Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե առողջապահությունն ինչ գործ ունի մեզ հետ, երեւի ասում են հիվանդ են, փող են ուզում». ՋԷԿ-ի նախկին աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց աշխատավարձերը. (Տեսանյութ)

Հունիս 27,2017 17:44

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի նախկին աշխատակիցներն այսօր էլ հավաքվել էին «Քիմպրոմ»-ի տարածքում: Նրանք պահանջում են վճարել 2011 թվականի իրենց 4 ամսվա աշխատավարձերը եւ վերջնահաշվարկը: Դատարանի որոշմամբ ընկերությունը 153 աշխատողի պարտք է շուրջ 130 միլիոն դրամ:

-2014 թվականին տվեցինք դատարան, դատը շահեցինք, բայց մինչեւ այսօր ոչ մի արդյունք չկա: Խոստանում են, որ մի ամիս հետո կլինի, 10 օր հետո կլինի, բայց դե սրանք սուտ խոսակցություններ են, ոչ մի բան չի ստացվում,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՋԷԿ-ի նախկին աշխատակից Աշոտ Ղազարյանը:

Արդեն 12 օր է, ինչ ջերմաէլեկտրակայանի նախկին աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ՋԷԿ-ի մուտքերի մոտ՝ բացառելով որեւէ մեքենայի մուտքը տարածք:

Իսկ «Քիմպրոմ»-ի տարածքում հավաքված նախկին աշխատակիցներն ասում են, որ այսօր միայն նախազգուշացնում են, իսկ եթե հարցը լուծում չստանա, խոստանում են փակել նաեւ «Վանաձոր-Քիմպրոմ»-ի դարպասները՝ թույլ չտալով որևէ բեռնատար մեքենայի մտնել ու դուրս գալ գործարանի տարածքից. «Էս պահին ՋԷԿ-ն էլ է փակած: Մենք հիմա նախազգուշացնում ենք, բայց եթե հարցը չլուծվեց, նույն շուրջօրյա հերթապահությունը սահմանելու ենք նաեւ այստեղ»,- ասում են նախկին քիմպրոմցիները:

Այս տարիների ընթացքում ՋԷԿ-ի աշխատակիցները դիմել են ոչ միայն մարզային իշխանություններին, այլեւ վերջին երեք վարչապետերին ու նախագահին, սակայն սայլը տեղից այդպես էլ չի շարժվել. «Վանաձորը երեւի հանել էլ են Հայաստանի կազմի մեջից, ոչ մեկ չի գալիս, ուշադրություն չի դարձնում: Մեր փողերն ենք ուզում, ուրիշ բան չենք ուզում իրանցից: Ու՞մ դիմենք, երեւի Պուտինին դիմենք, հա՞: Պուտիննա էս հարցերը լուծելու: Բոլոր վարչապետերին ասել ենք, նախագահին ասել ենք, ոչ մի բան էլ չեն պատասխանում: Մի հատ էլ առողջապահության նախարարությունից է նամակ եկել մեզ վրա: Թե առողջապահությունն ինչ գործ ունի մեզ հետ, երեւի ասում են հիվանդ են, փող են ուզում»,-ասում է Հրաչյա Գրիգորյանը:

Քիմպրոմցիներն ասում են, որ անցած օրն իրենց հետ հանդիպել է «Վանաձոր-Քիմպրոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրովը, սակայն ապարդյուն. «Երեկ եկավ, արհամարհելով ասավ՝ բաց թողեք էդ մեքենաները, վեր կացավ, նեղացած էլ գնաց: Մեզ էլ ահաբեկեց, թե «շեստոյ ատդելը» կգա, է թող գա, մենք էլ կկռվենք: Ավելի լավ է կուշտ մեռնենք, քան սոված պատերի տակ ման գանք,- ասում է Սամվել Խեչիկյանը:

Երբ փորձեցինք խնդրի մասին զրուցել Ալեքսանդր Սնեգիրովի հետ, վերջինս ասաց, որ չի ցանկանում որեւէ հարցի պատասխանել եւ որ ինքը ոչ մի կապ չունի «Վանաձոր-Քիմպրոմ»-ի հետ. «Ես ոչ մի կապ էդ մարդկանց ու իրանց պարտքերի հետ չունեմ: Ես բանկի կողմից նշանակված իրենց գույքի պահպանման եւ գույքի վաճառքի ֆիրմայի տնօրենն եմ: Ես «Վանաձոր-Քիմպրոմ»-ի ու իրանց պարտքերի հետ կապ չունեմ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930