Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղը գտնվում է Արցախի իշխանությունների ընդգծված ուշադրության կենտրոնում

Հունիս 28,2017 15:32

Հունիսի 27-ին Քաշաթաղի շրջանի Այգեհովիտի գյուղական համայնքի Լճաշեն գյուղում շրջվարչակազմի և հարավային թևի համայնքների ղեկավարների ու դպրոցների տնօրենների հետ հանդիպում ունեցավ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նրան ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Մինչ հանդիպումը՝ նախագահը ծանոթացավ Իշխանաձորում կառուցվող նոր թաղամասի շինարարական աշխատանքներին:

Թովմասարում, որտեղ իրականացվել է 8000հա-ից ավելի հացահատիկի ցանքս, հանդիպեց բերքահավաքին մասնակից կոմբայնավարներին, նրանց հանձնեց նվերներ, հայտնեց շնորհակալություն հայրենանվեր աշխատանքի համար: Լճաշենում նախագահն անցկացրեց խորհրդակցություն: Ողջունելով ներկաներին, տեղեկացնելով օրեր առաջ Հոչանցում կայացած նույնանման հանդիպման մասին՝ Բ. Սահակյանն ասաց, որ հպարտ է քաշաթաղցիներով, ովքեր և հայրենիքի պաշտպան են, և զբաղված են հայրենաշեն աշխատանքով: Երկրի ղեկավարը կարևորեց այն, որ Քաշաթաղի շրջանում իրականացվել է 20000հա-ից ավելի հացահատիկի ցանքս, և հայտնեց՝ տրվել է հանձնարարական՝ ցանքատարածքներն ավելացվեն և հասցվեն 23500հա-ի:

Կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը՝ տեղեկացնելով, որ 2016-ի աշնանը և 2017-ի գարնանը շրջանում ընդհանուր իրականացվել է 20081հա հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 6620հա, գարի՝ 12415հա և հաճար՝ 1046հա: Ընդհանուր հնձվել է 7826հա հացահատիկ, ստացվել է 22230տ համախառն բերք՝ 28,4ց/հա բերքատվությամբ (ցորեն՝ 800հա. 2895տ՝ 36,2ց/հա և գարի՝ 7026հա. 19335տ՝ 27,5ց/հա): Արտերում օրվա դրությամբ աշխատել են 70-ից ավելի կոմբայն, որոնց ընդհանուր թիվը շրջանում կազմում է 90. 70-ը բերվել է Սյունիքի մարզից:

Ս. Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ 2017-ի գարնանը կատարվել է նաև այլ մշակաբույսերի ցանքս, և ամբողջը հասցվել է 21600հա: Հացահատիկի հնձին զուգահեռ իրականացվում է նաև խոտհունձ: Արդեն կուտակվել է մոտ 110000 հակ խոտ, 5000 հակ ծղոտ: «Վա Մաքս» ընկերությանն է հատկացվել 2000տ սենաժ: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Բ. Սահակյանն արձանագրել էր շրջանում առկա խնդիրները: Ժամանակի ընթացքում դրանց մեծ մասը լուծում է ստացել: Այս հարցերը՝ մոտ 30, ըստ համայնքների, ներկայացրեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը:

Համայնքներում առկա խնդիրների մասին տեղեկացրեցին նաև համայնքների ղեկավարները, դպրոցների տնօրենները: Կարևորվեց հարավային թևում «Արցախբանկի» բանկոմատ ունենալը, որոշ համայնքներում մանկապարտեզ բացելը, Տիգրանավանի դպրոցի նորոգումը և այլն: Խոսվեց նաև Աղավնոյում և Խնձորեսկի մոտ գործող մաքսակետերի մասին: Բ. Սահակյանը տեղեկացրեց, որ այս տարվա սեպտեմբերից դրանք հանվելու են:

Հարավային թևի հանրակրթական դպրոցների մասին տեղեկություն տվեց շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը: Շրջանում գյուղատնտեսական աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու մասին իր նկատառումները ներկայացրեց ԱՀ գյուղատնտեսության նախարարը: Շրջանի կայացման գործում ունեցած ավանդի համար տարբեր բնագավառների 10-ից ավելի ներկայացուցիչներ պարգևատրվեցին ԱՀ վարչապետի հուշամեդալով ու պատվոգրով, որոնք հանձնեց Ա. Հարությունյանը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Բ. Սահակյանը ևս մեկ անգամ նշեց, որ շրջանը գտնվում է երկրի իշխանությունների ընդգծված ուշադրության կենտրոնում: Հավելեց նաև, որ արդեն 400-ից ավելի բնակիչ ունեցող Իշխանաձոր գյուղը, որը գտնվում է Բերձոր-Կովսական, Որոտան-Հադրութ խաչմերուկում՝ Հակարի գետի 2 ափերին, դառնալու է տարածքի կենտրոնը, շարունակվելու են բնակարանների կառուցման և բնակավայրի բարեկարգման աշխատանքները. կա ծրագիր՝ այստեղ բնակչության թիվը հասցվի 1000-ի: Խորհրդակցությունից հետո կայացավ ծառատունկ և համերգային մաս:

Զոհրաբ Ըռքոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930