Հայկական կապիտալիզմի խորդուբորդ ընթացքը – 4

Հայկական կապիտալիզմի խորդուբորդ ընթացքը – 4

Անցած անգամ անդրադարձանք «ավանդների վերադարձ» հորջորջվող երևույթին, որին մշտապես արժե անդրադառնալ, բայց, չգիտես ինչու, չենք անդրադառնում: Փորձենք առավել մանրակրկիտ անդրադառնալ: Նախ՝ ծիծաղելի  է  «ավանդների վերադարձ» անվանել այն, ինչ Արթուր Բաղդասարյանն ու էլի ուրիշներ այդպես են անվանում: Խորհրդային խնայդրամարկղերին պահ տված գումարների կորուստը շատերի համար իսկական ողբերգություն էր, բայց այդ ամենաիսկական ողբերգությունը շատերը համեմատաբար «թեթև տարան», որովհետև ողբերգությունը գրեթե բոլորինն էր: Ինչպես ասում են՝ ընկերովի մահը հարսանիք է:

Այսուհանդերձ, ավանդների կորստյան և ավանդների վերադարձի հարցը կարոտ էր լուրջ ու մանրակրկիտ վերլուծության, որը, փաստորեն, չենք արել: Եթե արած լինեինք, դրանից, ըստ էության, դժվար թե որևէ բան փոխվեր, չնայած, այդուհանդերձ, սա այն թեման չէր, որի կողքով կարելի էր անտարբեր ու սառնասրտորեն անցնել այնպես՝ ինչպես մենք, փաստորեն, արեցինք:

Բնական է, որ խորհրդային պետությունն իր քաղաքացիների փոշիացած ավանդների համար պատասխանատվություն չէր կրելու այն պարզ պատճառով, որ այդ պետությունը, փաստորեն, այլևս գոյություն չուներ ու չկար: Հայաստանի Երրորդ հանրապետությունը, փաստորեն, նույնպես պատասխանատվություն չկրեց, չնայած որոշ մարդիկ փորձեցին ու փորձում են այս «ավանդների վերադարձ» հորջորջվող զավեշտալի երևույթն իբրև պատասխանատվություն ներկայացնել:

Որ ավանդների այդ չնչին տոկոսները բաժին չեն հասնելու ավանդատուների ժառանգներին, և որ՝ ավանդատուներից բացառիկներին է հաջողվելու այնքան ապրել՝ մինչև իրենց հերթը հասնի, արդեն իսկ խոսում է այն մասին, որ իրականում, փաստորեն, այդ «ավանդների վերադարձ» կոչվող երևույթը ոչ միայն լիարժեք չէ, այլև քչերին ու բացառիկներին է վերաբերում:

Բայց վերադառնանք պատասխանատվությանը:

Եթե Հայաստանի Երրորդ հանրապետությունն իրեն Երկրորդ հանրապետության լիարժեք իրավահաջորդը համարեր, լրջորեն կզբաղվեր քաղաքացիների փոշիացած ավանդների հարցով, բայց փաստ է, որ ընդհանրապես չզբաղվեց, և ավանդների հարցը մնաց Արթուր Բաղդասարյանի և ՕԵԿ-ի հույսին: Այդ մակարդակով էլ, փաստորեն, հարցը «լուծվեց»: Հեգնանքով ենք ասում, բայց իրականում հեգնելու իրավունք չունենք, որովհետև Արթուր Բաղդասարյանն ու ՕԵԿ-ն արեցին այնքան, ինչքան ի վիճակի էին, էլ չենք ասում, որ նրանք այդ ու այդքանն էլ պարտավոր չէին անել: Մինչդեռ կային մարդիկ, ովքեր մեր կարծիքով, այս հարցում պարտավորություններ ունեին: Առաջին հերթին նրանք, ովքեր սեփականաշնորհեցին խորհրդային պետությունից մնացած խնայդրամարկղերի տարածքները:

Փաստորեն, մարդիկ այդ տարածքների տերուտիրականը դառնալով՝ վայրկյան անգամ չմտածեցին, որ ավանդատուների հանդեպ պարտավորություններ ունեն: Ոչ միայն այդ ուղղությամբ չմտածեցին, այլև շատ շուտով սեփականաշնորհած ամբողջը վաճառեցին:  Հայտնի չէ՝ ինչ գնով գնեցին և ինչ գնով վաճառեցին այդ  նոր բանկ կոչվածը, այդ պատճոռով էլ չենք կարող եզրակացություններ անել: Միակ եզրակացությունն այն է, որ բոլոր դեպքերում բացակայում էր պետություն կոչվածը, որը պարտավոր էր պարտավորություններ դնել վաճառողների ու գնորդների առաջ:

Այս հարցի մեջ չենք ուզում ավելի խորանալ, որովհետև չենք ուզում փորփրել արդեն սպիացող վերքը, մանավանդ որ՝ փորփրելուց օգուտ չկա: Բայց թոշակառուների խնդրին չենք կարող չվերադառնալ ու չանդրադառնալ:

Գաղտնիք չէ, որ մեր երկրում անհնար է գոյատևել երեսունհինգ կամ քառասուն հազար դրամ թոշակով: Բայց, փաստորեն, մարդիկ գոյատևում են: Ասում ենք՝ գոյատևում են, բայց  որոշներն աղբամանները քչփորելով են գոյատևում: Որոշներն էլ՝ մուրացկանությամբ:

Նրանք, ովքեր իրենք իրենց ու իրենց չնչին կենսաթոշակի հույսին են:  Նրանք, ովքեր ոչ թե գոյատևում, այլ մեռնում են: Եվ վերջապես՝ նրանք, ովքեր դեռևս ապրում են՝ «ամեն մեռնողի երանի տալով»:

Շա՞տ ողբերգական ստացվեց: Բայց շատերը կվկայեն, որ ես գույները չեմ խտացնում: Առաջին հերթին մեր շարքային թոշակառուները կհաստատեն, որ գույները չեմ խտացնում: Ավելի ճիշտ՝ թոշակառուներից նրանք, ովքեր ոչ թե 300 հազար դրամից ավելի թոշակ են ստանում, այլ՝ տասն անգամ պակաս: Իսկ ավելի ճիշտ՝ նրանք, ովքեր տասն անգամ պակաս են ստանում և եկամտի այլ աղբյուր էլ չունեն:

Ոնց էլ գրենք, ողբերգական կստացվի, որովհետև այդ մարդկանց վիճակն իսկապես ողբերգական է: Ողբերգական է նաև այն պատճառով, որ, փաստորեն, նրանց մասին մտածող չկա: Նրանց մասին չեն մտածում և նրանց վիճակից չեն խոսում նույնիսկ այն պոպուլիստ պատգամավորներն ու նախկին պատգամավորները, ովքեր սովորաբար ու միշտ ժողովրդի շահերից են ելույթներ ունենում:

Եվ դա միանգամայն բնական ու տրամաբանական է: Ի՞նչ խոսեն. բողոքեն ու դժգոհե՞ն, որ իրենց համար տասն անգամ ավելի կենսաթոշակ է նախատեսվում, քան ուսուցիչների, գիտնականների, արվեստագետների, բանվորների և շատ ուրիշների համար: Հետո էլ արդարությունից ու հավասարությունից են խոսում: Մի գլուխ խորհուրդներ են տալիս: Խորհուրդ են տալիս հրաժարվել ընտրակաշառքից: Թոշակառուներից շատ շատերը հրաժարվում էլ են, բայց դրանից իրենց վիճակը չի լավանում: Պատգամավորացուներից մեկն էլ, որ հիմա պատգամավոր է, նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստանում էր, որ եթե պատգամավոր ընտրվի, ամեն ինչ կանի, որ նվազագույն կենսաթոշակը հասցնի քառասունհինգ հազար դրամի: Լավ է, չէ՞. ինքը երեք հարյուր հազար դրամ կենսաթոշակ կստանա, իսկ իր պաշտպանյալները՝ քառասունհինգ:

Մի խոսքով՝ քառասունհինգ ու պակաս ստացողների մասին ոչ ոք չի մտածում: Չեն մտածում, որ այն պետությունը, որի թոշակառուն այս գների ու այս իրականության պայմաններում քառասունհինգ հազար դրամ կենսաթոշակ է ստանում, պետություն կոչվելու իրավունք չունի:

Ես մտածում եմ, բայց ես էլ ելքը չգիտեմ: Երևի բոլորը պիտի մտածեն: Եթե բոլորը մտածեն, միգուցե ելքը գտնվի:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք