Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջ է այն մարդը, որը ղեկավարվում է բնական բարու սկզբունքներով

Հունիս 24,2017 12:30

Որոշ մասնագետներ մարդու առողջության առաջին նախապայմանը համարում են հոգեւորը, այնուհետեւ` հոգեբանականը եւ ֆիզիկականը։ Հոգեւոր առողջության առաջին նախապայման է համարվում եսասիրության բացակայությունը, հանդուրժողականությունը, բնության հետ ներդաշնակվելու ձգտումը, համատիեզերական սերը։ Այլ կերպ ասած` հոգեւոր տեսակետից առողջ է այն մարդը, որը ղեկավարվում է բնական բարու սկզբունքներով, չի ապրում լոկ իր համար, եւ ի հաշիվ ուրիշների։ Մեր նախնիների համար այս միտքը ձեւակերպվել է աստվածաշնչյան պատվիրանների տեսքով։

Բարու օրենքներով ապրելը ոչ թե մարդկային հասարակության զարգացման ու կատարելագործման ուղիներից մեկն է, այլ միակ ուղին է։

Այս գաղափարը բավականին համոզիչ արծարծված է նաեւ ֆիզիկոս-տեսաբան Ի. Լ. Գելովինի «Նյութի մեջ բոլոր փոխազդեցությունների միասնական տեսության հիմքերը» գրքում։ Աշխատության հիմնական միտքը սա է. ցանկացած համակարգ կենսունակ է, եթե բաղկացած է փոխկապակցված եւ ինֆորմացիա փոխանակող ենթահամակարգերից։ Եթե որեւէ ենթահամակարգում կարգ ու կանոն, ներդաշնակություն է տիրում, ապա այն ներդաշնակող ինֆորմացիա է ուղարկում մյուս ենթահամակարգերին եւ հակառակը` մի ենթահամակարգի աններդաշնակությունը, քաոսն ու բռնությունը տարածվում են նաեւ մյուս ենթահամակարգերի վրա, եւ արդյունքում ամբողջ համակարգը կարող է կործանվել։

Ռուս բնաբույժ Գալինա Շատալովան նշել է, որ շատ ավելի սարսափելի է, երբ կտրվում է ենթահամակարգերի միջեւ եղած կապը. «Հենց այդպիսի կործանարար իրավիճակի նախաշեմին է կանգնած մարդկային հասարակությունը, որ կորցրել է կապը բնության մյուս ենթահամակարգերի հետ։ Այդ հանգամանքը նկատի ունենալով էլ՝ շատ կարեւոր է մարդկանց բարի վերաբերմունքը միմյանց եւ բնության մյուս գոյերի հանդեպ»։

Խոսելով հոգեբանական առողջության մասին, բժշկուհին նշել է, որ այն գիտակցականի եւ ենթագիտակցականի ներդաշնակ համակցությունն է. «Մարդու ուղեղը մի կողմից ապահովում է մեր օրգանիզմը կազմող առանձին օրգանների կենսունակությունն ու կենսագործունեությունը (դրա պատասխանատուն ենթագիտակցությունն է, որ ավտոմատ կարգավորիչի դեր է կատարում), մյուս կողմից, քանի որ մեր օրգանիզմը (ուզենք, թե` ոչ) լիակատար կախվածության մեջ է գտնվում շրջապատող միջավայրից, ուղեղը պետք է հստակ արձագանքի շրջապատի փոփոխություններին, գնահատի, թե դրանք չե՞ն սպառնում, արդյոք, օրգանիզմի գոյությանը։ Վերահսկիչի ու պահապանի դերը վստահված է գիտակցությանը։ Սա, իհարկե, մեր ուղեղի բազմակողմանի ու բարդ աշխատանքի շատ պարզեցված սխեման է»։ Հոգեւոր եւ հոգեբանական առողջության հաշվին ունենում ենք ֆիզիկական առողջությունը։ Քաղաքակրթության շնորհիվ մարդու առողջությունը հարվածի տակ է դրվում գոյության դեռեւս սաղմնային շրջանում։ Այդ պատճառով, ֆիզիկական առողջությունը վերականգնելը բավականին բարդ գործ է։

Բնաբույժ Գալինա Շատալովան ֆիզիկական առողջության պահպանման իր մեթոդիկայի նպատակը համարում է այն, որ պետք է նորմալացնել օրգանիզմի կենսագործունեության այնպիսի գործընթացներ, ինչպիսիք են շնչառությունը, ջերմակարգավորումը, հոգեբանությունը, սնուցումը. «Մարդու կենսական պահանջներից ամենակարեւորը շնչառությունն է։ Առաջին շնչի հետ սկսվում է մեր կյանքը երկրի վրա եւ վերջին շնչի հետ` ավարտվում։ Եթե մարդն առանց շարժվելու կարող է ապրել տարիներ, առանց ուտելու՝ շաբաթներ ու ամիսներ, առանց ջուր խմելու` օրեր, ապա առանց շնչելու կարող է ապրել միայն վայրկյաններ, լավագույն դեպքում` րոպեներ։ Շնչառության հետ անուղղակիորեն կապված են արյան շրջանառությունը, սնուցումը, ջերմակարգավորումը»։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ օրաթերթ»

23.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930