Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը Մերձդնեստր է այցելել

Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը Մերձդնեստր է այցելել

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին քաղաքական գերատեսչության ստեղծման 25-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Մերձդնեստր է այցելել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ։

Հունիսի 30-ին Կարեն Միրզոյանը ելույթ է ունեցել ՄՄՀ արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ գումարված հանդիսավոր նիստին։ Շնորհավորելով Մերձդնեստրի իր գործընկերներին՝ նա  գոհունակությամբ է ընդգծել ՄՄՀ և Արցախի ԱԳՆ-ների միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները և համոզմունք հայտնել, որ երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը հետագայում ևս կշարունակի զարգանալ։

Նշելով, որ երկու երկրների ջանքերն ուղղված են հակամարտությունների արդարացի կարգավորմանը, Կարեն Միրզոյանը շեշտել է. «Արցախում, ինչպես Մերձդնեստրում, բացառում են հակամարտությունների ուժային լուծումը և բոլոր ջանքերը գործադրում դրանց խաղաղ կարգավորման ուղղությամբ»։

Կարեն Միրզոյանն իր ելույթում ընդգծել է, որ Արցախի և Մերձդնեստրի միջազգային ճանաչումը և ինտեգրումը միջազգային հանրությանը՝ որպես լիիրավ անդամ, ոչ միայն թույլ կտան երկու երկրների քաղաքացիներին լիարժեքորեն իրացնել իրենց իրավունքներն ու ազատությունները, այլև լուրջ ներդրում կունենան մեր տարածաշրջաններում կայունության ու անվտանգության պահպանման գործում։

Նույն օրը տեղի է ունեցել Արցախի ԱԳՆ պատվիրակության հանդիպումը ՄՄՀ արտաքին գործերի նախարար Վիտալի Իգնատևի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության հետագա ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր։

Այցի շրջանակներում արցախյան պատվիրակությանն ընդունել է նաև ՄՄՀ նախագահ Վադիմ Կրասնոսելսկին։ Կարեն Միրզոյանը նրան է փոխանցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախի և ՄՄՀ միջև համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցերի։

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք