Լապշինն իրեն մեղավոր չի ճանաչել

Լապշինն իրեն մեղավոր չի ճանաչել

Հունիսի 30-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հերթական դատական նիստը, հաղորդում է Turan գործակալությունը:

Նիստի ժամանակ Լապշինի դեմ ներկայացվել է մեղադրական եզրակացություն, ըստ որի բլոգերը երկու անգամ այցելել է Արցախ՝ «խախտելով Ադրբեջանի պետական սահմանը»:

Բացի այդ, նշվում է, որ իր հրապարակումներում Լապշինն Արցախը ներկայացրել է որպես «անկախ պետություն»՝ դրանով իսկ հանդես գալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ:

Ինքը՝ Լապշինը, իրեն մեղավոր չի ճանաչել՝ հայտարարելով, որ Արցախ այցելել է որպես զբոսաշրջիկ:

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Ես զբոսաշրջային այցեր եմ կատարել»,- ասել է բլոգերը՝ հավելելով, որ իր հրապարակումներում կիսվել է տպավորություններով, իսկ Արցախում պաշտոնատար անձանց հետ կապ չի ունեցել:

Մեղադրյալը հայտարարել է, որ այցից առաջ չի հետաքրքրվել տարածաշրջանի պատմությամբ և չի փորձել թույլտվություն ստանալ Ադրբեջանի իշխանություններից: Միաժամանակ, նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղն անվանել է «անկախ» ոչ թե որպես պետություն, այլ որպես աշխարհագրական տարածք:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվել է 5 վկա: Բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը գործակալությանը պատմել է, որ որպես վկա հանդես են եկել Լեռնային Ղարաբաղից հարկադիր տեղահանված 5 անձ: Նրանք ասել , որ «Լապշինի նման մարդկանց գործունեությունը, որոնք անջատողականություն են քարոզում, խոչընդոտում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Փաստաբանը որևէ միջնորդություն չի ներկայացրել:

Դատական նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի դեսպանատան ներկայացուցիչներ (Լապշինն ունի նշված 3 երկրների քաղաքացիություն), որոնք զերծ են մնացել մեկնաբանություններից:

Լապշինի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք