Լրահոս
Օրվա լրահոսը

Ակի Կաուրիսմյակի. նախկին փոստատար ու «Արծաթե արջի» ներկա մրցանակակիր

Հուլիս 07,2017 22:11

14-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Երեւանյան պրեմիերաների» թվում է Դուբլինի միջազգային կինոփառատոնի մրցանակին եւ Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Արծաթե արջին» արժանացած և մեծ աղմուկ հանած ֆինն կինոռեժիսոր Ակի Կաուրիսմյակիի «Հույսից անդին» ֆիլմը` The other side of hope (Ֆինլանդիա/Գերմանիա):

Ակի Կաուրիսմյակին կարիերան սկսել է որպես ավագ եղբոր՝ Միկա Կաուրիսմյակիի ֆիլմերի սցենարիստ-համահեղինակ և դերասան: Միասին հիմնել են Villealfa Filmproductions ընկերությունը, իսկ հետագայում՝ Midnight Sun (Կեսգիշերային արև) կինոփառատոնը: Անկախ ռեժիսորի նրա առաջնեկը «Ոճիր և պատիժ»-ն էր (1983)՝ Դոստոևսկու վեպի էկրանավորումը, որտեղ գործողությունը տեղափոխված է ժամանակակից Հելսինկի: Կաուրիսմյակին միջազգային ճանաչման է արժանացել «Լենինգրադյան կովբոյներն Ամերիկա են մեկնում» ֆիլմով (1989):

1989-ին կնոջ հետ գաղթել է Պորտուգալիա՝ հայտարարելով. «Ամբողջ Հելսինկիում ոչ մի վայր չի մնացել, որտեղ կարողանամ կինոխցիկս դնել»: Նրա «Արիել» ֆիլմին Մոսկվայի 16-րդ կինոփառատոնում շնորհվել է FIPRESCIի մրցանակը: «Առանց անցյալի մարդը» Կաուրիսմյակիի ամենահայտնի ֆիլմն է, որը 2002-ին Կաննի կինոփառատոնում արժանացել է մրցանակին, իսկ 2003-ին «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգով ներկայացվել «Օսկարի»: Ռեժիսորը հրաժարվել է մասնակցել մրցանակաբաշխությանը՝ հայտարարելով, թե չի կարծում, որ պատերազմական վիճակում գտնվող երկրում կարող է խրախճանքի մասնակցել:

Կաուրիսմյակիի հաջորդ՝ «Լույսեր մթնշաղում» ֆիլմը ևս հայտնվել է «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում՝ որպես Ֆինլանդիայի հավակնորդ, բայց Կաուրիսմյակին կրկին բոյկոտել է օսկարյան մրցանակաբաշխությունը և հրաժարվել առաջադրվելուց՝ ի նշան բողոքի ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի արտաքին քաղաքականության:

2002-ին Կաուրիսմյակին բոյկոտել է նաև Նյու Յորքի 40-րդ կինոփառատոնը` ի համերաշխություն իրանցի ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի, որին մուտքի արտոնագիրը ժամանակին չէին տրամադրել փառատոնին մասնակցելու համար: Բեռլինի 67-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ Կաուրիսմյակիի «Հույսից անդին» ֆիլմը արժանացավ «Արծաթե արջի», նա հայտարարեց, որ սա իր վերջին ռեժիսորական աշխատանքն է:

«Հույսից անդին» ֆիլմը կազմված է երկու պատմությունից: Առաջինը ընտանիքը կորցրած երիտասարդ սիրիացի փախստական Խալեդի մասին է: Նա պատահմամբ հայտնվում է բեռնատար նավի վրա և ապաստան փնտրելու համար դեպի Հելսինկի լողում ՝ որպես անտոմս ուղևոր Մյուս հերոսը՝ Վիկստրյոմը, տղամարդու վերնաշապիկների և փողկապների շրջիկ վաճառական է: Ֆիլմի սկզբում Վիկստրյոմը թողնում է հարբեցող կնոջը, հիմնական զբաղմունքը եւ տարվում փոկերով: Թե ինչպես են խաչվում Խալեդի եւ նրա ճակատագրերը, պետք է տեսնել ֆիլմում:

Վիկստրյոմը Խալեդին աման լվացողի աշխատանք է առաջարկում իր ռեստորանում: Ի դեպ, ռեժիսոր Ակի Կաուրիսմյակին եւս նախքան կինոյով զբաղվելը ափսեներ է լվացել ու փոստատար աշխատել: Ինչ վերաբերում է նրա` եղբոր հետ միասին հիմնադրած Villealfa ընկերությանը, այն այդպես են կոչել ի պատիվ Ժան Լյուկ Գոդարի «Ալֆավիլ» ֆիլմի:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31