Իջեւանում հանդիսավորությամբ բացվեց լողի մարզադպրոց. (Ֆոտոշարք)

Իջեւանում հանդիսավորությամբ բացվեց լողի մարզադպրոց. (Ֆոտոշարք)

Հունիսի 30-ին Իջեւան քաղաքի թիվ 1 դպրոցի տարածքում հանդիսավորությամբ բացվեց լողի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Տավուշի մարզպետի տեղակալներ Լեւոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, հարյուրավոր իջեւանցիներ:

Խորհրդային տարիներին այդ տարածքում լողավազան է գործել: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը մեզ ներկայացրեց լողի մասնագիտացված մարզադպրոցի ստեղծման պատմությունը. «Մեկուկես տարի առաջ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանին եւ Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Հովսեփ Մեսրոպյանին խնդրեցի Իջեւանում լողի մարզադպրոց գործարկել: Շատերը թերահավատ էին, որ դա հնարավոր է: Առաջարկություն եղավ լողավազանի տարածքը տրամադրել լողի ֆեդերացիային: Դիմեցի Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, որպեսզի լողավազանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվի լողի ֆեդերացիային: Մարզպետն ընդառաջեց: Շնորհակալություն եմ հայտնում Գաբրիել Ղազարյանին. Հովսեփ Մեսրոպյանին, մարզպետ Հովիկ Աբովյանին, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին»:

Մարզադպրոցի բացման արարողության ժամանակ Գագիկ Ծառուկյանին դիմավորեցին ծափահարություններով, ավանդական աղուհացով: Նա շրջեց մարզադպրոցի տարածքում: Նրան հարցրինք՝ հավանո՞ւմ է մարզադպրոցի պայմանները: Գ. Ծառուկյանն ասաց, որ մարզադպրոցում գեղեցիկ է հարմարավետ: ՀԱՕԿ-ի նախագահին հարցրինք՝ Իջեւանում լողի մարզադպրոցի բացումը նպատակ ունի լողի մասսայականացո՞ւմը, թե՞ այդ մարզաձեւում չեմպիոնների ի հայտ գալու: Նա ասաց՝ երբ այդ մարզաձեւը մասսայական կդառնա, այդ ժամանակ կլինեն մարզական բարձր արդյունքներ, ապագա չեմպիոններ:

Գագիկ Ծառուկյանը Իջեւանում հանդիպեց բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի. ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամների հետ: Վերջիններս մորուքով էին: Ծառուկյանը կատակեց՝ ծանրորդները եւ հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը չեն սափրվելու, մինչեւ Հայաստանին օլիմպիական ոսկիներ չպարգեւեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք