Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի ուսուցիչները կծանոթանան դասավանդման ժամանակակից մեթոդներին

Հունիս 26,2017 10:46

«Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնության շրջանակում Արցախի Ստեփանակերտ քաղաքի, ինչպես նաեւ Մարտունու շրջանի գյուղական համայնքների եւ Մարտունի քաղաքի շուրջ 120 ուսուցիչների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ՝ ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառման եւ արդի մոտեցումների ներկայացման նպատակով:

Դասընթացները կազմակերպվում են Հայաստանի ու Արցախի մի խումբ մասնագետների նախաձեռնությամբ: Ծրագիրն արդեն հավանության է արժանացել Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարության կողմից:
Առաջարկվում է զուգահեռ երկու դասընթաց, որոնց ուսուցիչները կարող են գրանցվել ըստ իրենց նախասիրությունների ՝

1. Ուսուցման ժամանակակից մեթոդներ եւ տեխնոլոգիաներ, այդ թվում՝ նախագծի մեթոդ, STEM կրթություն (Science, Technology, Engineering, Math, կամ՝ Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա)՝ երեք օր տեւողությամբ:

2. Հոգեբանական մոտեցումներ, այդ թվում՝ դրական հուզական փոխհարաբերությունների ձեւավորում ու զարգացում, դրական մթնոլորտի ապահովում հոգեբանական հնարքների եւ խաղերի միջոցով՝ երկու օր տեւողությամբ։

Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը կարեւորում է նման ծրագրի իրականացումը: «Այս նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ուսուցիչներին ծանոթացնել ուսուցման արդիական մոտեցումներին ու նոր տեխնոլոգիաներին, մասնավորապես՝ STEM կրթությանը, որը ներառում է միջառարկայական եւ նախագծային մեթոդները, սերմանում ինժեներական մշակույթի տարրեր, ինտեգրված ձեւով ուսուցանում բնական գիտությունները, մաթեմատիկան, քանի որ այս ոլորտները խիստ փոխկապակցված են իրական կյանքում: Նախաձեռնությունը, համոզված ենք, կծառայի նպատակին՝ խթան հանդիսանալով կրթական բարեփոխումների համար՝ ի շահ մատաղ սերնդի դաստիարակության»,- նշում է նախարարը:

«Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ միշտ կարեւորվել է ժամանակակից մեթոդներով դասավանդման հարցը, եւ որոշեցինք համատեղ ուժերով սկսել այս նախաձեռնությունը: Փորձառու մասնագետները ոչ միայն կներկայացնեն կրթության ժամանակակից մոտեցումները, այլեւ պրակտիկ կիրառության գործնական պարապմունքներ կանցկացնեն: Եթե ուզում ենք կրթության ոլորտում առաջընթաց ապահովել՝ ժամանակակից մեթոդների կիրառումը պարզապես անհրաժեշտություն է: STEM-ը ներկայումս համարվում է համաշխարհային կրթության հիմնական միտումներից մեկը, քանի որ ժամանակակից աշխարհում ամենապահանջվածն են դառնում նշված ոլորտների գիտելիքները»,-ընդգծում է նախաձեռնության հեղինակ Անուշ Եդիգարյանը:

Կազմակերպիչները համոզված են, որ դասընթացները ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ կփոխանցեն, այլ նաեւ կնպաստեն տարբեր դպրոցների ուսուցիչների միջեւ համակարգված համագործակցությանը՝ ստեղծելով ժամանակակից կրթական տեխնոլոգիաների եւ մեթոդների քննարկման հարթակ:

Վերապատրաստումները տեղի կունենան հուլիսի վերջին, կանցկացվեն Ստեփանակերտում եւ Մարտունու շրջանի Գիշի գյուղում: Որպես ուսուցանողներ ներգրավվել են դասավանդման եւ ուսուցիչների վերապատրաստումներ վարելու հարուստ փորձ ունեցող մասնագետներ, ովքեր սովորել կամ կատարելագործվել են արտերկրում։
Վերապատրաստման ծրագիրը հագեցած է գործնական, խմբային եւ հետազոտական բնույթի հանձնարարություններով։ Հատկապես շեշտադրվում են STEM կրթության մոտեցումները, որոնք նպաստում են աշակերտների հետազոտական եւ վերլուծական մտքի, համագործակցության կարողությունների զարգացմանը եւ օգնում են ժամանակակից աշխարհում պահանջված մասնագիտությունների ընտրության հարցում։
Ծրագրով վերապատրաստված ուսուցիչներից ոմանք նաեւ կդասավանդեն «Գիտելիքը ուժ է» նախաձեռնության շրջանակում Արցախի Մարտունու շրջանում 10-16 տարեկան աշակերտների համար կազմակերպվելիք համանուն ամառային դպրոցում, որի հիմքում եւս STEM կրթության մոտեցումներն են։

«Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930