Լրահոս
Օրվա լրահոսը

«Օֆշորի գործով փաստաբան, ո՞նց եք, իզուր մի չարչարվեք». Ամուլսարի հանքի գործով դատական նիստն էր (Տեսանյութ)

Հունիս 27,2017 14:35

Այսօր վարչական դատարանում Ամուլսարի հանքի գործով դատական հերթական նիստն էր: Հիշեցնենք՝ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ, «Էկոլոգիական իրավունք» եւ «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունները արդեն մեկ տարուց ավելի է հայցով դիմել են դատարան եւ պահանջում են չեղարկել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերը:

Հանքի շահագործման թույլտվություն ստացած «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Սայադ Բադալյանը դատարանում միջնորդություն ներկայացրեց, ըստ որի 2 շաբաթ ժամանակ խնդրեց, որպեսզի հայցի հիմքի փոփոխության վերաբերյալ պատասխան ներկայացնի:

Հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն այս դատական նիստին չէր ներկայացել:

«Էկոլոգիական իրավունք»-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանն ասաց, որ հայցի հիմքը նոր չէ փոփոխվել, անգամ մի քանի նիստեր են եղել արդեն փոփոխված հայցով, սակայն «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչը, չգիտես ինչո՞ւ, հիմա է 2 շաբաթյա ժամանակ տրամադրելու միջնորդություն ներկայացրել պատասխանելու համար:

«Քանի որ իրենք պարբերաբար հանքի շահագործման նոր նախագծեր են ներկայացրել, մենք հայցի հիմքը փոփոխել ենք ըստ իրենց կատարած փոփոխությունների: Այսօր նաեւ քննարկվեց մի կարեւոր հարց՝ հասարակական կազմակերպությունն իրավունք ունի՞ դատական կարգով վիճարկել կառավարության կողմից տրված թույլտվությունները: Ես ներկայացրեցի ամբողջական փաթեթը: Հ/կ-ների մասին օրենքը փոփոխվել է. եւ այնտեղ պայմաններ է նշված՝ հ/կ-ն տվյալ ոլորտում 3 տարվա աշխատանքային փորձ պետք է ունենա եւ այլն: Ես ներկայացրեցի փաթեթ, որով հավաստվում է, որ օրենքի բոլոր պահանջները կատարում ենք, այսինքն՝ իրավունք ունենք վիճարկել կառավարության որոշումը»-ասաց Արթուր Գրիգորյանը:

Պատասխանող կողմը նաեւ ճշտեց՝ արդյոք հայցվորը միայն 2014 թվականի նախագծի վերաբերյալ թույլտվությունն է վիճարկում, թե՞ նաեւ 2016 թվականի: Արթուր Գրիգորյանն ասաց, որ խոսքը 2014-ի մասին է, սակայն ընկերության կողմից կատարված փոփոխություններն էական չեն, ուստի հայցվորի առարկությունը վերաբերում է եւ 2014-ին եւ 2016-ին:

Դատարանը պատասխանող կողմի միջնորդությունը բավարարեց՝ հայցի հիմքի փոփոխության վերաբերյալ պատասխանելու համար ժամանակ տրամադրեց: Հաջորդ դատական նիստի օր նշանակվեց օգոստոսի 17-ին ժամը 11:00-ին:

Նշենք, որ դատական նիստն ընթանում էր բնապահպան-ակտիվիստների՝ «Ո՛չ Ամուլսարի հանքին», «Water is life», No mining in Amulsar» պաստառներով: Նիստից հետո բնապահպանները «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցչի հետեւից կանչում էին՝ «Օֆշորի գործով փաստաբան, ո՞նց եք, իզուր մի չարչարվեք, Ամուլսարը սար է մնալու, հանք չի դառնալու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930