Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես «Ոսկե ծիրանը» Մոսկվայի կինոփառատոնից ֆիլմեր «գողացավ» (Տեսանյութ)

Հուլիս 07,2017 15:21

Հուլիսի 7-ին Երևանի քաղաքապետարանում կայացավ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանի համատեղ մամուլի ասուլիսը: Նրանք ներկայացրին հուլիսի 9-16-ը մայրաքաղաքում անցկացվելիք «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի շրջանակում նախատեսված միջոցառումները:

Արամ Սուքիասյանն ասաց, որ փառատոնը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է լինելու, իսկ կինոյի հանրահայտ գործիչների համար ընդունելություն կկազմակերպվի: Նրա ձեւակերպմամբ, «Ոսկե ծիրանը» սիրված է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ մեր կինոսեր հանրության կողմից:

Քաղաքապետի տեղակալը անդրադարձավ նաեւ բացօթյա տարածքներում կինոցուցադրություններին եւ «Մոսկվա» կինոթատրոնի շրջակայքում կայանալիք ջազային համերգներին:

Հարություն Խաչատրյանն էլ փաստեց, որ 14-րդ «Ոսկե ծիրանի» ծրագիրն իրոք շատ հարուստ է եւ բազմազան: Նա ասաց, որ տարիներ շարունակ Երեւանի քաղաքապետարանը իրենց աջակիցների թվում է: Նրա խոսքով՝ շատ դժվար է փառատոն կազմակերպելը: Պարոն Խաչատրյանը չթաքցրեց, որ երբեմն լինում են դժգոհություններ այն ռեժիսորների կողմից, որոնց ֆիլմերը չեն ընտրվում կամ մրցանակներ չեն ստանում:

Ինչ վերաբերում է Կաննի, Վենետիկի, Բեռլինի, Ռոտերդամի փառատոների լավագույն ֆիլմերին, դրանք` շուրջ 20-22 ֆիլմ, կունենան երեւանյան պրեմիերաներ: «Ոսկե ծիրանի» հիմնադիրը փաստեց, որ վերջերս ռուսական լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե «Ոսկե ծիրանը» «գողացել» է այն բոլոր ֆիլմերը, որոնք պետք է լինեին Մոսկվայի կինոփառատոնին: Ի դեպ, Ա դասի փառատոների նման «Ոսկե ծիրանը» «կույս» ֆիլմեր չի ցուցադրում, բայց դրանց գոնե երկրորդ ցուցադրությունը Երեւանում է լինում:

Պարոն Խաչատրյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա «Եղիցի լույս» մրցանակը կշնորհվի Տիգրան Մանսուրյանին:

Ասուլիսի ժամանակ ինֆորմացիոն ծրագրում ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ ֆիլմին էլ անդրադարձ եղավ, որը հանվել է: Հարություն Խաչատրյանն ասաց, որ 14 տարվա ընթացքում փառատոնը որեւէ գրաքննության ու ուղղորդման չի ենթարկվել, ինչ վերաբերում է Մալյան թատրոնում ցուցադրվող ֆիլմերի ցուցադրությանը, դա իրականացնում է Կինեմատոգրաֆիստների միությունն անվճար, որը նկատի ունենալով միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի մահը, որոշել է հեռու մնալ ֆիլմի հետ կապված աժիոտաժից: Պարոն Խաչատրյանը հավելեց, որ ծրագիրը կվերականգնվի հաջորդ տարի, իսկ նշյալ ֆիլմը գեղարվեստական եւ սցենարական առումով արժեքավոր չէր:

Ջո Բեռլինգերի, Ջուջին Քորի, Հյու Հադսոնի եւ մյուսների ֆիլմերը Հայաստան բերելն էլ, ըստ բանախոսի, հեշտ չէ, դրանց համար մեծ գումարներ են անհրաժեշտ, ամիսների քրտնաջան աշխատանք եւ անձնական կապեր:

«Լավ փառատոնի գրավականը լավ ժյուրին է, լավ ֆիլմերը, լավ քաղաքն ու մթնոլորտը: Մեր պարագայում այդ ամենը կա»,-շեշտեց Հարություն Խաչատրյանը:

«Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահը նաեւ հույս հայտնեց, որ 2018-ին կնշվի «Ոսկե ծիրանի» հիմնադրման 15-ամյակը, եւ կբացվեն Սերգեյ Փարաջանովի ու Տիգրան Մանսուրյանի աստղերը` Շարլ Ազնավուրի հրապարակում: Երկուսի 80-ամյակն էլ լրանում է այդ տարի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31