Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ Մանուկյանի շենքը անպայման պահպանվելու է, Աֆրիկյանների շենքը վերականգնվելու է». Նարեկ Սարգսյան (Տեսանյութ)

Հունիս 27,2017 15:55

2016-ին պետբյուջեից Քաղաքաշինության պետական կոմիտեին 10 մլրդ 605 մլն դրամ է հատկացվել: Մոտ 4 մլրդ-ը կապիտալ ծախսերն են, 5.5 մլրդ դրամն էլ պետծառայողների մատչելի բնակարանով ապահովման ծրագրի իրականացման համար է:

Այսօր այդ մասին ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարցրեց՝ «Մի քանի տարի է՝ քաղաքաշինական խնդիրներ կան մեր երկրում, մասնավորապես՝ իրացված տարածքների հետ կապված՝ Կոնդ, Ֆիրդուսի, Եկմալյան, Արամի փողոց: Խնդիրը երկու կողմն ունի՝ բնակիչներ, որոնք իրենց սեփականության իրավունքը զիջել են շինարարություն իրականացնող կազմակերպությանը եւ բնակիչներ, որոնք մնացել են իրենց բնակավայրում, դատական կարգով վիճում են»: Նա նաեւ հարցրեց՝ «Հին Երեւան» ծրագրի հետ կապված ի՞նչ փոփոխություններ կան:

Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ իրենք միայն մասնագիտական փաստաթղթերն են մշակում, իրացման խնդիրները իրենց լիազորություններից դուրս են. «Իհարկե, դա շատ ծանր ժառանգություն էր, բոլորը գիտեն: Վերջին տարիներին հսկայական քայլեր արվեցին, որ այս խնդիրները լուծվեն: Շատ քիչ ընտանիքներ՝ կարծեմ 2 տասնյակ ընտանիք է մնացել Ֆիրդուսիում, նույն վիճակը Կոնդում է, որովհետեւ շենքերի շինարարությունը ընթացքի մեջ է: Չի արվում այն տեմպերով, որը մեզ կգոհացներ: Ֆիրդուսիի ներդրումային ծրագիրը պատրաստ է: Վստահ եմ, որ այն բնակիչները, որոնք դեռեւս պետք է պայմանագրեր կնքեն, չի լինի նույն պատկերը, ինչ եղավ նախորդների հետ: Կոնդինը ավելի բարդ ծրագիր է: Բնակիչները շարունակում են ապրել եւ իրացման պայմանագրեր չունեն: Մենք Կոնդի հետ կապված հանդիպում ենք բազմաթիվ ներդրողների հետ, այս պահին 4-5 ներդրողի հետ բանակցում ենք»:

Կոնդի մասով դեռեւս չկա քաղաքաշինական լուծման բանալի, ըստ Նարեկ Սարգսյանի: Նա ասաց, որ կան հատվածներ, որոնք արժեք են ներկայացնում, լոկալ տեղերում են եւ կան հատվածներ, որոնք ամբողջապես հնարավոր է բարձրահարկ շենքերի կառուցման համար տրամադրել:

Ինչ վերաբերում է «Հին Երեւան» ծրագրին՝ Նարեկ Սարգսյանն ասաց, որ ամբողջ տարածքի մոտ 70 տոկոսն իրացված է. «Երկու ներդրող կա այնտեղ, առաջին ներդրողը սկսել է աշխատանքները Աբովյան փողոցի հարակից հատվածում: Քաղաքապետարանը բոլոր փաստաթղթերը տրամադրել է: Այնտեղ օրերս շինարարությունը կսկսի: Շատ շուտով՝ մոտ մեկ ամսից կսկսի նաեւ «Հին Երեւանի» Տերյան փողոցի ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցումը»:

Նարեկ Սարգսյանը նաեւ նշեց, որ Արամ Մանուկյանի շենքը անպայման պահպանվելու է, Աֆրիկյանների շենքն էլ վերականգնվելու է, դա նախագծում արդեն ներառված է:

Էնֆիաջյանը դժգոհեց, որ հստակ ժամանակացույց չի ասվում, որ ծրագիրը այսինչ հատվածում կավարտվի այսինչ օրը: Նարեկ Սարգսյանը դիտողությունն ընդունեց, ասաց, որ չեն կարողանում հստակեցնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930