Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի կտոր հող ունենք, էդ էլ ձեռքերիցս տարեք, ստրուկի վերածեք»․ գյուղապետերը՝ համայնքների խոշորացման մասին (Տեսանյութ)

Հուլիս 07,2017 18:52

Այսօր «Մեդիա կենտրոնը» Գյումրու «Բեռլին» հյուրանոցի կոնֆերանսների սրահում հանրային քննարկում էր կազմակերպել «Համայնքների խոշորացում. ավելի արդյունավետ կառավարու՞մ, թե՞ նոր մարտահրավերներ» թեմայով:

Քննարկումն անցավ բավական թեժ մթնոլորտում․ մասնակցում էին Գյումրու հ/կ-ների ամենաակտիվ ներկայացուցիչները, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը ու խոշորացման ենթակա համայնքների գյուղապետեր։ Գյուղապետերը քննադատեցին կառավարության՝ համայնքները խոշորացնելու ծրագիրը՝ ներկայացնելով իրենց մտահոգող հարցերը։

Բասեն գյուղի գյուղապետ Համլետ Պետրոսյանն ասաց․«Մեզ մտահոգողն այն է, որ համայնքի սեփականությունը կխոշորանա։ Սա մեզ համար շատ վտանգավոր է ․մեր համայնքի հիմնական սեփականությունն արոտավայրերն են, հողը, եթե բասենցին ձգտում է ապրել այս երկրում, իր հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն են։ Հիմնականում արոտավայրերն են, վարելահողերն են, դրանք են մեզ պահում մեր անջրդի հողի վրա։Եթե համայնքը խոշորացվեց, ամեն ինչ կենտրոնացավ Ախուրյանում, ավագանու անդամների մեծ մասն էլ Ախուրյանից ընտրվեցին, չգիտեմ խոշորացված համայնքի ղեկավար ով կընտրվի, բայց ավագանու անդամներ հաստատ գիտեմ, որ Ախուրյանից կընտրվեն։Եվ եթե նրանք մեր գյուղի բնակչի կարծիքն առանց հաշվի առնելու վարելահողերը, արոտավայրերն իրենց ձևով տան վարձակալության ու հաշվի չառնեն մեր ցանկությունները, մեր կարծիքը․․․Իսկ էդպես լինում է, դա ընդունված է․ կարող է մեզ առանց հաշվի առնելու մեր հողակտորները վերցնեն, տան։ Եղել են դեպքեր, երբ ես ավագանու նիստ եմ հրավիրել ու դեմ են եղել գյուղի կենտրոնում հողակտորը տալ սպասարկման օբյեկտ սարքելու համար։ Էս դեպքում շատ հանգիստ կարող են հաշվի չառնել մեզ, չհարցնեն՝ բնակիչները ուզո՞ւմ են, թե՞ ոչ»,- նեղվեց Բասենի գյուղապետը։

«Բիոսոֆիա» հ/կ նախագահ Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ համայնքների ունեցվածքի խոշորացում է տեղի ունենում, որի մասին, սակայն, խոսք չի գնում։ Մինչդեռ, ըստ բանախոսի, Սահմանադրության մեջ նշվում է, որ պետությունը երաշխավորում է սեփականության իրավունքը։ «Համայնքի սեփականության իրավունքը տվյալ դեպքում չի երաշխավորվում,միացնում է այլ համայնքների սեփականությունների հետ, որի կառավարման մեջ համայնքների ձայները փոշիանում են»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։ Նա նաև նշեց, որ այն ճանապարհները, որոնք նախկինում միջհամայնքային էին ու դրանց վերանորոգման ծախսերը պետությունն էր հոգում, հիմա դառնում են ներհամայնքային ու ծախսերը դրվում են համայնքի բյուջեի վրա։

«Էս բոլոր խնդիրների արդյունքում երևում է մի հստակ գիծ, պետությունը հնարավորինս քիչ գումարներ է ուղղորդում դեպի համայնքներ, և պետությունը փորձում է իր ձեռքերը լվանալ տեղական մակարդակում տարբեր որոշումներ կայացնելու ու ներդրումներ կատարելու գործընթացներից։Եվ առաջին քայլերից երևում է, որ մասնավորեցումներ են, այսինքն` տարբեր բիզնեսմեններ են գալու, փորձելու էդ համայնքները զարգացնել։ Արդեն խոսք է գնում մի քանի համայնքներում երկու- երեք հազար հեկտարներով հող գնելու կամ վարձակալությամբ վերցնելու, դրանք օգտագործելու մասին, որը պետք է լինի տեղի բնակչության հերթական արտագաղթի հաշվին կամ տեղի բնակչությունը վերածվելու է պարզապես աշխատուժի։ Եթե հիմա ինքն է համարվում տերը, հետո մի բիզնեսմենի մոտ համարվում է աշխատող։ Մենք էս եղանակով Հայաստանի Հանրապետությունում ձևավորելու ենք մինիմում ֆեոդալական կարգեր, եթե չասեմ ստրկատիրական»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։ Ըստ նրա, խոշորացման դեպքում այլևս չեն լինելու սահմանամերձ համայնքներ, որի արդյունքում այդ համայնքներն ավելի շուտ կդատարկվեն։

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, սակայն, մասնակիցների բարձրաձայնած բոլոր հարցերին ակտիվորեն հակադարձում էր։ Նա նշեց, որ դեռևս 1996 թվականին Հայաստանում վարչատարածքային առաջին բաժանումով արդեն իսկ կային 61 խոշորացված բազմաբնակավայր համայնքներ։ Պաշտոնյան նշեց, որ խոշորացումը նոր բան չէ, մեջբերեց հարևան Վրաստանի, Դանիայի օրինակը, որտեղ խոշորացումները կատարվել են շատ արագ։ Վերջինս ասաց, որ խոշորացված նախկին համայնքները, որոնք դառնում են բնակավայրեր, կունենան իրենց վարչական ղեկավարները, իսկ նրանք կլինեն ոչ թե ընտրովի, այլ նշանակովի։ Իսկ ավագանու հետ կապված, խորհուրդ տվեց, որ օրինակ Բասենից որպես ավագանու անդամ առաջադրեն ոչ թե 7-8 հոգու, որոնք կմրցակցեն միմյանց հետ, այլ այնպիսի անձի, որը կկարողանա մրցակցել ու տեղ գրավել խոշորացված համայնքի ավագանու կազմում։

Նկատենք, որ պաշտոնյան քննադատության արժանացավ գյուղերի բնակիչների հետ չհանդիպելու, բնակիչների կարծիքը նախապես չլսելու համար։

Այսպիսով` Շիրակի մարզում նոյեմբերին 8 համայնքներ՝ Ախուրյանը, Այգաբացը, Արևիկը, Բասենը, Կամոն, Կառնուտը, Հովիտը,, Ջրառատը միավորվելով՝ կձևավորեն Ախուրյանը։

15 համայնքներ՝ Մայիսյանը, Լեռնուտը, Կապսը, Կարմրաքարը, Կրաշենը, Հացիկը, Հովունին, Մարմաշենը, Մեծ Սարիարը, Շիրակը, Ջաջուռը, Ջաջուռավանը, Վահրամաբերդը, Փոքրաշենը, Քեթին միավորվելով՝ կձևավորվեն Մարմաշենը։ Իսկ 17 համայնքների՝ Մարալիկի, Աղինի, Անիավանի, Անիպեմզայի, Բագրավանի, Գուսանագյուղի, Իսահակյանի, Լանջիկի, Լուսաղբյուրի, Հայկաձորի, Ձիթհանքովի, Ձորակապի, Շիրակավանի, Ջրափիի, Սառնաղբյուրի, Սարակապի, Քարաբերդի միավորումից էլ կձևավորվի Անի համայնքը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31