Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ի հետ «մեղրամիսն» ավարտված է. սպասենք «ամուսնությանը»

Հուլիս 06,2017 12:00

Հազիվ թե իշխանությունները նպատակ ունենան
տապալել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման գործընթացը

Հունիսի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել` ԵԺԿ ընդլայնված կազմով գագաթնաժողովին, որին մասնակցել էին Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը եւ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ եւ Արեւելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների եւ կառավարությունների ղեկավարները: Սերժ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես էր եկել ելույթով, որում «անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, արձանագրված առաջընթացին, Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության եւ անվտանգության ապահովման խնդիրներին»,- նշվում էր նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:

Այս տարի մարտի վերջին ԵԺԿ համագումարում ունեցած իր ելույթում Ս. Սարգսյանն ուրախությամբ արձանագրեց, որ այս տարին շատ ակտիվ սկսվեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից: «Փետրվարի վերջին տեղի ունեցավ հիրավի պատմական իրադարձություն. Բրյուսելում նախագահ Տուսկի հետ միասին մենք ազդարարեցինք մեր երկկողմ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը: Իսկ ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ արդեն Երեւանում, կողմերը նախաստորագրեցին այն: Նախատեսում ենք Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին ստորագրել այս կարեւոր փաստաթուղթը՝ ապավինելով նաեւ մեր գործընկերների աջակցությանը։ Ուժի մեջ մտնելուց հետո այն նոր էջ կբացի Հայաստան-ԵՄ հարաբերություններում՝ ամրապնդելով դրանց ինստիտուցիոնալ հիմքը, ստեղծելով նոր հնարավորություններ մեր գործընկերության ընդլայնման եւ խորացման համար»: Ս. Սարգսյանը երեք ամիս առաջ նշել էր, որ ՀՀ-ԵՄ գործընկերությունը «հաջողության պատմություն է, հաջողված գործընկերության մոդել, որը մի կողմից՝ Հայաստանի՝ եվրոպական օրակարգի հետեւողականության, մյուս կողմից՝ վերջին տարիներին ԵՄ՝ Արեւելյան գործընկերության երկրների հետ անհատական գործընկերություն զարգացնելու նոր մոտեցման արդյունք է»:

Հունիսի 21-22-ին Ս. Սարգսյանի այցը Բրյուսել տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ որոշակի լարվածության պայմաններում: Եթե Հայաստանում ԵՄ ներկայությունն այլեւս ցանկալի չէ, մենք այն չենք պարտադրի՝ հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Վերջինս, ինչպես հայտնի է, քննադատել էր Հայաստանում ընտրական գործընթացները, առաջարկել էր փոխել ԿԸՀ կազմը, այն քաղհասարակության ներկայացուցիչների ընդգրկմամբ դարձնել «արժանահավատ», ինչին ի պատասխան՝ ՀՀԿ մամուլի խոսնակը հորդորել էր «չմիջամտել երկրի ներքին խնդիրներին»:
ԵՄ-ն մեր երկրի համար խոշոր դոնոր է: Օրեր առաջ ԱԺ-ի եվրաինտեգրման ու ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտնեց, որ անցած տարի ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 27.5 միլիոն եվրո, որից 7 միլիոնը՝ ընտրությունների կազմակերպման համար: Սվիտալսկին եւս նշել էր, որ ԵՄ-ն ԱԺ ընտրությունների անցկացման գործում մեծ եւ էական ֆինանսական օգնություն է ապահովել` 7 մլն եվրոյից ավելի:

Հայաստանն ու Եվրամիությունը հարաբերությունները խորացնելու նպատակով մարտին 21-ին նախաստորագրեցին համապարփակ շրջանակային համաձայնագիր: Սպասվում է, որ կողմերն այն կստորագրեն նոյեմբերին՝ Բրյուսելում, եւ մինչ այդ ԵՄ պաշտոնյաների կողմից հայտարարությունները համարել «պետության ներքին գործերին միջամտություն» առավել քան տարօրինակ է՝ այն առումով, որ ՀՀ պաշտոնյաներն են գոնե իրենց պաշտոնական հայտարարություններում Հայաստանը եվրոպական ընտանիքին մաս կազմող անվանում, հետեւաբար չպետք է անակնկալ համարել եվրոպացիների կողմից այս կամ այն գնահատականը:

ԵՄ-ի հետ բանակցված եւ տարեվերջին ստորագրվելիք համաձայնագիրը առաջին հերթին կարեւոր է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման տեսանկյունից՝ Tert.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ հավելելով, որ առեւտրաշրջանառության մեջ տարիֆների փոփոխություն չի նախատեսվում, ոչ տարիֆային համակարգերի ընթացակարգերի, սերտիֆիկատների հետ կապված փոփոխություններ են լինելու, ստանդարտացում, հավատարմագրում եւ այլն: Ըստ նրա՝ հնարավորություն ենք ստանալու եվրոպական հաջողված փորձը կիրառել մեզ մոտ։ Փոխնախարարի խոսքով՝ ԵՄ-ի հետ առեւտրաշրջանառության մասով արդեն իսկ ունենք դրական դինամիկա. «Անցած տարվա թվային պատկերը ցույց է տալիս, որ ունենք արտահանման աճ, ներմուծման որոշակի չափով անկում, ընդհանուր առեւտրաշրջանառության մեջ ունենք արտաքին հաշվեկշռի սալդոյի դրական դինամիկա»։
Գարեգին Մելքոնյանը հիշեցրել է նաեւ, որ ԵՄ-ի հետ ներկայումս գործում է «GSP+» համակարգը, որը մեծ նշանակություն ունի մեզ համար. աշխարհում այդ համակարգից օգտվում է 8-9 երկիր, որոնք բավարարում են որոշակի չափանիշներ, համակարգի մեջ մտնելուց հետո կարողանում են ապահովել ստանձնած պարտավորությունների կիրարկումը։ «Հայաստանին տրամադրվում է 6000-ից ավելի անուն ապրանքների մասով 0-ական մաքսատուրք դեպի ԵՄ, եթե սրան ավելացնենք Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում ստանձնած 0-ական դրույքաչափերը, ապա ստացվում է, որ մենք 9000-ից ավելի ապրանքների մասով դեպի Եվրոպա ունենք 0-ական մաքսատուրք»,- ասել է նա:

ԵՄ շուկաներ ազատ մուտքի դիմաց Հայաստանը պետք է ապահովի մարդու եւ աշխատանքային իրավունքների ստանդարտները՝ հունիսի 20-ին նշեց Պյոտր Սվիտալսկին: Այդ օրերին Բրյուսելից Երեւան էին ժամանել առաքելություն` «GSP+» ռեժիմի հետ կապված Հայաստանի առաջընթացի մոնիթորինգ անցկացնելու: Նշենք, որ Հայաստանը Generalized System of Preferences (GSP) համակարգին է անցել 2009թ. հունվարի 1-ից: Սկզբում ծրագիրը ներառում էր 16 երկրներ, այդ թվում նաեւ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը, եւ նախատեսված էր 3 տարով: 2014թ. հունվարի 1-ից տեղի ունեցավ անցումը Հայաստանի համար ավելի ճկուն` «GSP+» համակարգին, 9 երկրների հետ միասին:
«Ձեզանից ոմանք կարող են հարցնել` ԵՄ-ն ինչպե՞ս է իրականացնում Հայաստանում մարդու իրավունքների եւ աշխատանքային իրավունքների կոնվենցիաների կատարման մոնիթորինգը: Սա, սակայն, Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ գործարքի մի մասն է: Մեր կարծիքով` սա win-win իրավիճակ է»,- նշել էր Սվիտալսկին` շարունակելով, որ այս ռեժիմը նպաստում է Հայաստանում բարեփոխումների խորացմանը, եւ դրական գնահատման դեպքում դեռեւս կա Հայաստանի եւ, մասնավորապես, հայ արտահանողների համար «GSP+» ռեժիմն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություն. «Սա բարեկամական առաքելություն է, սա հետաքննության առաքելություն չէ: Գործարքը միանգամայն հստակ է. ԵՄ շուկաներին հասանելիության դիմաց յուրաքանչյուր երկիր պետք է ապահովի մարդու իրավունքների եւ աշխատանքային իրավունքների ստանդարտները»:

Այսպիսով, ԵՄ-ն մեր երկրից «GSP+» շրջանակում ստանձնած պարտավորությունների հարցում առաջընթաց է ակնկալում Հայաստանից: Աշխատողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ, ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք եւ անկախ ու արդյունավետ դատական իշխանության բացակայություն. այս երեք հիմնական խնդիրները, ըստ ԵՄ-ի, մտահոգիչ են տնտեսական զարգացումը բարեխիղճ կառավարման հետ համադրելուն ձգտող պետության պարագայում:
Անցյալ ամիս մշտադիտարկման առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵՄ առեւտրի հարցերով խորհրդական Խուուս Հութուին ՀՀ իշխանությունների հետ հանդիպումներից հետո նշել էր, որ քննարկել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց կապակցությամբ «կցանկանային Հայաստանի կառավարության կողմից տեսնել լրացուցիչ գործողություններ»: ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգի ներքո Հայաստանը պետք է ՄԱԿ-ի 27 կոնվենցիաների իրագործման հարցում առաջընթաց ապահովի՝ ասում է Խուուս Հութուինն ու հավելում՝ ակնկալում են կառավարության համարժեք ջանքերը։ ԵՄ պաշտոնյան, իր հերթին, խոստանում է՝ այդ դեպքում ԵՄ-ն կպահպանի 8,7 միլիոն եվրոյի արտոնությունները։

«GSP+» մշտադիտարկման հայաստանյան առաջին առաքելության ղեկավարը նշել էր՝ ցանկալի է, որ արդեն աշնանը Հայաստանի իշխանությունը հստակ գործողություններ ձեռնարկի այն ոլորտներում, որոնք մատնանշված կլինեն պատվիրակության հակիրճ տեղեկանքում։ «Առաջին հաշվետվությունը հրապարակվել է 2016թ. սկզբին, եւ այդ ժամանակին հաջորդած շրջանը մենք անվանել ենք մեղրամիս։ Հիմա ասում ենք, որ մեղրամիսի շրջանն ավարտված է, սկսվում է, պայմանականորեն ասած, ամուսնության շրջանը, որի ընթացքում կողմերը պետք է երկուստեք ջանքեր ներդնեն»,- նշել էր ԵՄ պաշտոնյան:

Հարկ է նշել, որ ԵՄ-ի հարաբերությունների դաշտը բավական ընդարձակ է: Օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցում էր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին, այդ այցի շրջանակում նա հանդիպել էր նաեւ ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Միխաիլ Կոստարակոսի հետ, որի հետ քննարկվել էին Հայաստանի եւ ԵՄ ռազմական օղակների միջեւ համագործակցության հաստատման հնարավորությունն ու հեռանկարները։

Հունիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ԱԺ-ում բյուջետային քննարկումներում հարցին, թե ԵՄ-ի հետ նոր պայմանագրի ստորագրման գործընթացն ի՞նչ փուլում է, պատասխանել էր. «Մենք բանակցել ենք եւ եկել մի ընդհանուր համաձայնության, որ, այո՛, հաշվի առնելով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում՝ կարող ենք համապարփակ նոր համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ, որը շրջանակային լուրջ փաստաթուղթ կլինի մեր հարաբերությունները հետագայում ավելի խորացնելու, զարգացնելու եւ ընդլայնելու համար: Այդ պայմանագիրը, ինչպես հայտարարված է, նախատեսվում է ստորագրել նոյեմբերին՝ Բրյուսելի գագաթնաժողովի ժամանակ»:

Հնարավո՞ր է, որ աշնանը չստորագրվի Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագիրը: Այս մտավախության մասին շատերն են խոսել` չբացառելով, որ Հայաստանի իշխանությունները կարող են նաեւ հրաժարվել ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից: Վերջին շաբաթներին իշխանական շրջանակներից հնչած կոշտ արձագանքը, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին ի պատասխան, կարծես ավելի ինտենսիվացրեց խոսակցությունները, որ գուցե իշխանություններին առանձնապես պետք էլ չէ ԵՄ-ի հետ նման համաձայնագիր ստորագրել եւ նոր պատասխանատվություն ստանձնել: Հազիվ թե իշխանությունները նպատակ ունենան տապալել այդ գործընթացն ու զրկվեն ԵՄ-ի հարաբերությունների խորացումից: Այլ հարց է, եթե նրանք այդ քայլին ստիպված լինեն գնալ արտաքին միջամտության պատճառով` Մոսկվայի դրդմամբ:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

05.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31