Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ են ձեռնտու դռնփակ նիստերը

Հուլիս 01,2017 10:00

Բնականաբար, ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ, թե ոստիկանությունը «Սասնա ծռերի» նկատմամբ «համաչափ ուժ» է կիրառել: Եթե ամբաստանյալը եւ որեւէ այլ քաղաքացի կռվի մեջ է մտնում ոստիկանի հետ, ապա վերջինս պետք է այնքան սառնասիրտ եւ պրոֆեսիոնալ լինի, որ առանց ավելորդ շարժումների նրա ձեռքերը ոլորի, ձեռնաշղթա հագցնի եւ տանի խուց: Բայց մեր ոստիկաններին (ավելի շուտ, «մըլիցեքին») մենք գիտենք` «արա, նա ինձ մեր քրֆեց…»:

Մի խոսքով՝ ենթադրում եմ, որ տեղի է ունեցել հանցագործություն, որի համար այդ ոստիկանները պետք է կանգնեն դատարանի առաջ:

Բայց եթե դու իշխանության կամ «Սասնա ծռերի» քարոզիչը չես, լրագրող ես եւ վերլուծություն ես գրում, ապա խնդիրը պետք է լուսաբանես հնարավորինս հավասարակշռված եւ բազմակողմանի: Ո՞ւմ է ձեռնտու, որ «Ծռերի» եւ Սեֆիլյանի դատավարությունն ընթանա դռնփակ: Իհարկե` իշխանություններին. նրանք շահագրգռված են արագ-արագ դատել զինված ապստամբության ջատագովներին եւ ազատվել գլխացավանքից: Իսկ ամբաստանյալները եւ նրանց կողմնակիցնե՞րը: Նրանք շահագրգռված կարող են լինել միայն այն պարագայում, եթե իրենց գլխավոր նպատակն է ասել` «տեսեք, ինչ բռնապետություն է` դռնփակ դատավարություն են անում»: Բայց մի անգամ կամ մի քանի օր նման բան ասելը առանձնապես մի լուրջ նպատակ չէ` համեմատած դռնբաց դատավարության ժամանակ քաղաքական նպատակների մասին բարձրաձայնելու հետ:
Եթե հիշյալ երկու գործերով ամբաստանյալները ոտքի կանգնեն, երբ դատարանն է գալիս, եւ նստեն, երբ դատավարությունն է ընթանում, եթե նրանք չգոռան, չհայհոյեն, չաղմկեն, ոստիկանների եւ կարգադրիչների հետ կռիվներ չսարքեն, ապա իշխանությունը ոչ մի հիմք չի ունենա իր համար ցանկալի դռնփակ դատավարության անցնելու: Ժամանակին դատական նիստի ընթացքին չեն խանգարել Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Մանվել Եղիազարյանը, Սասուն Միքայելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը, Շանթ Հարությունյանը եւ բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ, երբ ամբաստանյալի աթոռին էին (մի կողմ թողնենք, թե ով ինչում է մեղավոր կամ անմեղ): Ի՞նչ է, նրանք հավատո՞ւմ էին հայաստանյան արդարադատությանը կամ կարծում էին, թե դատարանն անկա՞խ է: Ակնհայտորեն՝ ոչ: Պարզապես նրանք կարեւորում էին դատարանում իրենց ճշմարտությունը, իրենց ուղերձը հրապարակելը, ոչ թե ամեն մի նիստին իրարանցում սարքելը: Եթե, իհարկե, կրկնեմ՝ գերնպատակը դռնփակ դատավարությունը չէ:

«Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանը դատարանի դահլիճում զինված քաղաքական պայքարի կոչ արեց: Թեեւ պայքարի այդ ձեւը ներկայիս Հայաստանում ես համարում եմ փակուղային, այնուամենայնիվ, այդ հայտարարությունն, իմ կարծիքով, ողջունելի է նախ` այն պատճառով, որ անկեղծ է, երկրորդ` սահմանազատում է զինված քաղաքական պայքարի կողմնակիցներին եւ հակառակորդներին: Ամբաստանյալների գլխավոր նպատակը պետք է լինի, կարծում եմ, զինված պայքարի անհրաժեշտության հիմնավորումը: Բայց ինչպե՞ս է հնարավոր որեւէ բան հիմնավորել, եթե ինքդ աղմուկ-աղաղակ ես սարքում եւ նիստերը տապալում:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Margar Makhsudyan says:

    ==Բայց մեր ոստիկաններին (ավելի շուտ, «մըլիցեքին») մենք գիտենք` «արա, նա ինձ մեր քրֆեց…»:==
    Ուզում եք ասել, որ այնքան միամիտ եք, որ կարծում եք, թե ՛՛մըլիցեքը՛՛ բարկանալու հետևանքվ կամ սեփական նախաձեռնությամ՞բ են այդ ջարդը կազմակերպել…
    Համոզված եմ, որ նրանք այդ արել են ՛՛հանցակազմի բացակայության՛՛ երաշխիքի պայմաններում…

  2. Հ.Շ. says:

    Քաջ գիտնալով որ դարձեալ կարճամիտ մարդոց կողմանէ պիտի արժանանամ անխուսափելի պիտակաւորումներու, նոյնպէս առարկայականօրէն – եւ այս պարագային մասնագիտաբար -, թոյլ տուէք որ ներկայացնեմ հակառակ տեսակէտը՝ դռնփակ դատաւարութիւնը կարող է որ ձեռնտու լինի կարգ մը ամբաստանեալների, որովհետեւ դատաւարութեան շնորհիւ, անոնց «հերոսական» պատկերը աւրող, դիմակը պատռող շատ մը իրողութիւններ կարող են բացայայտուիլ: Կանոնաւոր խորհրդազերծում է կատարուելու, որ կարող է աչքերը բանալ իրենց կարգ մը երկրպագուներին: Reality-check է տեղի ունենալու, համայն հանրութեան համար:

    Նաեւ – եւ դեռ այս կէտը չէ վերեւ պարզածս… -, դատավարութեան ընթացքին խօսուելու է – վերջապէ՛ս – զոհուած ոստիկանների մասին, կարող է որ անոնց սգաւոր հարազատները վկայեն… Սա լաւ բան չի, Յեղափոխութեան համար:

    Մի այլ տեսանկիւնից՝ տեսաք թէ դատարանում մեղադրեալ մը, իր փաստաբանի միջոցաւ, ինչ գրութիւն ջանաց հասցնել դուրսի իր իսկական կամ կարծեցեալ մեղսակիցներին՝ «դատաւարութիւնը օգտագործել» որ շարունակուի իրենց գործողութիւնը… Ասոր համար է ուրեմն որ անոնք – եւ դահլիճում կարգ մը հանդիսատեսներ – դիտումնաւոր կերպով խանգարում են դատի ընթացքը, որպէսզի ան երկար տեւէ: Այս հիման վրայ արդէն, կ’արդարանայ որ դատը տեղի ունենայ դռնփակ:

    Իսկ քանի որ դատաւարութիւնը տեղի կ’ունենայ խմբային դրութեամբ, կատարեալ կրկեսի վերածուած այդ դատաւարութեան դռնփակ դառնալը կը նպաստէ նաեւ ամբաստանեալներին մէջ գտնւող այն անձերին որոնք չեն ուզեր որ, անդադար յետաձգումներով, դատի տեւողութիւնը երկարի՜ ու երկարի:

    I rest my case.

    • Zaven says:

      Հարգելի Հ,Շ, արեւմտահայերենում, ներգոյական հոլով գոյություն չունի՝ դահլիճի ՄԵՋ ,դատարանի
      ՄԵՋ,կամ ՄԷՋ, միայն այդպես, իսկ «Դատարանում»,«դահլիճում»-հատուկ է բացառապես արեւվելահայերենին:
      Դիմակ- դիմակ:

      • Հ.Շ. says:

        Յարգելի Զաւեն, պարզապէս ջանք կը թափեմ լեզուս մի քիչ յարմարեցնելու արեւելահայերէնին, որպէսզի թերեւս այդ ձեւով աւելի լաւ հասկցուիմ, եւ նաեւ առ ի յարգանք այս կայքէջի ենթադրեալ ընթերցողներուն, որոնք մեծամասնութեամբ եթէ ոչ բացառապէս արեւելահայերէն կը գործածեն: Հայերի բազմաթիւ ու այլազան հատուածներու միջեւ արդէն պէտք եղածէն շատ աւելի տարբերութիւններ կան, գոնէ ջանանք լեզուներով յարմարիլ իրարու:

    • Araqel says:

      100 տոկոս համաձայն եմ:
      Իշխանությունը ավելի քան շահագրգիռ է որ լինի հրապարակային ու բաց դատ:

  3. Լավատես says:

    Ես կարոտ եմ մեր Հայ դատին՝ այն դատին չէ, որ դրսին է քննադատում, այլ մեզ՝ հայերիս է դատում, որը մեր սխալների ու անհաջողությունների պատճառներն է ուսումնասիրում ու ուղիներ առաջարկում՝ մեր մտավորականների ականջը կանչի, իսկ այդ տղաներին կարող են դատել միայն նրանք, ովքեր իրենց կյանքն են վտանգել հանուն հայրենիքի ու նրանց դրական թե բացասական կարծիքն արժեք ունի, ոչ թե ամեն տեսակ թեթեւսոլիկ կարծիքներ, ես ինքս չեմ վտանգել կյանքս, դրա համար էլ այդ հարցով խոսելու իրավունք չունեմ:

  4. Կարո Մելիքյան says:

    Փակ դատավարությունների արձագանքները՝ դեռ անցյալ դարի 37-ականներից էն գալիս,երբ բռնապետ ստալինի ղեկավարությամբ էր իրականացվում,իսկ պատմական իրականությունը հայտնի էր դառնում միայն կես դար անց,(բռնադատվածների հարազատներին էլ,ինչ-ինչ ողորմելի զիջումներ անելով), ինչ՞ է, մենք այդ ճանապհն ենք ընտրում…

  5. Ruben says:

    Գավառական մաստակ (ծամոն) քաղաքական համեմունքներով, ապրանքանիշը՝ ««Սասնա» ծռեր», կոնսերվանտը՝ Պ-17, կենսաբանական լրացումները՝ ՍՍ-18, շեղումները՝ ըստ ախորժակի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31