Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Ռոբին Հուդից մինչեւ Սասնա ծռեր»

Հունիս 30,2017 10:35

Է՜հ, մի՛ խոսեցնի, աստված կըսիրես,
Թե չէ մի ղաչաղ կըդառնամ ես էլ…

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

«Հառաչանք»

1890-ական թվականներ

Շուրջ մեկ տարի է անցել «Սասնա Ծռերի» ապստամբության փորձից։ Հանրության շրջանում նրանց նկատմամբ գնահատականները տարբեր են։ Այժմ ես չեմ ուզում անդրադառնալ «Սասնա ծռերի» համակիրների և նրանց աջակցողների կարծիքներին։ Ոմանք, ոչ թե խոսքս իշխանամետների մասին է, այլև շատ այլ գործիչների, միանգամայն անկեղծ համարում են, որ ընդունելի չէ բռնությամբ և զենքով քաղաքական հարցեր լուծելը: Նրանցից առավել հայրենասերների փաստարկները հետևյալն են՝ մենք փոքր երկիր ենք՝ պատերազմող, հայը հայի դեմ զենք չպետք է բարձրացնի և այլն։ Վերջիններից ոմանք, ընդունելով հանդերձ երկրում առկա խնդիրները, նաև առաջարկություններով են հանդես գալիս՝ մեզ պետք է ուժեղ ընդդիմություն, հարկավոր է ստեղծել գաղափարական կուսակցություն, հետևողականորեն աշխատել ժողովրդի հետ և ընտրությունների միջոցով փոփոխություններ կատարել։

Թող ներեն ինձ այդ բոլոր գործիչները, դրանք հայտնի, ոչինչ չասող «ճշմարտություններ» են։ Չեմ ուզում մանրամասն անդրադառնալ անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում բոլոր մակարդակի ընտրություններին, չեմ ուզում անդրադառնալ, որ քաղաքական ուժ՝ կուսակցություն ստեղծելու և գործունեություն ծավալելու համար, անհրաժեշտ է ազատ հասարակություն, գործարարների կողմից քաղաքական գործունեության ֆինանսավորում և այլն։

Ցանկալի կլիներ, որ վերոնշյալ գործիչները, մտավորականները, հոգևորականները, լրագրողները, «Սասնա ծռերին» քննադատելով հանդերձ, նաև քաղաքական վերլուծություն փորձեին անել, թե ո՞րն էր ընդվզման պատճառը և քննադատության սլաքն ուղղեին նաև իշխանությանը։

Իսկ ինչո՞ւ են եղել պատմությունից հայտնի ապստամբությունները, և ովքե՞ր են եղել ապստամբները։

Սկսենք Ռոբին Հուդից։

Ռոբին Հուդ, միջնադարյան անգլիական ազգային բալլադների հանրահայտ հերոս, անտառային ավազակների պարագլուխ։ Ըստ ավանդության, իր ավազակախմբով գործում էր Նոթհինգհեմի մոտ գտնվող Շերվուդյան անտառում, թալանում էր հարուստներին՝ ավարը հանձնելով աղքատներին։

Միխայել Կոլհաս (Միխել Կոլհաուզե) — գերմանացի բյուրգեր (ձիերի առևտրական), 14-րդ դարի կեսերին պայքարում էր Դրեզդենի շրջակայքում ասպետների բռնությունների և ծանր հարկերի դեմ և, հանրահայտ անգլիացու նմանությամբ, նույնպես թաքնվում էր անտառում։

Հոն Գիլդոն — կորեական յանբանի (կորեացի ազնվական), որը 16-17-րդ դարերի վերջին փախստականների ավազակախմբի հետ հեռանում է անտառ և պայքարում աղքատների իրավունքների համար։ Դարձել է Հո Գյունի կորեական դասական միջնադարյան «Ասք Հոն Գիլդոնի մասին» վեպի կերպար։

Ռազին, 1670—71թթ․ գյուղացիական պատերազմի առաջնորդ Ռուսաստանում։

Պուգաչով, գյուղացիական պատերազմի 1773-75թթ․ առաջնորդ Ռուսաստանում։

Դեկաբրիստներ (ռուս՝  հեղափոխականներ), որոնք ապստամբեցին ինքնակալության և ճորտատիրության դեմ 1825թ․ դեկտեմբերին:

Եվ վերջապես 1921թ․Փետրվարյան ապստամբությունը, երբ «հայը հայի դեմ զենք բարձրացրեց»։

Շարքը կարելի է շարունակել։ Ովքե՞ր են եղել վերոնշյալները՝ ավազակնե՞ր, արկածախնդիրներ, ապստամբնե՞ր, ահաբեկիչնե՞ր, թե՞ հերոսներ։ Ընդդիմախոսները կասեն, դրանք բոլորը տարբեր են, օրինակ, չի կարելի ավազակներին խառնել դեկաբրիստների հետ։ Իհարկե, տարբեր լինելով, նրանք մի կարևոր ընդհանրություն ունեն, այն է՝ վայելել են, կամ վայելում են ճնշված, հարստահարված ու կեղեքված ժողովրդի համակրանքը, հետագայում դառնում են լեգենդ և ապագայի, այդ թվում, իշխանական մտավորականների ստեղծագործությունների հերոսներ։

Ի վերջո, այդ ապստամբությունները, հիմնականում եղել են միջնադարյան Եվրոպայում, ուր տիրում էին միապետա-ֆեոդալական կարգեր՝ ճորտատիրություն, անպատժելիություն։ Ի՞նչ արդարադատություն, ի՞նչ դատարան, միայն աշխատում էր միապետի կամքը։ Արդյոք չի՞ հիշեցնում այս ամենը մեր այսօրվա իրականությունը, որը հաստատված է նաև ՀՀ Սահմանադրությամբ՝

Հոդված 49. Հանրապետության Նախագահը պետության գլուխն է:

Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Չեմ ուզում անդրադառնալ նոր սահմանադրությանը, քանի որ միապետության միայն ձևն է փոխվում, ոչ բովանդակությունը։

Այդպիսի միապետական համակարգում, հասարակությանը մնում է ընտրության (խոսքը նախագահական,խորհրդարանական ընտրությունների մասին չէ) հետևյալ ճանապարհները՝ սպասել «դանդաղ շտապելու» ոչինչ չասող կարգախոսի իրականություն դառնալուն և համակերպվել հպատակի կարգավիճակի հետ , արտագաղթել, լինել սրճարանա-ֆեյսբուքային այլախոհ կամ ապստամբել։

Ինձ կարող են հակադարձել, որ կա նաև ակտիվ, «կառուցողական» քննադատության, «պահանջատիրության» ճանապարհը ևս (օրինակ՝ իշխանություն-ընդդիմադիր խաղալ)։

Արդյոք «Սասնա Ծռերին» սուր քննադատող մեր քաղաքական-հասարակական գործիչները, մտավորականները, հոգևորականները, լրագրողները ՀՀ Նախագահից պահանջո՞ւմ են քաղաքական-տնտեսական լուրջ բարեփոխումներ, ընդդիմանում են նրան տարբեր հարցերում, կամ նրա ներկայությամբ երբևէ քննադատե՞լ են կեղծված ընտրությունները, մերձիշխանական ֆեոդալների, ոստիկանության բռնությունները (երբ հայը հայի վրա ոչ միայն ձեռք, այլև զենք է բարձրացնում), դատարանների պատվիրված որոշումները, պահանջել դադարեցնել քաղաքական հետապնդումները, թե՞ հարմարվել և համակերպվել են հպատակի կարգավիճակին (սպասելով պաշտոնների, ներմուծման քվոտաների, կոչումների և շքանշանների)՝ նույնը պահանջելով ժողովրդից։

 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930