Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Տավուշի անմահական բնության գրկում կայացավ «Հայ բույս» ավանդական փառատոնը. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 03,2017 21:12

Արդեն երրորդ տարին է` հուլիսի սկզբին Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կայանում է «Հայ բույս» փառատոնը, որին այս անգամ մասնակցում էր մոտ 1500 այցելու` տեղացիներ, զբոսաշրջիկներ, Երեւանից եւ Հայաստանի այլ մասերից եկած խմբեր:

Հուլիսի 1-ին` շաբաթ օրը, «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրի 7 հեկտար մակերեսով տարածքի վրա տարբեր հարթակներ էին տեղադրված: Բնության անկրկնելի գեղեցիկ այս մասնիկը դարձել էր մի խայտաբղետ պաննո. մի անկյունում յոգայի բացօթյա պարապմունք էր, մեկ այլ տեղ` կավագործություն, քիչ հեռու` խոտերից գորգ էին հյուսում, մեծ կաղնու տակ երեխաների եւ մեծերի համար սենսորային եւ ուսուցողական խաղեր էին, քիչ այն կողմ` բույսերի վերաբերյալ դասընթաց, ավելի հեռվում` ռեզորթի հրաշալի ձիերը պոլո էին խաղում… Փոքրիկ լճակում լողում էին սագերը եւ զովանում լաբրադորները:

Բազմաթիվ տաղավարներում ներկայացված էին խոտաբույսեր, խոտաբույսերից պատրաստված տարբեր արտադրանքներ` խնամքի միջոցներից մինչեւ թեյեր ու մեղեր, անգամ` զարդեր, տարբեր մրգերից եւ հատապտուղներից` հյութեր, բիոգարեջուր… Մի խոսքով` անհնար էր չգտնել քո ճաշակին համապատասխան որեւէ բան: Դե իսկ սարից սար սլացող «զիպլայնի» հերթը չէր ավարտվում:

Այս ամենն ուղեկցվում էր երաժշտությամբ, երգով ու պարով: Հրավիրված էին Միքայել Ոսկանյանն իր  «TurUp» քառյակով, ջութակահարուհի Սոնա Ազարյանը, «Հանգույց» համույթը, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ, Իջևանի «M-STUDIO» պարի խումբը DJ Beatman-ը, Իջևանից «Puzzle’s 5 peaces» խումբը և DJ Համոն եւ այլն:

«Տոնացույց» ժողովրդական թատրոնը ազգային ավանդական երգուպարով, խաղիկներով ուղեկցեց «Հայ բույսի» ավանդական խաղաղության մեծ բրդուճի պատրաստումը` 20 մ երկարությամբ` պանրի տեսակներով եւ հայկական խոտաբույսերով: Ինչպես ներկայացրին «Հայ բույս» փառատոնի համահիմնադիրներ Գայանե Աղայանը եւ Գայանե Չիբուխչյանը` այդ հսկա բրդուճը խորհրդանշում էր ընտանիք (հաց), կյանք (հայկական խոտաբույսեր) և խաղաղություն (պանրատեսակներ): Նրանք նաեւ տեղեկացրին, որ փառատոնի հիմնական նպատակը Տավուշի մարզի հարուստ բուսական աշխարհը՝ որպես կարևորագույն ռեսուրս, ներկայացնել ու տարածելն է:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31