե ծրագրեր, այլ գործողություններ»,-ասաց պարոն Խուուս Հութուին` կառավարությանը հորդորելով կատարված գործողությունները տեսնել այս աշնան դրությամբ, որպեսզի իրենց կողմից հրապարակված զեկույցում կարողանան այն ներառել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930