Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետը չգիտի` Արայիկ Խանդոյանին եւ Արեգ Կյուրեղյանին ծեծե՞լ են (Տեսանյութ)

Հունիս 30,2017 15:47

Այսօր խորհրդարանում շարունակվող 2016 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանին հիշեցրեց, որ անցած տարի, հուլիսին, ՊՊԾ-ի գրավման ժամանակ ոստիկանության կողմից անհամաչափ ուժ է կիրառվել քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ եւ հետաքրքրվեց`որեւէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, ինչպիսի՞ն է եղել պատասխանատվությունը:

Մանե Թանդիլյանը նաև հետաքրքրվեց այս տարվա հունիսի 28-ի միջադեպից, երբ ըստ փաստաբանների՝ ծեծի են ենթարկվել «Սասնա ծռերի» անդամներ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը:

Անուբախ Համբարյանը պատասխանեց` չենք կարող ասել`դատարանի նկուղում միջադեպ եղե՞լ է, թե ոչ: Նա տեղեկացրեց, որ նյութեր են նախապատրաստվում, բոլոր հարցերը պատասխաններ կստանան:

Անցած տարվա հուլիսյան դեպքերի մասով էլ ասաց` 7 մարդ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության. դա ենթադրում է՝ կոչումի իջեցում, պաշտոնի իջեցում, խիստ նկատողություն: Որևէ մեկը չի ազատվել աշխատանքից:

Մանրամասները`տեսանյութում

Արայիկ Խանդոյանի եւ Արեգ Կյուրեղյանի ծեծի մասին հարցը շարունակեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Չե՞ք կարծում, որ շատ վատ է, երբ ոստիկանությունը դեպքի ահազանգից 24 ժամ հետո, դեռ չի կարող ասել` միջադեպ եղե՞լ, թե` ոչ: Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եմ եղել, այնտեղի վարչակազմը ինձ հավաստիացրել էր, որ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, որոնք վերադարձել են դատավարությունից մշտապես եղել են ոստիկանության ուղեկցող գնդի գումարտակի հսկողության տակ: Առանց մարմնական վնասվածքների դուրս են եկել ՔԿՀ-ից, վնասվածքներով վերադարձել, այս փաստը Ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ է»: Պատգամավորի կարծիքով, եթե ոստիկանությունը հերքում է, որ նման բան է եղել, ապա գոնե պետք է վարկած ունենա`որտեղի՞ց են այդ վնասվածքները հայտնվել:

Փոխոստիկանապետը շարունակեց նույն ոգով` նախ պետք է պարզել` ունե՞ն այդ անձինք վնասվածքներ, թե՞ ոչ: Խոստացավ`եթե լինեն մեղավորներ, նրանք կպատժվեն. «Դա միայն դատաբժիշկը կարող է ասել, ուրիշ ոչ ոք: Նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները»:

Պատասխանը զայրացրեց պատգամավորին. «Էդ տրամաբանությամբ ոստիկանության 02 հաղորդումը փակեք, ասեք ինչ-որ դեպքեր են եղել, նախաքննությունը կպարզի՝ ի՞նչ է եղել: Երբ հարցը ընդդիմությանն է վերաբերում, կիլոմետրանոց հաղորդագրություններ, սցենարներ եք գրում՝ ստեղից մտել են, զենք-զինամթերք… բա էն ժամանակ ինչի՞ չեք ասում նախաքննությունը կպարզի»:

«02»-ը փակելու դիտարկումը փոխոստիկանապետին դուր չեկավ. «Դա ձեր սուբյեկտիվ կարծիքն է, որ հաղորդումը պիտի փակենք»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հետաքրքրվեց նաեւ թե ո՞վ պետք է կատարի «Սիքյուրիթի դրիմ» ընկերության վարկային պարտավորությունները: Հարցին հստակ պատասխան չհնչեց:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930