Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կապիտալիզմի խորդուբորդ ընթացքը-3

Հունիս 25,2017 12:00

Հայկական կապիտալիզմին առնչվող իմ նախորդ հոդվածում նշեցի ու շեշտեցի, որ Հայաստանի Երրորդ հանրապետությունում խոշոր ու մեծահարուստ կապիտալիստներ դարձան հիմնականում նախկին «ցեխավիկները», ինչպես նաև բարձր ու եկամտաբեր պաշտոն ստացածներն ու պաշտոնի շնորհիվ հարստացածները: Փաստորեն, անարդարացիորեն մոռացել ու չէի նշել թաղային հեղինակություններին, որոնք, գրեթե առանց բացառության, դարձան մեծահարուստներ ու խոշոր սեփականատերեր, այսինքն՝ կապիտալիստներ:

Այսուհանդերձ, թաղային հեղինակություններին մոռանալս այնքան էլ անտրամաբանական ու անարդարացի չէր, քանի որ նախկին «ցեխավիկներին» հիշելով ու նշելով՝ ենթագիտակցորեն նաև թաղային հեղինակություններին նկատի ունեի, քանի որ, ըստ էության, նախկին «ցեխավիկների» մեծ մասը նաև թաղային հեղինակություններ էին: Եվ վերջապես՝ մի իրականության մեջ, որտեղ թաղային հեղինակությունը դառնում է Ազգային ժողովի պատգամավոր, կապիտալիստ կդառնա ու կդառնա, մանավանդ որ՝ թերզարգացած կապիտալիզմի պայմաններում զոռբայությունը կարող է մեծ դեր խաղալ: Ռուսաստանն էլ առանձնապես զարգացած կապիտալիստական երկիր չի. այնտեղ էլ են զոռբաները, թաղային հեղինակություններն ու մանավանդ օրենքով գողերը մեծահարուստներ ու կապիտալիստներ դառնում, չնայած, այսուհանդերձ, Ռուսաստանում թաղային հեղինակությունները պատգամավոր չեն դառնում: Այս իմաստով մենք Ռուսաստանից բավական «առաջ» ենք:

Ինչպես որ Հայաստանում սոցիալիզմն էր օտար և օտարամուտ, նույնպեսև՝ կապիտալիզմը: Չնայած մենք մեր այս հոդվածաշարի վերնագրում ու տեքստի մեջ «կապիտալիզմ» բառն ենք շեշտում ու կիրառում, այդուհանդերձ, վաղուց ի վեր այս «կապիտալիզմ» բառը՝ մանավանդ արտասահմանյան կապիտալիստական երկրների քաղաքագետների բառապաշարում գրեթե չի օգտագործվում. փոխարենը մեծապես օգտագործվում է «դեմոկրատական» արտահայտությունը. փոխանակ ասեն ու գրեն «կապիտալիստական երկիր», ասում ու գրում են՝ «դեմոկրատական երկիր»: Շվեդիայի առումով նույնիսկ «սոցիալիստական» են ասում ու գրում: Դա նշանակում է, որ «կապիտալիզմ» ու «կապիտալիստական» բառերը որոշ ու որոշակի բացասական վերաբերմունք են առաջացնում, ինչպես որ մի ժամանակ «սոցիալիստականն» էր բացասական վերաբերմունք առաջացնում:

Փաստը փաստ է, որ ոչ սոցիալիզմն էր հայկական երևույթ և ոչ էլ կապիտալիզմը. երկուսն էլ դրսեկ երևույթներ են, և ինչպես սոցիալիզմի դեպքում, կապիտալիզմի դեպքում էլ ցանկալի է, որ մենք ընդօրինակենք դրականը: Սոցիալիզմի ու Սովետի օրոք դա ավելի քան հնարավոր էր, որովհետև սովետական սոցիալիստական երկրում մեզ ոչ միայն վատն ու բացասականն էին պարտադրում, այլև լավն ու դրականը, մինչդեռ կապիտալիզմի օրոք մեզ ոչ ոք ոչինչ չի պարտադրում, և այն, ինչ վերջին քառորդ դարի ընթացքում կառուցվում ու իրականանում է Հայաստանի անկախացած հանրապետությունում, հանգիստ խղճով կարող ենք անվանել «հայկական կապիտալիզմ», և եթե այդպես չանվանենք էլ, դրանից ոչինչ չի փոխվի, և եթե անվանենք՝ էլի ոչինչ չի փոխվի, և «կապիտալիստական» չենք դառնա, ինչպես որ ինքներս մեզ դեմոկրատական անվանելով՝ դեմոկրատական չենք դառնում:

Դեմոկրատական չենք դառնա նույնիսկ այն դեպքում, եթե առողջապահության նախարարի նախաձեռնությամբ հասարակական վայրերում ծխելը դադարեցնենք: Նախարարի նախաձեռնությունից ոգևորվածներն օրինակ են բերում, որ բազմաթիվ զարգացած երկրներում արգելվում է հասարակական վայրերում ծխելը: Ավելի ոգևորվածները խորհուրդ են տալիս թանկացնել ծխախոտը, և մինչ առավել ոգևորվածները խորհուրդ էին տալիս, էդ ընթացքում որոշ ծխախոտներ իսկապես թանկացան: Եթե ծխելու դեմ օրենք ընդունվի, ծխախոտն ավելի կթանկանա, և քանի որ ծխելն իսկապես անբուժելի հիվանդություն է, մեզանում ծխախոտի արտադրությունն ու ներկրումը նոր թափ կստանան:

Լավ է, որ ծխախոտի հարցում մերոնք զարգացած երկրներից են օրինակներ բերում, և լավ է, որ մարդիկ չծխողների իրավունքների մասին են մտածում՝ համարելով, որ ծխողներն իրավունք չունեն կեղտոտել չծխողների օդը: Այսուհանդերձ, շատ լավ կլիներ, եթե այլ հարցերում նույնպես հետևեինք զարգացած երկրներին և համեմատվեինք նրանց հետ: Ինչքան էլ խուսափենք, կրկին ստիպված ենք վերադառնալ թոշակառուների ու կենսաթոշակների հարցերին: Համեմատվենք, խնդրեմ:

Կա՞ արդյոք մի զարգացած երկիր, որտեղ նախկին ուսուցիչն ու դասախոսը, բանվորն ու գիտնականը, գրողն ու լրագրողը և էլի շատերն ավելի քան տասն անգամ պակաս թոշակ են ստանում, քան դատավորն ու պետական պաշտոնյաները: Եթե դրան գումարենք նաև այն, որ զգալիորեն պակաս թոշակ ստացողները «դարդից» շարունակելու են թանկացած ծխախոտ ծխել, վիճակն ավելի տխուր կլինի: Կատակը մի կողմ, բայց ոչ միայն չծխողների մասին պիտի մտածենք, այլև չափազանց քիչ թոշակ ստացողների: Համոզված եմ, որ եթե մարդիկ լիարժեք թոշակ ստանային, ընտրակաշառք չէին վերցնի: Եվ որևէ մեկից էլ որևէ բարեգործություն չէին ընդունի:

Բարեգործության մասին: Շատերն այն կարծիքին են, որ բարեգործությունը ապագա չի, և բարեգործությամբ երկիր չես կառուցի: Ընդհանուր առմամբ համաձայն եմ: Բայց մեր դեպքը մի քիչ ուրիշ է: Ունենք երկրաշարժից տուժածներ, որոնցից շատերը դեռ տանիք չունեն: Ունենք զոհվածների ու վիրավորների կարիքավոր ընտանիքներ: Եվ վերստին թոշակառուներ, որոնց մեծ մասի վիճակը չափազանց տխուր է, եթե չասենք՝ անհույս, և որոնցից քչերին է հաջողվում այս դժվարին կյանքը ձգել այնքան, որ արժանանան «ավանդների վերադարձ» հորջորջվող գրոշներին, որոնց կանդրադառնանք հաջորդ անգամ:

 

 ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ

24.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930