Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենի քվազիհեղափոխականների մասին. «Հայոց Աշխարհ»

Հունիս 30,2017 11:59

Ընդհանրապես հայրենի ընդդիմության հեռանկարներն առանց մեր մեկնաբանության էլ ծայրաստիճան մռայլ են, եւ դագաղի կափարիչին խփած ավելորդ մեխն այստեղ քիչ բան է վճռում։ Սակայն վերջին օրերի հեղափոխական կոչերը ստիպում են վերստին անդրադառնալ տվյալ խնդրին։

Ոչ այն է՝ առանց կրակի ծուխ չի լինում, ոչ այն է՝ լինում է եւ կոչվում ծխածածկույթ, բայց միանգամից երկու գործիչներ հանդես եկան միանման հայտարարություններով։ «Սասնա ծռերի» գաղափարական առաջնորդ Վարուժան Ավետիսյանն արտահայտվեց պայքարի զինված մեթոդների օգտին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը սահմանափակվեց առայժմ «թավշե հեղափոխությամբ»։ Եվ երկու դեպքում էլ մենք գործ ունենք դասական քվազիհեղափոխականների հետ։

Քվազիհեղափոխականները գոյություն ունեն ճիշտ նույնքան ժամանակ, որքան գոյություն ունեն հեղափոխությունները։ Քվազիհեղափոխականներն ընկնում են հեղափոխության ոտքի տակ, թունավորում հասարակական մթնոլորտն իրենց չնչին փառամոլությամբ, աղանդավորությամբ, արկածախնդրությամբ, դոգմատիզմով, դեմագոգիայով, մտավոր սահմանափակությամբ… Ով ինչով կարողանում, նրանով էլ թունավորում է։
Քվազիհեղափոխականները նույնը չեն, ինչ կեղծ հեղափոխականները։ Կեղծ հեղափոխականները դիմակավորվում են իբրեւ հեղափոխականներ՝ քաջ գիտակցելով, թե ով են իրենք իրականում։ Նրանք իրենց «հեղափոխական» իմիջն առաջ են տանում ճիշտ այնպես, ինչպես ուրիշներն են առաջ տանում կրոնական կամ պոպուլիստական իմիջը։
Մինչդեռ քվազիհեղափոխականներն անկեղծորեն հավատում են, որ աշխատում են հանուն հեղափոխության։

Նրանց մի մասը շփոթում է հեղափոխությունը բարեփոխման հետ։ Ամենածիծաղելին այն է, որ տեսական առումով նրանք հաճախ բավականաչափ նախապատրաստված են լինում, որպեսզի տարբերեն հեղափոխությունը բարեփոխումից։ Իսկ առիթի դեպքում նույնիսկ կարող են այդ թեմայով ճիշտ ու խելացի դասախոսություն կարդալ ձեզ համար։ Բայց հենց որ բանը հասնում է գործին…

Հեղափոխությունը տհաճ բան է, ավտորիտար ու դաժան, ինչպեսեւ ամեն մի արմատական ցնցում։ Դա ցավ է, արյուն, արցունքներ, ատելություն, սխալներ (երբեմն ողբերգական, երբեմն հանցավոր), ամեն կարգի կենցաղային անհարմարություններ։ Իսկ «բարեփոխիչները» այնքա՜ն են ուզում, որ «իրենց» հեղափոխությունը լինի «թավշե», «խաղաղ», «անարյուն» եւ «ոչ ավտորիտար»։

Եվ ահա նրանք, խոսելով հեղափոխության մասին ու արծարծելով ամենաարմատական գաղափարներ, զուգահեռաբար դատողություններ են անում «բռնության բացառման», «մարդասիրության», «հասարակական համաձայնության» մասին։ Դրա համար էլ պատրաստ են անվերջ բանակցություններ վարել դասակարգային եւ քաղաքական հակառակորդի հետ, մասնակցել խորհրդարանական գործընթացին, խաղալ ուրիշի կանոններով, նույնիսկ «լավ բարեփոխումների» տարբեր ծրագրեր առաջարկել հակառակորդին։

Վարդան Բարսեղյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930