Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդամթերքի գները բարձրացել են գրեթե 6 տոկոսով։ Ի հաշիվ հիմնականում գյուղմթերքների գնաճի. «Հայոց աշխարհ»

Հունիս 30,2017 11:46

Վերջին ամիսներին տեղի ունեցող ակտիվացումից հետո գնաճի ցածր մակարդակով Հայաստանը այլեւս առաջատար չէ Եվրասիական տնտեսական տարածքում։ Որքան էլ կարող է զարմանալի լինել, այնուհանդերձ, որպես այդպիսին, առաջատարի դերը ստանձնել է Ռուսաստանը։

Վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն, այս տարվա առաջին չորս ամիսներին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից գնաճի ամենացածր ցուցանիշն արձանագրվել է այստեղ։ Այն եղել է ընդամենը 1,3 տոկոս։

Ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում գնաճը այս տարի ակտիվացել է։ Այն այլեւս դուրս է եկել գնանկումային միջավայրից եւ աստիճանաբար մոտենում է նախատեսված թիրախային ցուցանիշին, որից զգալիորեն շեղվել էր վերջին շրջանում։

Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանում ոչ միայն սպառողական ապրանքների գները չբարձրացան, այլեւ հերթական անգամ նվազեցին՝ կազմելով 1,1 տոկոս։ Արդեն տարեսկզբից գնաճային միջավայրը աստիճանաբար ընդլայնվեց եւ ապրիլին տասներկուամսյա հատվածում, գրեթե երկու տարվա անկումից հետո, սպառողական ապրանքների գները բարձրացան 1 տոկոսով։

Նախորդ տարվա 0,1 տոկոսի դիմաց սպառողական գների միջին ամսական հավելաճը այս տարի հասել է 0,4 տոկոսի։ Այսինքն՝ 4 անգամ ակտիվացել է։

Գնաճի մակարդակը շատ ավելի բարձր է նախորդ տարեվերջի համեմատ. ապրիլին գնաճը Հայաստանում եղել է 2,4 տոկոս։ Իհարկե, մայիսի տվյալներով, այն մի փոքր նվազել է. տատանվում է 2,1 տոկոսի սահմաններում։

Սպառողական ապրանքների շուկայի ակտիվացումը պայմանավորված է գերազանցապես պարենային ապրանքների թանկացմամբ։ Հակառակ դրան, ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների շուկաները դեռեւս շարունակում են գնանկումային լինել։

Սննդամթերքի գները բարձրացել են գրեթե 6 տոկոսով։ Ի հաշիվ հիմնականում գյուղմթերքների գնաճի։ Թանկացել են հատկապես մրգերն ու բանջարեղենը։ Դա կապված է մի կողմից գյուղմթերքների արտադրության ծավալների նվազման, մյուս կողմից՝ հավանաբար պահանջարկի ավելացման հետ։

Բանջարեղենի գները նախորդ տարվա համեմատ բարձր են ավելի քան 30 տոկոսով։ Միայն մայիսին այս շուկան թանկացել է 5,3 տոկոսով, որքան էլ այդ շրջանում սովորաբար հակառակ երեւույթն է դիտարկվում։ Մրգի գները այս տարի շուրջ 17¬18 տոկոսով բարձր են նախորդ տարվա համեմատ։

Գնաճային այս դրսեւորումների հարցում անշուշտ որոշակի ազդեցություն է գործել նաեւ սեզոնայնության գործոնը։ Եղանակային դրսեւորումներով պայմանավորված՝ գյուղատնտեսական տարին Հայաստանում ուշ մեկնարկեց, ինչի հետեւանքով առաջացել են որոշակի շեղումներ։

Գնաճի ակտիվացմանը նպաստել է նաեւ Կենտրոնական բանկի վարած ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը, որն իրականացվում է վերջին մեկուկես տարվա ընթացքում։

Տեւական ժամանակ այն հիմնականում ազդեցություն չէր գործում սպառողական շուկաների վրա։ Միայն անցած տարեվերջից այն սկսեց աստիճանաբար զգացնել տալ։ Դրան նպաստեց նաեւ հարկային վարչարարության խստացումը եւ ստվերային շրջանառության կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումների ակտիվացումը։

Հայաստանից բացի, ԵԱՏՄ¬ում գնաճի ակտիվացման միտումներ են դիտարկվել նաեւ Ղրղըզստանում, որտեղ եւս նախորդ տարին գնանկումային էր։

ԵԱՏՄ¬ում տարեսկզբին ամենաբարձր գնաճը, եթե կարելի է բարձր համարել, գրանցվել է Ղազախստանում։ 2016թ. դեկտեմբերի համեմատ այն կազմել է 2,7 տոկոս։ Նախորդ տարի Ղազախստանը փակեց 8,5 տոկոս գնաճի ցուցանիշով։ Բելառուսում եւս այս տարի գնաճի տեմպը բարձր չէ. այն հասնում է ընդամենը 2,4 տոկոսի։ Այսինքն՝ այնքան է, որքան Հայաստանում։

Նշենք, որ նախորդ տարի Բելառուսում գնաճը ամենաբարձրն էր ԵԱՏՄ¬ում՝ 10,6 տոկոս։

Ակնհայտ է, որ գնաճային միջավայրը Եվրասիական տնտեսական տարածքում ոչ միայն մեղմացել է, այլեւ դարձել շատ ավելի համաչափ։ Հիմնականում վերացել են նախորդ երկու տարիների էական տարբերությունները։ Մի բան, որ առեւտրային եւ տնտեսական հարաբերությունների առումով կարեւոր գործոն է։

Հայաստանի համար շատ ավելի էական է Ռուսաստանում ձեւավորված իրավիճակը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ¬ում հիմնական հարաբերություններն այս երկրի հետ են։ Մյուսների դեպքում դրանք ավելի համեստ են։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930