Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամաշնորհների լուրջ թերակատարում կա. Կառավարությունը գտնում է, որ ընդամենը 11 մլրդ են շեղվել (Ֆոտոշարք)

Հունիս 27,2017 13:35

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2016-ի բյուջեի կատարման հաշվետվությունը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց՝ ՀԲ-ն ոռոգման համակարգերի համար դրամաշնորհներ է հատկացրել, հնարավոր չէ՞ր ուղղել ջրամբարների կառուցմանը, որպեսզի անհրաժեշտություն չառաջանար Սեւանա լճից ջուր բաց թողնել հավելյալ: Ֆինանսները արդյունավե՞տ են ծախսվում, թե՞ ոչ: Կատարե՞լ եք ստուգում, դրամաշնորհները ինչքանո՞վ են նպատակային ծախսվել:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Դրամաշնորհների արդյունավետությունը ստուգվում է այն տրամաբանությամբ, ինչ մնացած ծախսերը: Իհարկե, կարող են լինել թերություններ, արդյունքները կվերջնականացվեն եւ կունենանք իրական պատկերի բացահայտում: Ինչ վերաբերում է ջրամբարների կառուցմանը, նա ասաց, որ առաջնահերթությունները վաղուց քննարկվել եւ հաստատվել են, 2016-ի համար դա չեն կարող փոխել:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հարցրեց՝ դրամաշնորհային ծրագրերը պետք է նպաստեին հանրային տնտեսության զարգացմանը, եթե մենք դրամաշնորհների լուրջ թերակատարում ունեինք՝ 63 տոկոսի շրջանակներում, ինչպիսի՞ դերակատարում ունի դա ընդհանուր տնտեսության վրա. «Մենք պետք է հասկանանք ինչ տեղի ունեցավ, ոչ թե փաստենք ու անցնենք առաջ»: Նա նաեւ հարցրեց՝ բավականին տպավորիչ եկամուտ կա 2016-ին՝ 2015-ի հետ համեմատած, այստեղ կարող ենք ենթադրել, որ ուղղակի դերակատարում ունի ստվերի կրճատումը, կա՞ վերլուծություն, մենք ինչի՞ արդյունքում ենք սրան հասել:

Ատոմ Ջանջուղազյանը հաստատեց՝ դրամաշնորհների կատարողականը 63 տոկոս է. «Պետք է ուղղակի նաեւ թիվը ներկայացնեմ՝ 11 մլրդ դրամի մասին է խոսքը, այսինքն, շեղումը այդ 37 տոկոսանոց 11 մլրդ է: Դրա գնահատականը սպասելիքներից շեղումի իմաստով չեմ կարծում, որ հնարավոր է բացահայտել»:

Ինչ վերաբերում է եկամուտներին, Ջանջուղազյանը սա նույնպես հաստատեց, որ ստվեր են կրճատել. «Աշխարհում այդպիսի երկիր չկա, որ դրա դեմ չպայքարի, եւ դա բնական է, որովհետեւ հարկ վճարողը շահագրգռված է չվճարել, հարկ հավաքողն էլ շահագրգռված է հավաքել առավելագույնը»:

Խոսրով Հարությունյանը հեգնեց՝«Իհարկե, 11 մլրդ-ը եթե նայում եք 1 տրիլիոն ծախսերի մեջ՝ 0 է, կարելի է նույնիսկ ուշադրություն չդարձնել: Բայց կներեք, այդ դեպքում ընդհանրապես դրամաշնորհների մասին ինչու եք խոսում, հավանաբար դրամաշնորհներով իրականացվող ծրագրերն ինչ-որ նպատակ հետապնդում են, գոնե ինստիտուցիոնալ փոփոխություններ արձանագրելու առումով: Ճիշտ կլինի մենք այս լեզվով իրար հետ խոսենք, որովհետեւ 11 մլրդ-ը, իհարկե, ոչինչ չի նշանակում: Էդպես որ լինի, 33 մլրդ-ն էլ առանձնապես մի բան չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930