Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու կրակոցների գործով բերման է ենթարկվել այն երիտասարդը, որը դատարանում հարձակվել էր լրագրողի վրա

Հունիս 27,2017 12:02

Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցում «Պոնչիկ-մոնչիկ» սրճարանի դիմաց նախօրեին հնչած կրակոցների փաստով կան բերման ենթարկված մի քանի հոգի, սակայն որպես կասկածյալ, մեղադրյալ ներգրավված անձինք դեռ չկան։ Այս մասին Aravot.am-ին փոխանցեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Ոստիկանության մեր աղբյուրներից պարզեցինք, որ բերման ենթարկվածներից մեկը 31-ամյա Կարեն Սարգսյանն է՝ Չախալ մականվամբ, որն այս տարվա փետրվարի 28-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Միրզոյանի դանակահարության գործը քննելիս՝ հարձակվել էր «Ասպարեզ» թերթի ու asparez.am կայքի լրագրող Անահիտ Սիմոնյանի վրա, խլել ֆոտոապարատը ու փախել անհայտ ուղղությամբ

Հիշեցնենք, որ Հրաչիկ Միրզոյանին դանակահարել էին 2015 թվականի մարտի 28-ին Գյումրու Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ։ Այդ ժամանակ որպես կասկածյալ՝ ձերբակալվեց ատամնաբույժ Գևորգ Խաչատրյանի որդին՝ Կամո Խաչատրյանը, որը հանրությանն առավել հայտնի է Ռուդիկ անունով։ Սակայն կարճ ժամանակ անց փոխվեց նրա խափանման միջոցը. գրավի դիմաց նրան ազատ արձակեցին՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու պայմանով։ Նշենք, որ Գյումրիում նախօրեին հնչած կրակոցների փաստով շոշափվում է նաև Ռուդիկի անունը։

Ինչևէ, «Ասպարեզի» լրագրողի ֆոտոապարատը խլած Կարեն Սարգսյանը՝ Չախալը (տես լուսանկարում), Ռուդիկի շրջապատից է։ Կարեն Սարգսյանի նկատմամբ Շիրակի մարզի դատախազությունում նույնպես քրեական գործ հարուցվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝«Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստով:

Հիշեցնենք, որ Գյումրու կենտրոնում հնչած կրակոցներից հրազենային վիրավորում էր ստացել 1981 թվականին ծնված Գեորգի Հակոբյանը՝ Ախուրյանի տարածաշրջանի վաղամեռիկ դատախազ Հակոբ Հակոբյանի որդին։ Նրա վիճակը, ըստ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, այս պահի դրությամբ կայուն ծանր է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930