Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն ուղիներ է փնտրում ԶԼՄ-ներին քաղաքական ազդեցությունից ազատելու համար

Հունիս 30,2017 12:37

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ընդունվեց «Անկախ մեդիայի և լրագրողների նկատմամբ քաղաքական ազդեցությունը» խորագրով բանաձևը: ԵԽԽՎ-ն ուղիներ է փնտրում ԶԼՄ-ներին քաղաքական ազդեցություններից ազատելու, ինչպես նաեւ լրագրողների ու լրատվամիջոցների անվտանգությունն ապահովելու համար:

Ստեֆան Շեննախի (լուսանկարում) պատրաստած զեկույցում ԵԽԽՎ-ն խորը մտահոգություն է հայտնում անկախ մեդիայի վրա օրեցօր աճող քաղաքական ազդեցության վերաբերյալ: Բանաձևում ամրագրված է, որ նորանոր ռազմավարություններ և մեթոդներ են մշակվում վերացնելու անկախ լրագրությունը և լրագրողներին ինքնագրաքննության մղելու համար: Բանաձևում որպես անկախ մեդիային վնասող ամենալուրջ գործոն համարվում է ֆինանսական կախվածության հարցը:

Ուստի կոչ է արվում անդամ պետություններին տեղում ձեռնարկել կանխարգելիչ գործողություններ. օրինակ՝ բարելավել օրենսդրությունը՝ ապահովելով ԶԼՄ-ների սեփականության թափանցիկություն, ապահովել դաշտում կարգավորումներ իրականացնող մարմինների աշխատանքի թափանցիկություն, ապահովել հանրային լրատվամիջոցների ղեկավարների և աշխատակազմի նշանակման չեզոքություն և այլն:

Ըստ այդմ՝ ԵԽԽՎ-ն ամրագրել է, որ մամուլի ազատությունն ու բազմազանությունը ժողովրդավարության ապահովման հիմնարար դրույթներից է, և չի կարող լինել մամուլի ազատություն, երբ լրագրողներն ու նրանց ընտանիքի անդամները ենթարկվում են ֆիզիկական բռնության, երբ լրատվամիջոցը կանգնած է բիզնես նախագիծ դառնալու վտանգի առաջ:

ԵԽԽՎ-ն պահանջում է, որ անդամ երկրների իշխանությունները ոչ միայն երաշխավորեն լրագրողների անվտանգությունը, այլև նրանց հեռու պահեն ավելի նենգ մեթոդներից: Բանաձևում ներկայացված է եզրակացություն, որ այն լրատվամիջոցները, որոնք չունեն պետական ֆինանսավորում, քաղաքական ազդեցության տեսանկյունից ավելի խոցելի են դարձել:

Վեհաժողովը խստորեն պահանջում է բոլոր քաղաքական ուժերին դատապարտել լրագրողների նկատմամբ ցանկացած բռնություն, ոտնձգություն կամ կիբերհարձակում: Ըստ ԵԽԽՎ-ի՝ իհարկե, քաղաքական ուժերն իրավունք ունեն արձագանքելու լրատվամիջոցներով իրենց հասցեին հնչած քննադատություններին, սակայն դա չպետք է վերածվի ԶԼՄ-ի կամ լրագրողի թիրախավորման:

Վեհաժողովը նաև կոչ է անում լրագրողական կազմակերպություններին լինել ակտիվ բացահայտելու այն անձանց, որոնք լրագրող լինելու անվան ներքո չարաշահումներ են կատարում և մանիպուլացնում հասարակությանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930