Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյան. «Այն մարդիկ, ովքեր կազմակերպել էին դա, կարծում եմ՝ իրենց դասն առան այդ պատմությունից». «Հրապարակ»

Հուլիս 05,2017 10:34

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի երաժիշտներն ու բալետի պարողները մի քանի օր շարունակ բացատրագրեր գրեցին, թե ով եւ ինչու տապալեց հունիսի 8-ին նախատեսված «Գայանե» բալետի ներկայացումը։ Ու թեեւ թատրոնի գեղղեկավարի տեղակալ Կարեն Շահինյանը նշել էր, որ բացատրագրերը ոչ մի արդյունք չտվեցին, քանի որ ոչ ոք ոչ մեկի անունը չի տվել, այդուհանդերձ, օրեր առաջ որոշ երաժիշտների նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն, իսկ նախկին փոխտնօրեն Նարեկ Անտոնյանն իր վրա է վերցրել կատարվածի պատասխանատվությունը, ինչին, սակայն, օպերային թատրոնում չեն հավատում։

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին մի քանի հարց ուղղեցինք թատրոնում տեղի ունեցող հետզարգացումների մասին։

– Պարոն Ամիրյան, բացատրագրերն ի՞նչ արդյունք տվեցին, 42 հոգու խիստ նկատողություն է տրվել, այդպե՞ս է։

– Հետո 42-ը վերանայվեց եւ դարձավ 26-28, մեղմացրինք չափորոշիչները։

– Այսինքն՝ խոստացված պատիժը դա էր՝ նկատողություն։

– Այո, խիստ նկատողություն, եւ օպերայի ղեկավարությունը որոշում կայացրեց զրկել հավելավճարներից այն մարդկանց, ովքեր ստացել էին խիստ նկատողություն։

– Պարզեցի՞ք, թե ովքեր են կազմակերպիչները։

– Այո, փոխտնօրեններից մեկը՝ Նարեկ Անտոնյանը, որ ստացել էր ազատման ծանուցագիր, գրել էր նաեւ ազատման դիմում՝ ըստ էության, փաստելով ու պատասխանատվությունը վերցնելով իր վրա։

– Բայց, շատերի կարծիքով, կազմակերպիչը նա չի եղել, այլ ուղղակի կատարվածը, հանգամանքներից ելնելով, վերցրել է իր վրա։ Դուք տեղյա՞կ եք դրա մասին։

– Չեմ ուզում ավելի հետամուտ լինել, որովհետեւ եղավ այն, ինչ եղավ, պատժվեցին նրանք, ովքեր չէին մասնակցել ներկայացմանը։ Այսօր արդեն շատ առողջ մթնոլորտ է օպերայում, ներկայացումները նորովի բեմադրվում են, սպասում ենք առաջնախաղերի։ Չեմ ուզում շատ քչփորել, որպեսզի առավել վնաս չհասցնենք ստեղծագործական մթնոլորտին, բայց այն մարդիկ, ովքեր կազմակերպել էին դա, կարծում եմ՝ իրենց դասն առան այդ պատմությունից։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31