Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Բոժկո. Պուտինը չի կարողացել քայքայել Ուկրաինան

Հունիս 28,2017 18:33

«Նա չի կարողացել քայքայել Ուկրաինան, երկիրը հնազանդեցնել իրեն: Հակառակը, Ուկրաինան հստակորեն ցույց է տվել, որ իր ապագան պատկերացնում է ԵՄ-ի հետ: Իհարկե, Ուկրաինան չի կարող միայնակ պայքարել հսկայական, ռազմականացված պետության դեմ, բայց կարևորն այն է, որ մենք միայնակ չենք զավթիչի դեմ պայքարում»,- այսօր կազմակերպված «Ուկրաինա. Եվրոպականացման բարդ ճանապարհ եւ հայ-ուկրաինական հարաբերությունների հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն` հավելելով, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը մեծ վնաս է հասցրել ուկրաինական բանակին, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չի հաջողվել իրականացնել, որ իր առջեւ ի սկզբանե դրած նպատակը:

«Ռուսաստանը զավթել է Ղրիմը եւ Դոնբասի մեծ մասը: Սա մեծ վնաս է հասցրել Ուկրաինայի տնտեսության զարգացմանը: Արդյունքում երկիրն ունեցել է ՀՆԱ-ի 20 տոկոս անկում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ագրեսիվ քաղաքականությունը վկայում է՝ ինչ տիպի պետության հետ գործ ունենք»,-ասաց բանախոսը` հավելելով, որ Եվրոպայի հետ ասոցացումը առավելապես հումանիտար-քաղաքական ընտրություն է, որը ցույց էր տալիս, թե Ուկրաինան որ ուղղությամբ է ուզում շարժվել:

«Շատ ժամանակ մենք ասում ենք՝ Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում: Իհարկե, չի սպասում: Այդ մենք պետք է եվրոպական մեծ ընտանիքում մեր տեղը հարթենք»,- ասաց դեսպանն` անդրադառնալով ԵՄ-ի հետ Ուկրաինայի առանց վիզայի ռեժիմի գործարկմանը: Նա վստահ է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը եվրոպական հսկայածավալ շուկայում դրսևորվելու հնարավորություններ է ընձեռում:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ կարծում է, որ Հայաստան-Ուկրաինա հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության եւ ՀՀ դիվանագիտության ամենաշատ բացթողումներ պարունակող ուղղություններից մեկն է: Ավելին, այդ ուղղությամբ ոչինչ արված չէ, մինչդեռ հսկայական ներուժ կա: Նա կարծում է, որ Ուկրաինայում տեղի ունեցող դրամատիկ զարգացումները կանխորոշելու են ոչ միայն Ուկրաինայի, այլ բոլոր հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Հայաստանի ճակատագիրը: Քաղաքագետը մեջբերեց Զբիգնեւ Բժեզինսկուն. «Ուկրաինայի կարգավիճակն է կանխորոշում Ռուսաստանի՝ գերտերություն լինել-չլինելը»:

Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ ՀՀ-ն եւ Ուկրաինան շատ ընդհանրություններ ունեն, քան ՀՀ-ն եւ ՌԴ-ն. «Իհարկե, ցավալի է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում պաշտոնական Կիեւի դիրքորոշումը բավականին կոշտ է եւ Երևանի համար անհաճո, սակայն դա եւս հայկական կողմի մեղքն է»:

Սպառազինության ոլորտում Ուկրաինայի եւ Ադրբեջանի համագործակցության մասով էլ քաղաքագետը նկատում է` ուկրաինական զենքի ներկայությունը հաշվվում է միանիշ թվերով. «Հայկական դիվանագիտությունը միանգամայն ընդունակ է հասկացնելու, որ Ուկրաինայի ամբողջականությունը եւ Բաքվի կողմից խմբագրած Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» համեմատության եզրեր չունեն»: Ուկրաինայում ռուսների ցեղասպանություն չի եղել, էթնիկ զտումներ տեղի չեն ունեցել: Պրոյեկտումն ու համեմատություններն անտեղի են»:

Ալեքսանդր Բոժկոն համամիտ է Ռուբեն Մեհրաբյանի հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930