Լրահոս
Օրվա լրահոսը

Ճեմարանի շրջանավարտները պետք է ունենան քաղաքացիական բարձր գիտակցություն. Գարեգին Բ

Հունիս 25,2017 12:15

Հունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2016-2017 ուսումնական տարվա փակման արարողությունը:

Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական, ուսուցչական անձնակազմը և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները:

Միջոցառումը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին Հայաստանի Հանրապետության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Տեսուչ Հայր Սուրբը ներկայացրեց ուսումնական տարում ճեմարանի կյանքում արձանագրված ձեռքբերումները, որոնց թվում՝ ճեմարանի կայքէջի և տեսասկավառակի շնորհանդեսը, «Էջմիածին» երգչախմբի հոգևոր համերգների կազմակերպումը Մոսկվայում և Գրոդնոյում, արտադասարանային տարբեր դասախոսությունների ու միջոցառումների անցկացումը արտասահմանյան և Հայաստանի մի շարք բուհերի դասախոսների կողմից, ճեմարանականների մասնակցությունը տարբեր սոցիալական ծրագրերի ու մշակութային ձեռնարկների։ Ճեմարանի տեսուչը կարևոր ձեռքբերում նկատեց  տարեսկզբին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ կառավարության հաստատմամբ ճեմարանում բացված ասպիրանտուրայի փաստաթղթային ու ծրագրային նախապատրաստական աշխատանքների ավարտը, նաև Հռոմի Արևելյան համալսարանի հետ սկզբնավորվող համագործակցությունը։

Տեղեկացվեց, որ անցնող 2016-2017 ուսումնական տարում ճեմարանն ունեցել է 94 ուսանող, որոնցից 10-ը՝ շրջանավարտ, հաստատությունում դասավանդել է 63 դասախոս՝ 37 աշխարհական և 26 հոգևորական:

Իր հաշվետու խոսքում Հայր Գարեգինը նաև անդրադարձավ հոգևոր հաստատության առաքելությանը՝ նշելով. «Ճեմարանական կյանքում եթե մի բան պիտի սովորեն մեր սաները, ապա դա ի Քրիստոս առաքելագործության մեջ միասնականութիւնն է, հոգևոր անանց ճշմարտության փնտրտուքի ճանապարհին: Ընդ սմին, հոգևոր կրթության շնորհիվ ստանում ենք լուսավորն ու բարին, սուրբն ու հավիտենականը մեղքից ու անցողիկից զատորոշելու կարողություն: Վեցամյա կրթությունը Ճեմարանում միտված է մարդկային աստվածաստեղծ լավագույն որակներն ի հայտ բերելու մեր սաների մեջ: Նրանց ուսուցանելու, որ ամեն բանի մեջ նախևառաջ գերադասելի են արդարությունը, խիզախությունը և խոնարհությունը»:

Տեսչական ու դասախոսական կազմի անունից Հայր Սուրբը շրջանավարտ սաներին մաղթեց, որ Քրիստոս միշտ աներևութապես ուղեկից լինի նրանց իրենց կյանքում և գործերում ՝ զինելով վերջիններիս իմաստությամբ:

Ապա երաժշտական կատարումներով հանդես եկավ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երգչախումբը՝ ղեկավարությամբ Բարեշնորհ Արթուր սարկավագ Վարդանյանի: Ուսանողության անունից խոսք ասաց Զ լսարանի սան Բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մինասյանը:

Հանդիսության ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուսման մեջ դրսևորած բարձր առաջադիմության, կարգապահության և այլ արժանիքների համար հատուկ պարգևների արժանացրեց տարբեր լսարանների սաների:

Ցերեկույթն ամփոփվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:

Նորին Սրբությունն իր գոհունակությունն արտահայտեց ուսումնական տարվա ընթացքում Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների արձանագրած հաջողությունների և ձեռքբերումների առիթով` իր գնահատանքը բերելով Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի և Թրբանճյան ընծայարանի տեսչական և դասախոսական կազմերին ներդրված նվիրյալ ջանքերի և ջանադիր գործունեության համար:

Իր պատգամում Հայոց Հովվապետը նշեց, որ ժողովրդի հոգևոր սպասավորության համար պատրաստվող եկեղեցականնները պետք է կրողը լինեն լավ մարդու, լավ հայի և լավ քաղաքացու հատկանիշների։

Ըստ այդմ, Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ ճեմարանը կոչում ունի նախ մարդակերտումի. մարդ, որ կրողն է Աստծու պատկերի, ով նմանվում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին և առաջնորդվում Նրա պատվիրաններով ու պատգամներով։

Հոգևոր հաստատության երկրորդ կոչումը Նորին Սրբությունը նկատեց մանկավարժների և տեսչության կողմից հայրենասեր հայորդիներ դաստիարակելու առաքելությունը, որպեսզի ճեմարանի սաները, հաղորդ դառնալով ազգային պատմությանը, հայրերի սրբազան ժառանգությանը ու հերոսական կերպարներին, նրանց օրինակով ու ծառայանվիրումի ոգով հաղթանակներ կերտեն ինչպես հոգևոր, այնպես և աշխարհիկ կյանքում, կարող լինեն նպաստելու հայապահպանության սրբազան գործին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց նաև, որ ճեմարանի շրջանավարտներն ունենան քաղաքացիական բարձր գիտակցություն, պատասխանատվության և օրինապահության ոգի՝ իբրև արժանավոր եկեղեցականներ ժողովրդին պահելու Աստծո շավիղների մեջ և ազգային կյանքը առաջնորդելու սիրո, բարության, արդարության և խաղաղության մեջ:

Խոսքն ուղղելով շրջանավարտ սարկավագներին՝ Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Մենք մեծապես ուրախ ենք, որ այս տարի ևս ունենք  շրջանավարտներ, ովքեր մուտք են գործելու միաբանական կյանք և իրենց ամբարած գիտելիքներն ի սպաս են բերելու իրենց ծառայագործության մեջ մեր ժողովրդին և Սուրբ Եկեղեցուն։ Վստահ ենք, որ մեր շրջանավարտները կարդարացնեն ինչպես մանկավարժների, այնպես էլ տեսչության և մեր միաբանության սպասումներն ու հույսերը և ավելիով կնպաստեն մեր Եկեղեցու վարկի ու հեղինակության բարձրացմանը: Բարի ընթացք ենք մաղթում իրենց միաբանական նոր կյանքից ներս և արդյունավոր ծառայություն՝ ի սեր և ի փառս մեր ժողովրդի ու Եկեղեցու»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց նաև մնացյալ ճեմարանականներին՝ հորդորելով բարձր գիտակցություն դրսևորել ուսումնառության մեջ և ամենայն ջանք ի գործ դնել՝ իրենց անձերը պատրաստելու այն մեծ առաքելության, որին կոչված է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին:

Վերջում Գարեգին Բ Հայրապետը մաղթեց, որ Տերը միշտ պայծառ պահի Հայոց Եկեղեցին և արդյունավորի նրա առաքելությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հայցեց Երկնավորի օրհնությունը աշխարհասփյուռ հայոց ազգին և հայրենի երկրին, որպեսզի միշտ լինեն Աստծո սուրբ Աջի հովանու ներքո և ապրեն խաղաղության և բարօրության մեջ:

Ճեմարանի ուսումնական տարվա փակման հանդիսությունն ավարտվեց հայրապետական «Պահպանիչ» աղոթքով:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930