Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ վատ բան կա, որ Սամվել Ալեքսանյանը հումքը ներկրում է Բրազիլիայից»․ գյուղնախարար

Հունիս 28,2017 17:25

Այսօր Aravot.am-ը Գյումրի այցելած գյուղնախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ կառավարությունը չի կարողանում համոզել Ախուրյանի շաքարի գործարանի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին հումքը գնել գյուղացիներից, ինչո՞ւ կառավարությունը միջնորդ չի հանդիսանում, որ գյուղացիներն ու օլիգարխ պատգամավորն ընդհանուր հայտարարի գան գնի շուրջ ու ճակնդեղն արտադրվի հենց տեղում, որը և՛ էկոլոգիապես մաքուր կլինի, և՛ մեծ օգուտ կտա Շիրակի գյուղացիներին։

Ի պատասխան մեր հարցի՝ նախարարն ասաց․ «Համոզելու բան չկա, պետք է լինի արդյունավետություն, առաջին հերթին արդյունավետություն դնենք էս ամեն ինչի մեջ։ Հիմի եթե Ալեքսանյան Սամվելը գնում է որևիցե մի բան, ինքը հետո պետք է դրա արտադրանքն իրացնի։ Եթե շուկայում կա ավելի էժան ապրանք, քան էդ գնվածն ու արտադրվածը, ապա Ալեքսանյան Սամվելը մի տարի կառնի, չի իրացնի, հետո էլ չի անելու, հետևաբար և մենք պետք է գտնենք արդյունավետ ուղղությունը Հայաստանի գյուղատնտեսության մեջ, որը որ Ալեքսանյան Սամվելը պատրաստ է գնել։ Ինքն ասել է՝ ես պատրաստ եմ գնել, բայց գինը պետք է լինի շուկայական, մրցակցային։ Մենք պետք է գտնենք արդյունավետություն ու ապահովենք»։

Նախարարն ասում է՝ ի՞նչ վատ բան կա, որ Սամվել Ալեքսանյանը հումքը ներմուծում է Բրազիլիայից։ «Եթե այդպես է անում, ուրեմն ձեռնտու է։ Եթե ձեռնտու է ներմուծել, ուրեմն միշտ ներմուծելու է, մենք պետք է այնպես անենք, որ այստեղ արտադրելը ձեռնտու լինի, իսկ դրա համար մենք եկել ենք, աշխատում ենք, խոսելու են, գնալու ենք, փորձենք ներդրողի հետ և ցույց տանք արդյունավետությունը»։

Հիշեցմանը, թե ի սկզբանե շաքարի գործարանը Ախուրյանում բացում էին, որպեսզի զարգացնեն նաև գյուղատնտեսությունը, մի օգուտ տան գյուղացիներին, նախարարն ասաց․ «Բայց եթե ճակնդեղն այսօր թանկ է ստացվում, արտադրեն ճակնդեղը որ ի՞նչ անեն, դուք կգնե՞ք թանկ շաքարավազ խանութից։ Եկեք հարց տամ ես ձեզ, դուք պատրա՞ստ եք․ խանութում ենթադրենք կա ներմուծված 300 դրամանոց մեկ կիլոգրամը և հայկականը 600 դրամ, դուք կգնե՞ք հայկականը 600 դրամով, չեք գնի․ իհարկե։ Նույնը էն մնացածն է, էն, ինչ-որ արվում է այնտեղ, վերջում գնորդը դուք եք, երկու ելքը ունեք՝ կամ փակենք ամեն ինչ, ասենք հայկականը ու թանկը ձեր վրա վաճառենք, կամ փորձենք լինել արդյունավետ, մինչև էդ փորձենք ձեզ մատչելի գներ ապահովել։ Ամեն ինչը փոխադարձ է։Եթե դուք կգտնեք ճակնդեղ արտադրող, որը կհիմնավորի, որ ինքը կարող է ավելի էժան ճակնդեղ ապահովել և շաքարավազի գինն ավելի էժան լինի, ես պատրաստ եմ քննարկել և՛ իր հետ, և՛ Սամվել Ալեքսանյանի հետ»։

Մեր դիտարկմանը՝ միգուցե լավ չեն բանակցել գնի շուրջ այդ երկու կողմերը՝ նախարարն ասաց՝ «Դե, ես պատրաստ եմ բանակցելու»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930