Քաղաքացիական հասարակությունը դատապարտում է ՀՀ ոստիկանության կողմից դատական համակարգի անարգումը և գործադրված բռնությունները

Քաղաքացիական հասարակությունը դատապարտում է ՀՀ ոստիկանության կողմից դատական համակարգի անարգումը և գործադրված բռնությունները

2017թ. հուլիսի 28-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 2016թ. հուլիսին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործի քննության օրը՝ մինչ դատական նիստի սկսելը, «Սասնածռեր» զինված խմբի անդամ, գործով մեղադրյալ Արեգ Կյուրեղյանը փորձել է ինչ-որ թուղթ փոխանցել իր փաստաբանին: Դատարանի դահլիճում գտնվող ոստիկանը վերցրել է նրա ձեռքից թուղթը և թույլ չի տվել փոխանցել այն փաստաբանին: «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, գործով մեկ այլ մեղադրյալ Սմբատ Բարսեղյանը ոտքի է կանգնել և ինչ-որ արտահայտություն կատարել այդ կապակցությամբ, որից հետո ոստիկանները նրան,այնուհետև նաև Արեգ Կյուրեղյանին քաշքշելով հեռացրել են նիստերի դահլիճից:

Նույն օրը երեկոյան Արայիկ Խանդոյանի և Արեգ Կյուրեղյանի փաստաբանները` Արայիկ Պապիկյանը և Մուշեղ Շուշանյանը, իրենց պաշտպանյալների հետ քրեակատարողական հիմնարկում հանդիպելուց հետո ԶԼՄ-երին հայտնել են, որ նույն օրը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի նկուղային հարկում ոստիկանները բռնության և ծեծի են ենթարկել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին, Սմբատ Բարսեղյանին և Գագիկ Եղիազարյանին:

Բռնությունները տեղի են ունեցել դատարանի շենքի այն սենյակում, որտեղ պահվել են Արայիկ Խանդոյանը և Գագիկ Եղիազարյանը, որոնց դեռևս նախորդ դատական նիստի ժամանակ դատավորը 6 ժամով  հեռացրել էր դատական նիստերի դահլիճից:

Երբ ոստիկանները ծեծելով նույն սենյակ են բերել «Սասնածռեր» զինված խմբի անդամներ Մխիթար Ավետիսյանին և Արեգ Կյուրեղյանին, Արայիկ Խանդոյանը բողոքել է, թե ինչու են իր ընկերների հետ այդպես վարվում, որին ի պատասխան ոստիկանները հարձակվել են նաև նրա վրա և նույնպես ծեծի ենթարկել: Քանի որ սենյակը փոքր է եղել, թվով 15 հոգի ոստիկանները հերթով են ծեծել նրանց: Ծեծի են ենթարկվել նաև Սմբատ Բարսեղյանը և Գագիկ Եղիազարյանը:

Արայիկ Խանդոյանի և Արեգ Կյուրեղյանի պաշտպանները ԶԼՄ-ներին հաղորդել են, որ իրենց պաշտպանյալները ստացել են մի շարք մարմնական վնասվածքներ: Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարել է, որ Ա. Խանդոյանը կապտուկներ ունի դեմքին, բավական խորը վնասվածքներ ոտքերի վրա, և ոստիկանները ոտքերով հարվածել են նրա երիկամներին: Փաստաբանի պնդմամբ Արայիկ Խանդոյանը ստացել է ուղեղի ցնցում, սակայն նրան համապատասխան բժշկական օգնություն չի ցուցաբերվել։

Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը ԶԼՄ-ներին հայտնել է, որ  Ա. Կյուրեղյանը 100-ից ավելի հարվածներ է ստացել կրծքավանդակի, որովայնի, մեջքի, ոտքերի շրջանում, դեմքին՝ քթի և ճակատի հատվածներում, առկա են վնասվածքների հետքեր՝ արյունազեղումներ, որոնք արձանագրվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկի կողմից:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկատվություն է հրապարակել նշված բռնությունների կապակցությամբ՝ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբի ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետի կողմից մարմնական զննության են ենթարկվել Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը և Գագիկ Եղիազարյանը և ուսումնասիրվել են Արեգ Կյուրեղյանի և Սմբատ Բարսեղյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, քանի որ վերջիններս հրաժարվել են առանձնազրույց ունենալ:

Արտաքին զննության արդյունքներով.

Արայիկ Խանդոյանի մոտ արձանագրվել է ստորին վերջույթների զույգ ծնկային հոդերի դրսային հատվածներում թվով երկու (յուրաքանչյուր վերջույթում՝ մեկական) գծային քերծվածքներ՝ մոտ 1-2 սմ երկարությամբ, կարմրավուն երանգով,

Մխիթար Ավետիսյանի մոտ արձանագրվել են աջ թիակի վերին հատվածում՝ ուսագոտու հարևանությամբ, մոտ 12սմ երկարությամբ և մոտ 4 սմ լայնությամբ քերծվածք, ձախ թիակի դրսային եզրին՝ մոտ 6սմ երկարությամբ և մոտ 4սմ լայնությամբ քերծվածք, ձախ արմնկային հոդի այտուց, արմնկային հոդի դրսային հատվածում մոտ 4 սմ երկարությամբ և մոտ 3 սմ լայնությամբ քերծվածք,

Գագիկ Եղիազարյանի մոտ արձանագրվել են վերին շրթունքի աջ անկյունային, ներսային հատվածում լորձաթաղանթի վնասվածք՝ կապտավուն երանգով, իսկ ստորին շրթունքի աջ անկյունային հատվածում լորձաթաղանթի վնասվածք՝ մոտ 1 սմ տրամագծով՝ կարմրավուն երանգով, ձախ արմնկային հոդի շրջանում՝ կողմնային մակերեսին մոտ 2սմ մակերեսով քերծվածք՝ կարմրավուն երանգով, թիկունքի շրջանում՝ 4-րդ և 5-րդ կրծքային ողերի մակարդակում, ողնաշարի ուղղությամբ քերծվածք՝ մոտ 2սմ երկարությամբ և մոտ 1սմ լայնությամբ՝ կարմրավուն երանգով:

ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում կալանավորված անձինք տեղեկացրել են, որ ֆիզիկական ուժի կիրառման հետքերը ոստիկանության ծառայողների կողմից գործադրված բռնությունների հետևանք են:

Ձեռք բերված բոլոր տվյալները սահմանված կարգով ամփոփվել և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթի շրջանակներում դրանք ստուգելու և անհրաժեշտ իրավական գնահատական տալու նպատակով:

Նույն օրը՝ 2017 թ. հուլիսի 28-ին, դատարանի դահլիճում, երբ քաշքշոց է սկսվել ոստիկանների և դահլիճում ներկա քաղաքացիների միջև,բերման է ենթարկվել «Սասնա ծռեր» զինված խմբիանդամ Գագիկ Եղիազարյանի եղբայր՝ Դավիթ Եզիազարյանը:

ՀՀ Ոստիկանությունը որպես Դավիթ Եղիազարյանին բերման ենթարկելու պատճառ է նշել  վերջինիս կողմից իբր«դատական իրավախախտում» կատարելը՝ ոստիկանների պահանջներին չենթարկվելը: Ավելի ուշ ՀՀ Ոստիկանությունը փաստաբաններին հայտնել է, որ Դ.Եղիազարյանը բերման է ենթարկվել ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով, որը ՀՀ քրեական օրենսգրքով հանդիսանում է քրեորեն հետապնդելի արարք:Ոստիկանության բաժնում բացատրություն տալուց հետո Դավիթ Եղիազարյանը  ազատ է արձակվել: Փաստաբան Լուսինե Սահակյանը ԶԼՄ-ներին հայտնել է, որ Դ. Եղիազարյանի ձեռքերը ձեռնաշղթաներից վնասվել են:

Փաստաբանները դատարանի բակում նույնպես ականատես են եղել ոստիկանության կողմից Եղիազարյանի նկատմամբ բռնությանը: Երբ նրանք փորձել են իրավական օգնություն ցուցաբերել, ոստիկանները հարձակվել են նաև փաստաբանների վրա և նրանց նույնպես քաշքշել:

Ամփոփելով տեղի ունեցածը՝ արձանագրում ենք.

առաջին անգամ ոստիկանները ազատազրկված քաղաքացիների նկատմամբ բռնություններ են կիրառել դատարանում, որը հանդիսանում է ակնհայտ ոտնձգություն դատական իշխանության անկախության նկատմամբ,

կալանավորված անձանց  քրեակատարողական հիմնարկից դատարան տեղափոխել է ոստիկանության հատուկ ուղեկցող ջոկը, և հայտնի չէ, թե դատարանում ազատազրկված քաղաքացիների նկատմամբ բռնություն և ծեծ գործադրածները այդ ջոկի,  թե  ոստիկանության այլ ստորաբաժանման ծառայողներն են եղել:

Խստորեն դատապարտում ենք 2017թ. հունիսի 28-ին Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանության կողմից իրականացված գործողությունները, որոնք համարում ենք.

հրապարակային և անպատիժ ոտնձգություն դատական իշխանության անկախության նկատմամբ,

հրապարակային պատժիչ գործողություն և ֆիզիկական և հոգեբանական ճնշում անձանց նկատմամբ իրենց քաղաքական հայացքների համար,

մարդու արժանապատվությունը նվաստացնող հանցագործություն,

հանրությանն ահաբեկման հրապարակային գործողություն:

Պահանջում ենք.

ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից իրացնել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված պարտադիր լիազորությունները՝ պատասխանատվության ենթարկելու պետական կարևորագույն ինստիտուտի՝ դատական համակարգը անարգած անկախության, քաղաքացիների նկատմամբ բռնություններ կատարած  ոստիկանության աշխատակիցներին,

Ապահովել համակողմանի դատաբժշկական փորձաքննություն արձանագրված բռնությունների փաստի հիմքով,

Դադարեցնել միջամտությունը փաստաբանների գործունեությանը՝ վերոնշյալ դեպքերում պատասխանատվության ենթարկելով ոստիկանության համապատասխան ծառայողներին:

Հայտարարությունը բաց է միանալու համար.

Աշտարակի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

«Բամբիռ» մշակութային ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն

Կանանց իրավունքների կենտրոն

Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Հելսինկյան Ասոցիացիա

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Մեր Իրավունքների Սահմանները» իրավապաշտպան ՀԿ

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

Վանաձոր քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Անի Աղագյուլյան, իրավաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք