Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը` Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ

Հուլիս 08,2017 18:54

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մինչ կոնֆերանսի աշխատանքները սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած չորս տարիների ընթացքում կյանքից հեռացած ֆեդերացիայի իրենց գործընկերների՝ Աշոտ Անաստասյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Ստեփան Ավագյանի, Արմեն Նիկողոսյանի, Էդուարդ Մնացականյանի, Ռոբերտ Բունիաթյանի և Ալբերտ Արուտյունովի հիշատակը:

Օրակարգի շրջանակներում կոնֆերանսն ամփոփել է հաշվետու ժամանակահատվածում՝ 2013-2017 թվականներին ֆեդերացիայի կատարած աշխատանքները, նախանշել հետագա անելիքները, ինչպես նաև լսել վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը և անցկացրել ֆեդերացիայի նախագահի ու նախագահության կազմի ընտրություններ: Քննարկվել են նաև ընթացիկ հարցեր:

Հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները ներկայացրել է ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը: Քննարկման արդյունքում այն գնահատվել է դրական: Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը ներկայացրել է հանձնաժողովի հաշվետվությունը, որը հաստատվել է կոնֆերանսի պատգամավորների կողմից:

Այնուհետև տեղի են ունեցել ֆեդերացիայի ղեկավար մարմինների՝ նախագահի և նախագահության կազմի ընտրությունները: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Կոնֆերանսի պատվիրակները քննարկել և հաստատել են ֆեդերացիայի նախագահության և վերստուգիչ հանձնաժողովի կազմերը:

Ընտրություններից հետո կայացել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նորընտիր նախագահության առաջին նիստը:

Նախագահությունը, ֆեդերացիայի կանոնադրության համաձայն, հաստատել է նախագահի տեղակալների, գործադիր տնօրենի, գլխավոր քարտուղարի թեկնածությունները, ովքեր մտնում են ֆեդերացիայի խորհրդի կազմի մեջ: Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ է ընտրվել Սմբատ Լպուտյանը, տեղակալներ` Տարոն Մարգարյանը, Լևոն Յոլյանը, գործադիր տնօրեն՝ Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար՝ Միքայել Անդրիասյանը: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ է վերընտրվել Վանիկ Զաքարյանը:

Նիստում հաստատվել են նաև ֆեդերացիայի հանձնաժողովների ցուցակը և հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆեդերացիայի անունից այսօր Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե մեդալով պարգևատրել է ֆեդերացիայի երկու վաստակաշատ վետերաններին՝ Յուրի Առուստամյանին և Ալյոշա Խաչատրյանին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31