Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացեք ստիպեք, տեսնեմ ո՞նց եք Թուրքիային ստիպելու». Էդվարդ Նալբանդյանը՝ կոչեր անողներին (Տեսանյութ)

Հունիս 30,2017 11:47

«Ընդհանրապես դիվանագիտության մեջ չպետք է փոսը թռնելուց առաջ հոպ ասել»,- այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Վահե Էնֆիաջյանը դժգոհեց դիվանագետների աշխատանքից, որը բարձր էր գնահատել նախարարը: Պատգամավորի խոսքերով՝ «Ձեր խոսքերից՝ մեր իրականությունը, ոչ մի բան դրանից չի փոխվում: Այն, որ հրադադարի ռեժիմը մենք պետք է պահպանենք, ամենաբարձր ատյաններով դրա մասին խոսում ենք, ներկայացնում ենք, այնուամենայնիվ, իրականության մեջ դրանից ոչ մի բան չի փոխվում: Մեր սահմանների բացման հետ կապված, նոր գործարկումներ իրականացնելու, տարածաշրջանում մեր դերակատարումը մեծացնելու հետ կապված առանցքային մեկ-երկու ի՞նչ դեպքի մասին կարող եք խոսել: Ես հասկանում եմ, որ դուք բարձր կարգի դիվանագետ եք եւ յուրաքանչյուր հարցի հետ կապված կարող եք պատասխան տալ, բայց մեր իրականությունը պետք է փոխվի, մարդիկ պետք է շոշափելի զգան իրենց վրա, չէ՞»:

Նախարարը պատասխանեց. «Կարելի է փիլիսոփայական տարբեր բաներ ասել՝ էս ինչի չի արվում, էն ինչի չի արվում: Թուրքիային պետք է ստիպել ոչ թե դիվանագիտական հարաբերություններ հաստատելով կամ սահմաներ բացելու միջոցով, այլ պետք է ստիպել, որ ինքը ճանաչի հայոց ցեղասպանությունը եւ պետք է ստիպել: Ստիպե՛ք, գնացեք ստիպեք, տեսնեմ ո՞նց եք ստիպելու: Այսինքն, մենք կարող ենք այդ աշխատանքը կատարել այն իմաստով, որ ոչ թե մենակներս էդ անենք, ինչպես Ղարաբաղի հարցում է, որպեսզի միջազգային հանրությունը մեզ միանա, իսկ այսօր միացել է միջազգային հանրությունը եւ դա ձեռքբերում է, քայլեր են ձեռնարկվել դիվանագիտության կողմից»:

Սահմանի բացման հետ կապված Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց ԱԺ-ում հայ-թուրքական հարաբերությունների քննարկումները. «Շատերն ասում էին՝ մեզ պետք չի սահմանի բացումը: Մյուսներն էլ ասում էին՝ ինչին է պետք իրանց հետ բանակցել: Բանակցել պետք է բոլորի հետ, միայն երկխոսության, բանակցությունների միջոցով են հարցերը լուծվում: Եթե դիվանագիտությունը որոշի, որ դռներ է փակում, չի վարելու երկխոսություն, դա արդեն դիվանագիտություն չէ: Պետք է տրամադրված լինել լավատեսությամբ, այլ ոչ թե հոռետեսությամբ եւ ասել՝ վա՜յ, էս ինչ վատ է ամեն ինչը եւ Կիկոսի մահն է, վաղը, մյուս օրը ավելի վատ կլինի: Այդպես չէ: Մենք մեր հնարավորությունների համապատասխան մեր ոտքն ենք մեկնում եւ ձեռքն ենք մեկնում եւ որոշ արդյունքների հասնում ենք, ոչ իրատեսական քաղաքականությամբ մենք շատ բանի չենք հասնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Կույր, խուլ, համր, քառատված, ժողովրդի «խնամքի»» տակ գտնվող, բյուջեի կառավարական կերակրատաշտից սնվող, օտարամետ եւ պորտաբույծ օրգան է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930