Լրահոս
Օրվա լրահոսը

«Դարավոր բարեկամությունից» ձերբազատվելու հրամայականը

Հունիս 27,2017 22:00

Հայաստանն այլ ընտրություն չունի, քան վերանայել
ազգային անվտանգության ապահովման պատկերացումները

Շաբաթ օրն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ «Կոմպոզիտոր Ռախմանինով» ռոմանտիկ անվանմամբ նավով զրահատեխնիկայի, հրետանու եւ այլ սպառազինության մեծ խմբաքանակ է մատակարարվել Ռուսաստանի կողմից: Այդ մեծածավալ ընծան Ադրբեջանին փոխանցվել է երկրի զինված ուժերի տոնին ընդառաջ, ինչի կապակցությամբ «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւն «առաջիններից մեկն է» շնորհավորել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին՝ ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, եւ իր ուղերձում նշել, որ «ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը թույլ կտա էապես բարձրացնել Զինված ուժերի հզորությունը եւ նրանց ունակությունը՝ ապահովելու ադրբեջանական ժողովրդի խաղաղությունը եւ բարգավաճումը»:

Պաշտոնական Երեւանից չկա որեւէ արձագանք եւ հազիվ թե լինի՝ դատելով անցյալի գործելակերպից: Մյուս կողմից՝ հաշվի առնելով, թե ուր է հասել Հայաստանն իր «դարավոր բարեկամի» շահերը սեփական արյան, արժանապատվության եւ գրպանի հաշվին առաջ տանելու եւ այժմ որ կետում է գտնվում, ապա դժվար թե երեւանյան հիպոթետիկ արձագանքն արժանանա Մոսկվայում այլ պատասխանի, քան ցինիկ եւ արհամարհական քմծիծաղի: Հետեւաբար նոտայով պատասխանելը կամ, ասենք, պարոն Վոլինկինին ԱԳՆ-ում գետնից քիչ բարձր «տաբուրետկայի» վրա նստած վիճակում ինչ-որ բան բացատրելը (այնպես, ինչպես դա արեցին Թուրքիայի դեսպանի հետ Երուսաղեմում՝ Իսրայելի ԱԳՆ-ում) վաղուց է ժամանակավրեպ դարձել: Այնպես, ինչպես վաղուց ժամանակավրեպ են բոլոր՝ մատների վրա բազմաթիվ հրապարակային եւ ոչ հրապարակային բացատրությունները, թե քանի ռուսական կոպեկ արժեն այն բոլոր թղթերը, որոնք ստորագրված են Ռուսաստանի հետ եւ կոչվում են «պայմանագիր», «համաձայնագիր», «դաշինք», «միություն» եւ այլն, կամ հայկական բյուջեի վզից կախված՝ ռուսական պատվիրակությունների հայաստանյան անկապ այցերի ժամանակ հնչող ճառերը «դարավոր բարեկամության» մասին:

Այս ամենը վաղուց է վերածվել «խոսակցությունների՝ հօգուտ աղքատների»: Պաշտոնական Երեւանը վաղուց եւ լիովին կատարել ու գերակատարել է իր բոլոր դաշնակցային պարտավորությունները Ռուսաստանի նկատմամբ, զգալի չափով նաեւ՝ ի վնաս իրեն, ինչը նույնիսկ չէր էլ պահանջվում, գուցե մտածելով, թե դա կստիպի Ռուսաստանին «լավ աչքով նայել մեզ»: Դա էլ թողնենք մի կողմ: Ռուսաստանի այդ ո՞ր պարկեշտ կամ անպարկեշտ քմահաճույքը չի կատարել Հայաստանը, ու դա հետո բացատրել «անվտանգության նկատառումներով»: Եթե ընդունենք, որ պաշտոնական Երեւանի մոտեցումները ճիշտ էին, եւ պետք էր Ռուսաստանին ընդառաջել այդ իր բոլոր քմահաճույքներում, եւ բառապաշարից հանել «նետ» բառը, որպեսզի լուծվեր անվտանգության ապահովման հարցը, ապա ի՞նչ տեղի ունեցավ այդ անվտանգության հետ: Ո՞ւր է այդ անվտանգությունը:

Եթե մինչեւ քառօրյա պատերազմն «ընկեր» Բորդյուժան Ադրբեջանին հարձակողական սպառազինությամբ մինչեւ ատամները զինելը բացատրում էր «բիզնեսով», մենք այդ «բիզնեսի» համար վճարեցինք արյամբ 2016-ի ապրիլին եւ չարեցինք որեւէ քաղաքական հետեւություն, թե այդ ամենն «ինչպես է աշխատում», եւ ինչ անել, որպեսզի դրա կրկնությունը բացառվի: Իսկ ահա այժմ «ընկեր» Միխեեւն այլեւս բիզնեսից չի խոսում, այլ ավելի հեռուն է գնում՝ նշելով, որ այդ հարձակողական սպառազինությամբ, որն, ի դեպ, պետք է տեղակայվի «ճակատային գոտում», այսինքն՝ Արցախի դեմ ծավալված դիրքերում, «թույլ կտա էապես բարձրացնել Զինված ուժերի հզորությունը եւ նրանց ունակությունը՝ ապահովելու ադրբեջանական ժողովրդի խաղաղությունը եւ բարգավաճումը»:
Այո, սա բիզնես չէ, սա քաղաքականություն է՝ ուղղված տարածաշրջանի ապակայունացմանը, ռազմական հաշվեկշռի խախտմանը՝ ի վնաս Հայաստանի, ընդդեմ Հայաստանի, եւ Արցախի նոր պատերազմի սանձազերծմանը: Դա էլ, պետք է հասկանալ, պետք է հայ ժողովրդի խաղաղության եւ բարգավաճման հաշվին ապահովի ադրբեջանական ժողովրդի խաղաղությունը եւ բարգավաճո՞ւմը:

Հետեւաբար սա նշանակում է, որ Հայաստանը միանգամայն լեգիտիմ կերպով կարող է իրեն լիովին ազատ համարել այն բոլոր «պարտավորություններից», որոնք խոչընդոտում են ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական ոլորտում նոր հարաբերությունների ձեւավորմանն այլ՝ ավելի հուսալի սուբյեկտների հետ, ինչը թույլ կտա ապահովել հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը եւ արժանապատվության անձեռնմխելիությունը: Բոլոր խոսակցությունները, թե՝ «ժողովուրդը չի հասկանա», ուղղակի վիրավորական են ժողովրդի համար, իսկ պատճառաբանությունները, թե՝ «այլընտրանք չկա», ուղղակի չեն համապատասխանում իրականությանը: Հայաստանն ունի մեծ եւ չգործադրված ներուժ ՆԱՏՕ-ի անդամ-երկրների, Վրաստանի եւ Իրանի հետ անվտանգության ընդհանուր օրակարգ ձեւակերպելու առումով, ինչպես նաեւ զարգացնելու արտաքին տնտեսական կապերը, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից: Հայաստանը բազմաթիվ առաջարկություններ է ստացել եւ թողել անպատասխան, իսկ փաստորեն՝ մերժել հանուն «դարավոր բարեկամության», եւ ժամանակն է այս ամենին առաջանցիկ տեմպերով ընթացք տալ: Իսկ Մոսկվայի հնարավոր առարկությունները կարող են ունենալ միայն մեկ պատասխան. դադարե՛ք զինել Ադրբեջանին եւ վճարե՛ք ձեր ռազմաբազաների համար, սա էլ մե՛ր «բիզնեսն» է: Եվ ո՞վ է ասել, որ Հայաստանն ընդմիշտ պետք է վճարի նույնիսկ ձեր կոմունալ վարձերը, թույլ տա, որ «փռվեք» հայ-իրանական սահմանին, իսկ «Գազպրոմն» ու «Ռոսնեֆտն» այստեղ ընդմիշտ գերշահույթներ հավաքեն հանուն «դարավոր բարեկամության» եւ վերածեն Հայաստանը տարածաշրջանային «չուլանի»:

Այո, կարիք չկա ԱԳՆ որեւէ նոտայի կամ էմոցիոնալ դրսեւորումների կամ էլ, մանավանդ՝ խուճապի: Ռազմավարական վերանայման եւ շրջադարձի ռիսկերը մեծ են, սակայն շրջադարձի բացակայության պարագայում ռիսկերն ուղղակի անընդունելի են, քանզի համազգային աղետը եւ պետականության կորուստն ուղղակի երաշխավորված են:
Վերոշարադրյալում կարիք չկա փորձելու «ալարմիզմ» տեսնել, քանզի խոսքն ընդամենը պարզ տրամաբանության եւ առողջ բանականության մասին է, եթե, իհարկե, գոնե ինքնապահպանման բնազդը չի դավաճանել: Իսկ եթե չի դավաճանել, ապա անհրաժեշտ է մի կողմ դնել դոգմատիկ պատկերացումներն ազգային անվտանգության մասին, մի կողմ դնել «ոչ-ոչ»-ային եւ այլանուն ինքնախաբեությունը, առանց ավելորդ կարգախոսների եւ կոնյունկտուրային ամբոխավարության վերաձեւակերպել ազգային շահը բոլոր ոլորտներում եւ շուտափույթ դուրս գալ այս գլխակեր «բարեկամության» ճիրաններից, որում հայտնվել են մեր երկու պետականությունները:

Եվ թող Աստված հեռու պահի մեզ նման «դարավոր բարեկամներից», իսկ հակառակորդների հետ հարցերը դրանից հետո ինքներս կլուծենք:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

27.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    մէջերում ՝ «Հայաստանը բազմաթիվ առաջարկություններ է ստացել եւ թողել անպատասխան, իսկ փաստորեն՝ մերժել հանուն «դարավոր բարեկամության» »

    իրապէ՞ս…
    այդ պատճառո՞վ է անպատասխան թողել կամ նոյնիսկ մերժել այդ բազմաթիւ այլ առաջարկութիւնները…

    զանոնք մերժել ու մերժում է, որովհետեւ եթէ անոնց ընդառաջէ, դարաւոր բարեկամը զինք կ’անէացնէ…

    Հայաստանէն շատ աւելի մեծ եւ – տառացի եւ փոխաբերական իմաստներով – Եւրոպայի շատ աւելի մօտ Ուքրայինան ամենաայժմէական փաստն է այդ իրականութեան

    Հայաստանի պարագային, ինք ուղղակի զինուորական միջոցներու դիմելու իսկ կարիքը չունի… բաւարար է որ պարզապէս լիովին մէկդի քաշուի, եւ թողէ դարաւոր թշնամիները իրենց դարաւոր գործը լրացնեն… այդ միւս առաջարկութիւնները ընողների օրհնութեամբ…

    իսկ «հակառակորդների հետ հարցերը դրանից հետո ինքներս կլուծենք»-ը անհնար է լուրջի առնել… փաստօրէն չենք իսկ յաջողում մեր ներքին հարցերը ինքներս լուծել, ուր մնաց արտաքին հարցերը !!

    ամբոխավարութեան պապա՛ն այսպիսի յօդուածներ են, նամանաւանդ երբ որ, նշանակելի timing-ով մը, յանկարծ մէջտեղ կ’ելլեն երբ որ Ռուսաստանը (գոնէ երեւութապէս) մեզի համար գայթակղեցուցիչ բան մը կ’ընէ… ինչպէս այս օրերին նոր զէնքերու յանձնումը Կովկասի թուրքերուն…

    • Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ says:

      Ի՞նչ ես լալիս, կկու՛ քույրիկ:
      -Ինչպե՞ս չլամ, ա՜ սանամեր.
      Աղվեսն եկավ էն սրտամեռ,
      Գլխիս էսպես փորձանք բերավ,
      Ձագուկներս տարավ, կերավ:
      -Վու՜յ իմ աչքին, անխե՛լք կկու,
      Ինչպե՜ս իզուր խաբվել ես դու
      Սուտ խոսքերից չար աղվեսի…
      Ո՞նց թե սարը իմն է` կասի:
      Ո՞վ է տվել էն լրբին սար,
      Սարն ամենքիս է հավասար…
      Ո՞վ կթողնի վեր կենա նա,
      Ամբողջ սարին գա տիրանա,
      Անունը տա սրած կացնի,
      Սրան նրան սուտ վախեցնի,
      Ու մինն էսօր, մյուսը` երեկ,
      Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…
      Սև գրողի էն տարածին
      Ո՞վ է տվել սրած կացին:
      Մին էլ որ գա ու սպառնա,
      Մի՛ վախենա, քշի` գնա:
      Էսպես ասավ ագռավն ու թռավ գնաց:
      (Թումանյանից՝ “իմաստուն ոչ ամբոխավարներին”)

      • Հ.Շ. says:

        «իմաստութիւնը» նիւթից դուրս է,
        եւ ամէն դէպքում թող մնայ ուրիշներին

        այստեղ կայ պարզապէս համակերպումի հարց
        համակերպում՝ իրականութեան
        կամ այլ խօսքով՝ common sense

        թէ մենք մեզ նկատենք Ռուսաստանի բարեկամը,
        կամ անոր պատանդը,
        գործնականօրէն, կացութիւնը միեւնոյնն է

        այդ «մենք-մեր-գլխի-ճարին-մենք-մեզ-կը-նայինք»ը շատ հաճելի մտածում է,
        սակայն չի դիմանար տարրական իրականութեան

        աշխարհի մէջ մի հատ երկիր չկայ որ կախեալ չլինի այլ երկիրներից

        հետեւաբար, – եւ դեռ չխօսելու համար Արցախի կայծակնային կորուստի մասին -,
        Ռուսաստանէն անջատուիլ կը նշանակէ իյնալ ՆԱՏՕ-ի գիրկը

        այսինքն՝ դառնալ, տառացիօրէն, Թուրքիոյ դաշնակիցը…

        այդ ինչ հոյակա՜պ լուծում…

        (Թումանեանի «Լուսաւորչի Կանթեղ»ի պատգամը շատ աւելի օգտաշատ կը լինի յատկապէս Հայաստանի կարգ մը հայերին, այս օրերուն…)

        • Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ says:

          Երեւի հույներն ու բուլղարացիները, Բալկանների սլավոններն այդքան խելք չունեն, եւ Ռուսաստանին թողած դարձել են “Թուրքիո դաշնակիցը”… Ինչ ասեմ…

          • Հ.Շ. says:

            . նախ, ժամանակագրական էական ազդակ մը կայ այստեղ

            այո, Խորհրդային Միութեան փլուզումից անմիջապէս ետք , նախկին ԽՍՀՄ-ի կարգ մը հանրապետութիւններ կամ արբանեակներ փախան, մտան Արեւմուտքի ծոցը.

            սակայն այն ժամանակ Ռուսաստանը շատ աւելի տկար էր.
            անհամեմատօրէն աւելի հեշտ էր Ելցինից ազատուել, քան թէ Պուտինից.

            հենց այդ պատճառով է որ Ուքրայինան չկարողացաւ հետեւիլ այդ միւսներին… ուշի մնաց…

            Վրաստանի խնդիրն ալ տակաւին չէ վերջացած, եւ ամէն պարագայի նաշատ սուղ գին վճարեց, հողային կորուստներով, ապավինելով Արեւմուտքի ծովանոյշերի կանչին…

            . յետոյ, կայ աշխարհագրական տուեալը

            այդ երկիրներից ոչ մէկը Հայաստանի դիրքը – եւ հետեւաբար կարեւորութիւնը – չունի Ռուսաստանի համար

            մենք է որ չենք կարողանում լաւապէս օգտագործել այս քաղաքական դրամագլուխը

            . վերջապէս, Թուրքիոյ բառացի դաշնակիցը լինելու նիւթով, երեւի ոչ մի ուրիշ երկիր կամ ժողովուրդ կարելի չէ բաղդատել մեզի հետ – ոչ իսկ յոյները, ոչ… եւ ամէն դէպքում, անոնք շատ լաւ ել դուրս ելան իրենց վիճակուած օսմանեան աղետից, եւ արդէն… ուրիշ տեսակի ժողովուրդ են… –

  2. Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ says:

    Ասելիքս էլ այն է, որ Ձեր ասած “ուրիշ տեսակի ժողովուրդ” էլ մենք դառնանք, այսինքն՝ համայնական մակարդակից բարձրանանք քաղաքացիական-պետական-ազգային մակարդակի, այլ ոչ թե մնանք ռուսահպատակ հայ համայնք ու ռուսական կայսերական խաղերում գրպանի մանրադրամ:

    • Հ.Շ. says:

      Տեսականարօրէն, գաղափարականօրէն, ո՞րմէկ հայը կարող է համաձայն չլինել Ձեր արտայայտած այս մէկ մտքին հետ: Սակայն Ձեր գրածները ունին նաեւ քաղաքական շեշտակի բովանդակութիւն, եւ այդ գետնի վրայ, լրիւ ուրիշ բանի մասին ենք խօսում: Եւ այլ ընտրութիւն, այլընտրանք պարզապէս չկայ այդ գետնի վրայ:

      Իսկ “ուրիշ տեսակի ժողովուրդ”-ի իմ ակնարկութիւնս կը վերաբերէր այն իրողութեան որ յոյնը փաստօրէն յօժար է պատմութեան էջը դարձնելու, նոյնիսկ Կիպրոսի հիմնախնդիրը երկրորդ կարգի դնելու, թուրքին հետ իր այժմու յարաբերութիւնների կապակցութեամբ: Մեր պարագային սակայն, եթէ նոյն մօտեցումը որդեգրենք, խօսում ենք տակաւին չընդունուած իսկ Ցեղասպանութիւն մը «ներելու» մասին: Ի դէպ, այդ փորձը տեղի ունեցաւ, եւ տեսանք թէ ոնց ձախողեցաւ – այն ալ դիմացինի՛ դժկամութեամբ – :

      Հասկանում եմ սակայն որ, մասնայատուկ կերպով Հայաստանի բնակիչների պարագային, Արեւմուտք-Ռուսաստան երկույութիւնը միայն քաղաքական չէ, այլ նաեւ ունի իր մտային, կենցաղային, մշակութային եւ մինչեւ իսկ հոգեբանական ճիւղաւորումները: Թերեւս լուծումը նիւթի այդ բոլոր այլ բաժինները անջատել է քաղաքականութիւնից եւ ռազմական իրականութիւններից: Անհնար չէ: Փաստօրէն իմ պարագայի մէջ գտնուող հայերը ռուսների հետ նշոյլ մը իսկ մօտիկութիւն կամ նմանութիւն չունին, ոչ մէկ իմաստով, սակայն հեշտօրէն եւ յստակօրէն հասկանում են թէ քաղաքական եւ զինուորական մակարդակների վրայ, Հայաստանի միակ հնարաւիր դաշնակիցը Ռուսաստանն է: Ուզենք կամ չուզենք:

      Ձեր մօտեցման ամենաթերի կէտը այն է թէ շատ, իսկապէս շա՜տ էք վստահում Արեւմուտքին, շատ էք զայն իտէալացնում: Մօտեցում մը, որ չի դիմանար ոչ թէ հեռաւոր Պատմութեան լոյսի տակ տարրական քննարկումների, այլ ժամանակակից եւ արդի պատմութեան, մինչեւ իսկ այժմէական, տակաւին ընթացքի մէջ դէպքերու ապացոյցին:

      Մինչ իմ արտայայտած հիմնական կարծիքին մէջ՝ փառաբանման, հիացմունքի կամ համակրանքի ազկաներ չկան, բարոյական պատրանքներ չկան, Ռուսաստանի նկատմամբ: Սակայն այդ բոլորի հակառակն ալ չկայ…

      Ի դէպ, իսկապէ՞ս հաւատում էք թէ մենք, նամանաւանդ այս ժամանակներին, նաեւ հակա՛ռուսական «կայսերական խաղերում գրպանի մանրադրամ» չենք…

  3. Լևոն Մելքումյան says:

    Եթե որևէ մեկը գոնե մի քիչ հայերեն գիտի, ապա հեշտությամբ կհասկանա, որ վերը նկարագրված և մեզ հիանալի հայտնի ողորմելի շողոքորթության հասնող հավատարմությունը մեր դարավոր ոխերիմ բարեկամի շահերը պաշտպանելու գործում որևէ այլ բառով հնարավոր չէ անվանել՝ քան ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ:
    Եւ դա մեր աչքի առաջ հաջողությամբ իրականացնում են մեր իսկ իշխանությունները ահա արդեն տասնյակ տարիներ: Ուզում ենք մոռանալ և հեշտությամբ մոռանում ենք, որ այդ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ գինը այն հարյուրավոր հայ լուսավոր պատանիների կյանքն է:

Պատասխանել Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930