Ինչո՞ւ էր կաթսան սևացել (պատմվածք)

Ինչո՞ւ էր կաթսան սևացել (պատմվածք)

Վերջերս Փայլակը բավականին մոռացկոտ է դարձել, երևի պատկառելի տարիքը և մենակությունը իրենց չար գործն են կատարում: Բայց այս անգամ կրկնվեց մի քանի օր առաջ տեղի ունեցածի ավելի վատթարագույն տարբերակը:

Նա իր համար սովորություն է դարձրել առավոտյան սուրճը եռացրած կաթի ու շաքարավազի հետ խմել, քանի որ կասկածանքով է մոտենում կաթի գործարաններում մանրէազերծված (ստերիլիզացված) կաթի անվտանգությանը: Առաջին անգամ կաթը եռացնելուց հետո, թողնում է, որ այն սառի, հասնի սենյակային ջերմաստիճանի, որից հետո դնում է սառնարանում:

Հաջորդ օրերին, առավոտյան կաթը նույն ամանում, գազօջախի վրա տաքացնում է որոշակի աստիճանի, ապա լցնում սուրճի և շաքարավազի խառնուրդով բաժակի մեջ, ճշտակատարությամբ խառնում այն՝ մինչև սուրճն ու շաքարավազը կաթի հետ դառնում են մի ընդհանուր զանգված, որից հետո վայելում է այն կում-կում, ինչպես արհեստավարժ սուրճ խմողները:

Ամեն անգամ կաթը եռացնելուց նա հիշում է իր երջանկահիշատակ մայրիկի ասածը, որը ըստ պրոֆեսոր Բոշյանի վարկածի՝ կաթը անպայման պետք է եռացնել՝ բրուցելյոզով չվարակվելու համար:

-Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր սուրճը առանց շաքարավազի և առանց կաթի են խմում: Մարդ էլ սուրճը դառը կխմի՞,-զարմանքով պատասխանում է Փայլակը,-երբ հյուր գնալիս կամ սրճարանում այն պատվիրելիս, հարցնում են՝ սուրճը դառն ե՞ք խմում, թե՞ քաղցր:

Այդ չարաբաստիկ օրը, երբ առավոտյան նա սառնարանից հանեց կաթի ամանը, տեսավ, որ բավականին քիչ կաթ է մնացել այնտեղ, որոշեց, որ անպայման ուշադիր կհսկի, որ այն չեռա և չթափվի, ինչպես անցյալ անգամ եղավ:

Նա հատկապես զայրանում է կաթի այդ աններելի հատկության վրա, որ եթե չհետևես, կեռա, վայրկենապես կբարձրանա ու կթափվի գազօջախի վրա, որը կարող է առաջացնել անկանխատեսելի հետևանքներ: Այդ իսկ պատճառով, նա անպայման ուշադիր հսկում է մինչև այն պահը, երբ կաթը սկսում է փոքրիկ պղպջակներ արձակել և հենց այդ ժամանակ էլ անջատում է գազօջախը ու կաթը լցնում սուրճի ու շաքարավազի խառնուրդի վրա, մանրակրկիտ խառնում և ապա այն վայելում՝ համակարգչի մոտ նստած աշխատելիս:

Այս անգամ էլ, կաթի ամանը դնելով գազօջախի վրա՝ նա համբերատար սպասում էր նրա եռալու պահին, բայց հանկարծ հիշեց, որ լվացքի մեքենան պետք է դնել քամելու ռեժիմի վրա ու գնաց լոգարան:

«Մինչև կաթը տաքանա, կհասցնեմ ետ գալ»,-մտքում որոշեց Փայլակը:

Գնաց լոգարան, լվացքի մեքենան, որ մի ժամ առաջ միացրել էր ու արդեն կանգ էր առել, փոխադրեց քամելու ռեժիմի վրա, սպասեց մինչև այն գործընթացը ավարտի, ապա անջատեց մեքենան, հանեց այնտեղից լվացված շորերը, լցրեց պլաստմասսայից պատրաստված մեծ ամանի մեջ ու գնաց պատշգամբ, որպեսզի այն փռի պարանին: Իսկ կաթի մասին այլևս մոռացել էր:

Նախ սրբեց իրենց պատշգամբից մինչև դիմացի շենքի պատշգամբը ձգվող մետաղյա պարանը, որ շորերը չկեղտոտվեն նրա վրա փոշուց ու անձրևից առաջացած նստվածքից, ապա լվացված շորերը հերթով փռեց պարանի վրա՝ ամրակներով դրանք խնամքով ամրացնելով:

Ավարտեց լվացքի փռման գործընթացը և պլաստմասսայից պատրաստված դատարկ ամանը վերցնելով պատրաստվեց բացել ննջարանի դուռը, որպեսզի ներս մտնի, երբ պատուհանագոգին դրսի մասից տեսավ այն հարթաշուրթը (պլոսկոգուբցին), որին երկու օր էր, որ փնտրում ու չէր գտնում:

Այդ օրն էլ էր հիշել հարթաշուրթի կորստյան մասին, քանի որ նրա անհրաժեշտությունը զգացել էր ինչ-որ գործ անելիս: Մի քանի կասկածելի տեղ նայել էր, որտեղ պետք է գտնվեր հարթաշուրթը, բայց ապարդյուն: Այն չկար ու չկար: Իսկ հիմա գործիքը հայտնվեց պատշգամբում՝ լուսամուտի գոգին, որը մնացել էր այնտեղ մի քանի օր առաջ ինչ-որ գործ կատարելիս ու մոռացել էր դնել իր մշտական և հիմնական տեղը՝ միջանցքի խորդանոցի (չուլան) երկաթյա արկղի մեջ:

Հենց այդ ժամանակ էլ նորից հիշեց իր մայրիկին, որը միշտ ասում էր, որ սկլերոզ (կարծրախտ) ունի: Իսկ ինքը, երբ մի անգամ հարցրեց մայրիկին, թե ի՞նչ բան է սկլերոզը, նա առանց բացատրելու նրա էությունը, ասաց.

-Կմեծանա՛ս, կհասկանա՛ս:

Իհարկե, հիմա նորից հիշեց մայրիկի ասույթը, բայց բավականին ուրախացավ, որ իր սիրելի հարթաշուրթը վերջապես գտնվեց:

Բայց զավեշտականն այն է, որ այդ միջոցին էլ աչքին ընկան պատշգամբի անկյունում վաղուց ծվարած մի քանի փայտակտորները, որոնք երկու տարի առաջ ավագ որդին կտրել, հանել էր ննջարանի հատակի շրիշակի (պլինթուս) մահճակալին խանգարող մասից, որ այն նորմալ տեղավորվի, բայց նրանց վրայից չէր հանել երկար, ծռմռված ու ժանգոտած մեխերը, որոնք ամեն անգամ նրա ձեռքը ճանկռում էին, երբ բացում էր պատշգամբի խորդանոցի դուռը:

Դե՛, քանի որ ամեն անգամ այդ ծռմռված մեխերը տեսնելուց որոշում էր դրանք հանել, բայց միշտ էլ թողնում էր մի ուրիշ անգամվա, այսօր գտնելով կորած հարթաշուրթը այնպիսի տեղից, որ բնավ չէր պատկերացնում, որոշեց կատարելու վճռական քայլը՝ հանել տախտակի վրայի մեխերը, որից հետո տախտակները այնպես տեղավորել պատշգամբում, որ իրեն այլևս չխանգարեն խորդանոցի դուռը բացելիս:

Այս գործընթացը բավականին ժամանակ խլեց նրանից, քանի որ ծռմռված մեխերը մնալով բաց պատշգամբում ձմեռվա ցրտից ու գարնան անձրևներից ավելի էին ժանգոտվել և դժվար էին դուրս գալիս իրենց զբաղեցրած տեղերից:

Պողպատյա մեխերը մեծ դժվարությամբ հանելուց հետո, նա նկատեց, որ պատշգամբի հատակը այդ գործողություններից հետո կեղտոտվել է՝ փայտի կտորտանքներից ու մեխերի վրայից թափված ժանգից:

Վերցրեց այնտեղ գտնվող ավելը, հավաքեց աղբը ու որոշեց գնալ ներս, որպեսզի ցելոֆանե տոպրակ բերի, աղբը լցնի նրա մեջ, որ դուրս գնալիս հետը տանի ու թափի հասարակական աղբանոցում, բա՛, հո ինքը հարևան Սեդրակի նման աղբը ներքև չէր շպրտելու իրենց երրորդ հարկի բնակարանի պատշգամբից:

Երբ բացեց ննջարանի դուռը, որպեսզի ներս մտնի, ինչ-որ տհաճ, ծխախառն հոտ խփեց դեմքին:

-Էլի ինչ-որ մեկը երևի հակառակ կողմի պատշգամբում բադրիջանի խորոված է անում,-արտասանեց Փայլակը ու առաջ գնաց, որպեսզի բացված պատուհանը փակի, որ տհաճ հոտը ներս չգա, բայց երբ հասավ միջանցք, արդեն նկատեց ծխի թեթևակի առկայությունը, իսկ խոհանոցում արդեն թանձր ծխի միջից տեսավ գազօջախի վրայի ինչ-որ սևացած առարկան:

Դուք արդեն հասկացաք, որ կաթը, իր քչության պատճառով չէր կարողացել այնքան բարձրանալ, որ թափվեր ու գազը հանգցներ՝ դրանից բխող անկանխատեսելի հետևանքներով, այլ բարձրանալով դեպի կաթսայի պռունկները, ծորացել էր մինչև ամանի միջնամասի սահմանագիծը, այրվել էր ու մոխիր դարձել: Կաթնամանը ներսից ամբողջովին սևացել էր, սևացած կաթը ամուր կպել էր նրա պատերին ու հատակին, իսկ չորացած կաթը դեռ ահագնորեն ծուխ էր արձակում:

«Էս կաթնամանը շառ է, անցյալ անգամ էլ այսպես եղավ, երբ գնացի համակարգչի մոտ, կիսատ թողած շախմատի պարտիան ավարտելու ու մոռացա կաթի մասին»,-մտքում կմկմաց Փայլակը ու անջատելով գազօջախը, արագությամբ բացեց բոլոր սենյակների պատուհանները, միացրեց խոհանոցի ու լոգարանի փոքրիկ օդափոխիչները, ապա նաև գործի դրեց երկու մեծ շարժական օդափոխիչները, որոնք բարեբախտաբար, հասանելի տեղում էին գտնվում:

Անցյալ անգամ կաթնամանը այնպես էր սևացել, որ երկարատև ու մանրակրկիտ մաքրելուց հետո, Փայլակը նկատել էր, որ ամանի մի քանի մասերում էմալն թեթևակի վնասվել էր, բայց դեռ պիտանի էր օգտագործման համար:

-Հաջորդ անգամ ավելի ուշադիր կլինեմ,-ինքն իրեն խոստացավ Փայլակը, իսկ որպեսզի ինքնադատաստան տեսնի իր անփութության համար և սթրեսային վիճակից ավելի արագ դուրս գա, խոհանոցի ծխահոտ միջավայրում սրճամանի մեջ լցրեց պահարանից դուրս բերված սուրճը, ավելացրեց շաքարավազ ու ջուր, դե, կաթը այլևս մոխիր էր դարձել, դրեց գազօջախին ու մնաց այնտեղ այնքան ժամանակ, մինչև սուրճը հասավ եռման աստիճանին:

«Բա հո չէի թողնի, որ կաթի նման սևանար, առանց այն էլ սուրճը արդեն սև է»,-գյուտ արածի նման մտածեց Փայլակը, վերցրեց սուրճի բաժակը, գնաց, նստեց համակարգչի մոտ և սկսեց շարունակել երեկվա կիսատ թողած շախմատի պարտիան:

Հաղթանակով ավարտելով շախմատային մենամարտը, նա վերադարձավ խոհանոց, վերցրեց արդեն սառած կաթնամանը, այն դրեց ցելոֆանե տոպրակի մեջ, կողքին էլ տեղավորեց աղբամանից հանած աղբի տոպրակը ու որոշեց տանից դուրս գալուց հետը տանել և նետել հասարակական աղբամանի մեջ, քանի որ երկրորդ անգամ այրված կաթսան այլևս հնարավոր չէր մաքրել և օգտագործման համար պիտանի դարձնել:

Այս պատահարից հետո Փայլակը երկար մտորումների մեջ ընկավ և վերջնականապես որոշեց, որ այլևս եռացրած կաթով սուրճ չի խմի, քանի որ արդեն նրա մոտ սովորություն էր դարձել կաթնամանը մոռանալ գազօջախի վրա, ինչքան էլ որ մտքում որոշում էր ամանից հեռու չգնա՝ մինչև ապերախտ կաթը չեռա:

Իսկ երբեմն, երբ ցանկություն է առաջանում կաթով սուրճ խմել, նա գերադասում է այն օգտագործել սառը վիճակում, բայց այս դեպքում էլ կասկածը մնում է մեջը, որ հանկարծ կարող է բրուցելյոզով հիվանդանալ:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք