Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնապես բացվեց Ագրոլոգ ընկերության օրգանական ուսումնաարտադրական կենտրոնը

Հունիս 30,2017 18:15

Սույն թվականի հունիսի 30-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) Դրամաշնորհային խոշոր ծրագրերից մեկի՝ Ագրոլոգ ՓԲԸ-ի օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:

Ագրոլոգի նպատակն է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության խթանումը և այդ ոլորտում սեփական փորձի փոխանակումը սկսնակների հետ: Ընկերության գործունեությունը ընդգրկում է ամբողջ արժեշղթան՝ հողից մինչև վերջնական սպառող: Ագրոլոգի թիմը պատրաստ է այս ոլորտում ցանկացած համագործակցության, որի արդյունքում տարբեր համայնքների ֆերմերների համար հնարավորություն կստեղծվի արտադրելու հայկական բնական օրգանական մթերք և գրանցելու եկամուտների աճ:

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանից և արտասահմանից բարձրաստիճան հյուրեր: Ժապավենի կտրման արարողությունից հետո բացման խոսքով հանդես եկան ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ պարոն Արմեն Հարությունյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի  ղեկավար պարոն Գերհարդ Շաումբերգերը, Արագածոտնի մարզպետ պարոն Գաբրիել Գյոզալյանը:

Այնուհետև Ագրոլոգ ընկերության տնօրեն պարոն Տիգրան Ծատուրյանը ներկայացրեց «Օգտագործելով Հայաստանի գյուղատնտեսության ներուժը նոր տնտեսական հնարավորություններ ստեղծելու համար. օրգանական սննդամթերքի կրթական և արտադրական կենտրոնի հիմնադրումը Աշտարակում» ծրագիրը, որից հետո հյուրերը կատարեցին շրջայց օրգանական կենտրոնով:

Շրջայցի ժամանակ բարձրաստիճան հյուրերը այցելեցին կենտրոնի վերապատրաստման դասասենյակ, որտեղ դիտեցին կենտրոնի ստեղծման մասին ֆիլմ, այնուհետև տեսան  օրգանական սննդամթերքի վերամշակման և լվացման արտադրամասը,  նորարարական ջերմոցը,  փոքրիկ այգին, սառնարանային տնտեսությունը, ինչպես նաև  օրգանական սննդամթերքի խանութը:

Այդ օրը նաև մեկնարկեց օրգանական և բնական մթերքների ցուցահանդես վաճառք, որին մասնակցում էին տարբեր մարզերից եկած ֆերմերներ և որը շարունակվելու է նաև վաղը՝ հուլիսի 1-ին:

 ՕԳԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից, որն, իր հերթին, հանդիսանում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) գործառնական միավորը: Ծրագրի նպատակն է զարգացնելու Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը: Ծրագիրը կնպաստի տեղական և միջազգային շուկաներում հայկական օրգանական մթերքի հաջող իրացմանը` բարելավելով իրավական և օրենսդրական դաշտը և տրամադրելով համապարփակ մարքեթինգային աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.3 մլն եվրո:

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը կապեր է ստեղծում հայ ֆերմերների և վերամշակողների և հայ գնորդների և շահագրգիռ եվրոպական ու այլ միջազգային ընկերությունների միջև: Բացի այդ, հայ օրգանական մթերք արտադրողները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային օրգանական տոնավաճառներին: Աջակցության գործառույթները, այդ թվում վերապատրաստման և սերտիֆիկացման ծառայությունները, իրականացվում են օրգանական գյուղատնտեսությանն աջակցող կառույցների դասընթացների միջոցով: Ֆերմերներին, ֆերմերային խմբերին, կոոպերատիվներին և վերամշակողներին տրամադրվում է ֆինանսական և տեխնիկական աջակցություն՝ հանգեցնելով օրգանական արժեշղթայի մասնակիցների և ծավալների զգալի աճի:

ԵՄ օգնությունը Հայաստանին 1992թ-ից ի վեր կազմում է ավելի քան 500 մլն եվրո և տարիների ընթացքում ամենամյա այդ աջակցությունն աստիճանաբար աճում է: 2011թ-ից սկսած Հայաստանը Ավստրիայի զարգացման համագործակցության (ԱԶՀ) թիրախային երկրներից է, որի հիմնական ուղղություններից է գյուղատնտեսության զարգացումը:

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930