Լրահոս
Օրվա լրահոսը

Պեդրո Ագրամունտը փաստաբան է վարձել ընդդեմ ԵԽԽՎ-ի. ծախսերը հոգում է ադրբեջանցի պատգամավորը. Նաիրա Զոհրաբյան

Հունիս 28,2017 17:15

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գործող նախագահ Պեդրո Ագրամունտի ետկանչը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի մինչև ԵԽԽՎ աշնանային նստաշրջան: Aravot.am-ի տեղեկություններով`Ագրամունտին հեռացնելու ստորագրահավաքի արդյունքում այս պահին հավաքվել է 120-ից ավելի ստորագրություն, սակայն դա բավարար չէ: Անհրաժեշտ է, որպեսզի հարցը դրվի վեհաժողովի քվեարկությանը, ինչը պետք է արվի այն ժամանակ, երբ նիստերի դահլիճում մեծ թվով պատվիրակներ լինեն: Այնինչ, մեր տեղեկություններով այսօր արդեն մի շարք պատվիրակություններ լքել են Ստրասբուրգը:

Aravot.am-ը ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց` ԵԺԿ քաղաքական խմբից հեռացնելուց բացի է՞լ ինչ է պետք Ագրամունտին գահընկեց անելու համար: Տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Իհարկե, ստորագրությունները կան, բայց դա դեռ պետք է դրվի քվեարկության: Քվեարկության իրավունք ունեցող պատվիրակների 2/3-ը պետք է քվեարկի: Դե ֆակտո Ագրամունտը ԵԽԽՎ նախագահ չէ, կա Բյուրոյի որոշում: Բայց, որ նա դե յուրե նախագահ չլինի, պետք է 2/3-ի քվեարկություն: Իսկ դա արդեն քաղաքական նպատակահարմարության խնդիր է: Օրինակ` այսօր առավոտյան անգլիական պատվիրակությունը` բավականին մեծաթիվ, շտապ մեկնեց Լոնդոն. թագուհու ելույթի հետ կապված քվեարկության խնդիր կար, ուստի այս պահին երկու երրորդը դժվար է ապահովել»:

Ուստի հավանաբար այդպես էլ այդ հարցը չդրվի քվեարկության ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում և հետաձգվի մինչև ԵԽԽՎ աշնանային նստաշրջան: Նաև ի հեճուկս ադրբեջանական պատվիրակության անդամների` ամրագրված է, որ քվեարկությունը կլինի բաց` էլեկտրոնային, ոչ թե փակ: Նշենք, որ այժմ Ագրամունտը գտնվում է Մադրիդում:

Նաիրա Զոհրաբյանը մեզ տեղեկացրեց, որ այսօր ԵԽԽՎ շենք մուտք գործելիս ադրբեջանական մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ իրեն տեղեկացրել են, որ Ագրամունտը ընդդեմ ԵԽԽՎ-ի գործընթաց սկսելու համար փաստաբան է վարձել, իսկ ծախսերը հոգում է ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Իլխան Սուլեյմանովը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930